32-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԻՆ ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հուլիսի 26-ին Գեղարքունիքի մարզի  Նորակերտ գյուղի տարածքում մի խումբ երիտասարդների միջեւ տեղի ունեցած վիճաբանության արդյունքում 21-ամյա Վարդան Գալստյանն իր մոտ եղած դանակով մարմնական վնասվածքներ է պատճառել երկու անձնավորության, որոնցից 32-ամյա Վարդան Մանուկյանն այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:  
Վարդենիսի բնակիչները «Ժողովուրդ»-ին պատմեցին, որ նշված օրը դանակահարված Վարդան Մանուկյանն իր ընտանիքի հետ գնացել է Սեւան՝ հանգստանալու: Կողքի «սեղանին» հավաքված են եղել մի խումբ երիտասարդ տղաներ, որոնք ուտել-խմելուց հետո սկսել են բարձր-բարձր հայհոյել: Վարդանը մոտեցել է երիտասարդներին եւ զգուշացրել, թե` տղանե՛ր, մեր ընտանիքի անդամների հետ ենք, հետներս կին կա, մի՛ հայհոյեք: Երիտասարդներն էլ, թե` հարց չկա:
Սակայն որոշ ժամանակ հետո երիտասարդները շարունակել են իրենց պահել նույն կերպ՝ ուտել, խմել ու բարձր հայհոյել: Երկրորդ նախազգուշացումը եւս տղաներն ընդունել են «ի գիտություն»: Որոշ ժամանակ հետո, երբ նրանք շարունակել են հայհոյել, Վարդանը կրկին փորձել է զգուշացնել տղաներին: Սակայն վերջիններս արդեն լավ կերած-խմած են եղել ու չեն էլ լսել նրան. սկսել են բղավել. «Դու ո՞վ էղար, որ գաս, մեզ բան զգուշացնես», ու հայհոյանքների «տեղատարափ են թափել»: Առավել ակտիվ ու աչքի ընկնողը եղել է Նորակերտի գյուղապետի որդին` Վարդան Գալստյանը:
Հոխորտալուց հետո երիտասարդները նստել են իրենց մեքենաներն ու արագ հեռացել Սեւանի ափից: Իսկ Վարդանի ընկերները, տեսնելով դա, հավաքվել են ու ընկել այդ խմբի հետեւից: Արդեն Նորակերտ-Գեղամասար ավտոճանապարհին Վարդանի ընկերներին հաջողվել է կանգնեցնել հարբած երիտասարդների խմբին: Ինչ-որ ծառի տակ նրանք որոշել են պարզել, թե ինչու են հայհոյել: Վիճաբանությունն այնքան է թեժացել, որ 32-ամյա Վ. Մանուկյանը սկսել է քաշքշել 21-ամյա Վ. Գալստյանին, վերջինս էլ հանել է իր մոտ եղած դանակն ու հարվածներ հասցրել Մանուկյանին եւ 23-ամյա Արսեն Բուդոյանին:
Դանակահարված երիտասարդներին անմիջապես տեղափոխել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ Մանուկյանը ենթարկվել է վիրահատության, այնուհետեւ տեղափոխվել Երեւան: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դանակահարողի` 21-ամյա Վ. Գալստյանի «թիմակիցները» եղել են՝ 21-ամյա Գագիկ Առաքելյանը, 21-ամյա Եսայի Ղազարյանը, 21-ամյա Վանիկ եւ Ղուկաս Սարգսյանները եւ Պողոս Մարգարյանը: Տեղեկացանք նաեւ, որ վիճաբանությունը Սեւանի ափին տեղի է ունեցել ժամը 19:00-ին, իսկ Մանուկյանին հոսպիտալ են տեղափոխել ժամը 21:50:
Երեկ փորձեցինք Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում զրուցել Վարդանի հարազատների հետ` հասկանալու համար, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Խոսեցինք նրա եղբոր` Գրիգորի հետ, ում ասելով` իրենց համար անհասկանալի է, թե ինչից է առաջացել վեճը, եւ պարզ չէ, թե ինչ վիճակում է գտնվում եղբայրը: Վարդանի հարազատները հիմնականում հրաժարվում էին մեզ հետ զրուցել, միայն նշում էին, թե «բանից անտեղյակ» են: Հայրը` Աշոտ Մանուկյանը, հայտնեց, թե տեղյակ չեն ոչ մի բանից, արդեն քանի օր է՝ սպասում են, թե բժիշկներն ինչ են ասելու:
«Ժողովուրդ»-ը զրուցեց հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Գագիկ Մանուկյանի հետ. «Վարդան Մանուկյանին դանակահարել են, վիրահատել են Վարդենիսի հոսպիտալում, այնուհետեւ զանգահարել են մեզ եւ ասել, թե տեղափոխում են հիվանդանոց, թոքի հետ կապված վնասվածք է ունեցել, որը չեն կարողացել բուժել, մենք շարունակում ենք բուժումը վերակենդանացման բաժանմունքում: Ինքը գիտակցություն ունի, այնպիսի վիճակ չէ, որ վերակենդանացման բաժանմունքից տեղափոխենք հիվանդասենյակ, վիճակը միջին ծանրության է»: Իսկ ինչ վերաբերվում է Արսեն Բուդոյանին, ապա նրա առողջական վիճակն ավելի լավ է:
Նշենք, որ վարդենիսցիները լավ են ճանաչում 21-ամյա Վարդան Գալստյանին, քանի որ վերջինս հաճախ է նման պատմությունների մեջ ընկնում: Մեզ հետ զրույցում Վարդենիսի բնակիչները հայտնեցին, որ ժամանակին Վարդանի հայրը եւս իրեն նման արարքներ է թույլ տվել եւ անպատիժ մնացել:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացանք, որ կռվին մասնակցած վերը նշված երիտասարդները ստորագրությամբ ազատ են արձակվել: Կատարվում է քննություն:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս