ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ապրում եմ Արմավիրի մարզի Ամասիա գյուղում: 86 տարեկան թոշակառու եմ, 2-րդ կարգի հաշմանդամ: Ապրում եմ կնոջս հետ, որը 88 տարեկան է, աշխատանքի վետերան եւ շաքարով հիվանդ: Ինձ հետաքրքիր է, թե արդյոք նման կարգավիճակ ունեցող մարդկանց պետությունը տնամերձ հողերի հարկից կարող է ազատել կամ գոնե մի փոքր զեղչեր ու արտոնություններ կիրառել:

Պետրոս Պետրոսյան, 86 տարեկան, թոշակառու


ՊԱՏԱՍԽԱՆ.
Այս դեպքում որեւէ արտոնություն սահմանված չէ: Միայն 50 տոկոսի չափով զիջում է նախատեսվում գիտահետազոտական կենտրոնների կամ կազմակերպությունների համար իրենց հետազոտություններն անցկացնելու նպատակով: Իսկ հաշմանդամության կարգը, առողջական խնդիրը, տարիքն ու այլ առանձնահատկությունները կապ չունեն: Դրանք հողի հարկի վճարի զիջման համար հիմք չեն: Միայն վերը նշված պայմաններում կարելի է հողի հարկի զիջում ստանալ: Մնացած բոլոր դեպքերում հարկն ամբողջությամբ վճարման ենթակա է: Կարծում եմ՝ Պետրոս պապիկն ինքն է ենթադրել, որ կարող է իր պարագայում հողի հարկի վճարման զեղչեր ստանալ:

Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հերմինե Վարդանյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թեեւ տարօրինակ է, թե ինչպես է 80-ն անց պապիկը հող մշակում, այսուհանդերձ, երեւույթն ինքնին խրախուսելի է, եւ արժեր վերջինիս համար հողահարկի հատուկ զեղչեր կիրառել: Ի վերջո, օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով հիմա շատերն են հող մշակելուց հրաժարվում: Ու երբ նման տարիքի մարդը ոչ միայն հողագործությունից չի հրաժարվում, այլեւ հարկեր վճարելու պատրաստակամություն է հայտնում, ապա, ինչպես նշեցինք, նրա համար ինչ-որ բան պետք է մտածել:




Լրահոս