ԻՆՉԵՐ ԿԿՈՐՑՆԵՐ Գ. ԾԱՌՈՒԿՅԱՆԸ, ԵԹԵ ԱՌՃԱԿԱՏՄԱՆ ԳՆԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումից ու հաշտությունից հետո պարզ է դառնում, որ ԲՀԿ առաջնորդին պատկանող ընկերություններում ստուգումները դեռ չսկսված, ավարտվել են: Որպես հաշտության ժեստ՝ Սերժ Սարգսյանը, ըստ ամենայնի, կհանձնարարի դադարեցնել ստուգումներն, ու այդպես ԲՀԿ առաջնորդն «անառիկ» կպահի իր բիզնեսները: «Ժողովուրդը» կներկայացնի, թե ըստ պաշտոնական տվյալների՝ որքան կարողություն ունի Գագիկ Ծառուկյանը` այդպիսով ի ցույց դնելով, թե իր հաշտության քայլով ինչեր կարողացավ պահպանել ԲՀԿ առաջնորդը:

Իր կարողությամբ տեր եւ տիկին Ծառուկյանների հետ մրցել չի կարող Հայաստանի ոչ մի պաշտոնյա. նրանք անգերազանցելի են: Համոզվելու համար բավական է մեկ անգամ նայել Գ. Ծառուկյանի` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված գույքի եւ ունեցվածքի հայտարարագիրը:
Գագիկ Ծառուկյանը 2013 թվականին 4,8 միլիարդ դրամ արժողությամբ հասարակական շինության առք եւ վաճառք է կատարել: Նա նաեւ վաճառել է իր ունեցած հողամասերից մեկը՝ 100,2 միլիոն դրամ արժողությամբ: ԲՀԿ առաջնորդը 2 հատ «Toyota Land Cruiser 2.0» մակնիշի ավտոմեքենա է գնել՝ յուրաքանչյուրի համար վճարելով 18,2 միլիոն դրամ:
ԲՀԿ առաջնորդի դրամական ունեցվածքը 2013 թվականին կազմել է 25,8 միլիարդ դրամ, 41,3 միլիոն դոլար եւ 23,3 միլիոն եվրո: Պատգամավորը հարկային տարում ունեցել է 1,8 միլիարդ դրամի, 25 միլիոն դոլարի եւ 150 հազար եվրոյի եկամուտ կանխիկ փողով, ինչպես նաեւ՝ 4,9 միլիարդ դրամի չափով եկամուտ՝ բնամթերքով: 2013թ. նրա հանձնված կամ վերադարձված փոխառությունները կազմել են 24,7 միլիարդ դրամ, 17,6 միլիոն եվրո եւ 7 միլիոն ԱՄՆ դոլար:
ԲՀԿ առաջնորդի կինը՝ Ջավահիր Ծառուկյանը, հայտարարագրել է 25 միլիոն դրամ եւ 31 հազար եվրո ունեցվածք: 2013-ին նա 8 միլիոն 534 հազար դրամ արժողությամբ թանկարժեք սպասք է գնել: Իսկ պատգամավորի դուստրը` Անահիտը, 32 հազար դոլարի եւ 72 հազար եվրոյի եկամուտ է հայտարարագրել:
Գագիկ Ծառուկյանն ամենաշատ թանկարժեք գույք, եկամուտ եւ դրամական միջոց, արժեթուղթ եւ ներդրում հայտարարագրած պատգամավորն է: Բացի այդ՝ Armlur.am-ը ներկայացրել էր, թե 1000 խոշոր հարկատուների ցուցակում ԲՀԿ առաջնորդին պատկանող քանի ընկերություն է ներկայացված: Դրանք շատ չէին ու համեստ հորիզոնականներում էին գտնվում: Ու որքան էլ Սերժ Սարգսյանն ընդամենը մի քանի օր առաջ հաստատակամորեն պնդում էր, որ Գ. Ծառուկյանը չարիք է, ու նրա հարկային վճարումները մանրակրկիտ ստուգման են ենթակա, իրողությունն այն է, որ այս պահին ու առաջիկայում ԲՀԿ առաջնորդը քաղաքականապես մեկուսացված է լինելու, իսկ հարկային վճարումները շարունակելու է կատարել «աչքաչափով»:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 
ԳԱՌՆԻՆ ԿԱՐՈՂ Է ՄՆԱԼ ԱՌԱՆՑ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ

Տեւական ժամանակ է, ինչ ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղում լարված իրավիճակ է: Բանն այն է, որ բնակիչները բողոքի ակցիաներ են կազմակեպում ընդդեմ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման: Ու այդ նախագծով նախատեսվում է Գառնիի ջրերը տեղափոխել Արարատի մարզի Քաղցրաշեն համայնք, որից պետք է սնվեն մարզի 12 համայնքներ: Սակայն այս նախագիծն առաջացրել է բնակիչների դժգոհությունը:

Հիշեցնենք, որ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի նախագծով նախատեսվում է Ազատ գետի միջին հոսանքներից 820-1,020 մմ տրամագծով 27 հազար 685 մ երկարությամբ պողպատե խողովակաշարով գետի ջուր տանել Արարատի մարզի Այգեստան, Բերդիկ, Գետազատ, Դեղձուտ, Հնաբերդ, Մրգանուշ, Նարեկ, Ներքին Դվին, Նորաշեն, Վարդաշեն, Վերին Դվին, Քաղցրաշեն համայնքներ՝ ոռոգման համար: Ի դեպ, սրանք այն համայքներն են, որոնք նախորդ տարվա ընթացքում օրեր շարունակ ջուր չէին ունենում: Ինչի արդյունքում գյուղերի բնակիչները վնասներ կրեցին: Ստացվում է, որ այս համայնքների ոռոգման եւ խմելու ջրի հարցը ինքնուրույն լուծելու փոխարեն այն լուծում են մեկ այլ մարզի գյուղի հաշվին: Ինչեւէ, գառնեցիները ամիսներ շարունակ պայքարում են այս նախագծի դեմ եւ մտադիր են շարունակել իրենց պայքարը, մինչեւ հասնեն իրենց ցանկալի արդյունքին:
Գառնեցիներից շատերը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում զայրացած նկատեցին, որ «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի ներկայացրած ծրագրի իրականացման արդյունքում Գառնի գյուղը կկանգնի խմելու եւ ոռոգման ջրի կորցնելու վտանգի առաջ: Այս նախագծին դեմ է նաեւ Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանը: Նրա համոզմամբ՝ այս ամենի արդյունքում Գառնիի ձորը կչորանա:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս նախագիծը շարժել է ոչ միայն Գառնիի բնակիչների, այլեւ բնապահպանների զայրույթը: Նրանք անհանգստացած են, քանի որ այս նախագծի իրականացման հետեւանքով շրջակա միջավայրը խոշոր չափի վնասներ կկրի: Բանն այն է, որ համակարգը նախատեսված է կառուցել Խոսրովի արգելոցի եւ Քարերի սիմֆոնիա բնության հուշարձանի հարակից տարածքում: Իսկ նախագծի ազդեցության գոտում գտնվում են Խոսրովի արգելոցը, Քարերի սիմֆոնիան, Գառնիի ձորը եւ այն համայնքները, որոնք օգտվում են Ազատ գետի եւ Ազատի ջրամբարի ջրերից: Նշենք, որ Ազատի կիրճը Քարերի սիմֆոնիայով ու գետի հիանալի բնակլիմայական պայմաններով համարվում է Հայաստանի տեսարժան վայրերից մեկը: Սակայն ծրագրի կյանքի կոչվելու արդյունքում կխախտվի էկոհամակարգը, որովհետեւ շինարարության պատճառով կկտրվեն ծառեր, կոչնչացվեն բույսեր:
Տեղեկացնենք, որ այս նախագծի շուրջ հաջորդ հանրային քննարկումը տեղի կունենա հաջորդ շաբաթվա ընթացքում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 
ՌՈՒՍՆԵՐԸ  ՊԱՏԱՐԱԳ  ԿՄԱՏՈՒՑԵՆ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ փետրվարի 21-ին լրանում է Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի մահվան 40 օրը: Մի քանի օր շարունակ քաղաքում լուրեր էին պտտվում, թե փետրվարի 22-ին՝ ռուսական «մասլենիցայի» օրը, ռուս սպաները մեծ տոնախմբություն են անելու: Այս լուրերը ոտքի էին հանել մի խումբ գյումրեցիների: Եվ եթե նախօրեին տեղական իշխանությունները տեղյակ չէին սպասվելիք միջոցառումներից, ապա երեկ արդեն այլ հավաստիացումներ էին տրվում:
«Փետրվարի 21-ին եւ 22-ին որեւէ միջոցառում Գյումրիում ռուսական ռազմաբազաների կողմից չի նախատեսվում»,-մեզ հետ զրույցում պաշտոնապես հայտարարեց Շիրակի մարզպետի օգնական Արաքսյա Կիրակոսյանը:
Զրուցելով Գյումրու ռուս ուղղափառ եկեղեցու հոգեւոր հայր Անդրեյ Վալցի հետ՝ տեղեկացանք, որ դեռեւս հունվարի վերջին եկեղեցին իր օրակարգում առանձնահատուկ է նշել փետրվարի 21-ը՝ այդ օրը պատարագ մատուցելու նպատակով:
«Մենք մեծ ափսոսանք ու ցավ ենք ապրում զոհված Ավետիսյանների համար: Փետրվարի 21-ին նրանց մահվան 40 օրվա կապակցությամբ պատարագ է մատուցվում, ցանկացողները՝ հայ, ռուս, թող ներկա լինեն: Փետրվարի 22-ին մենք ոչ մի տոնախմբություն չենք պատրաստում, միայն կրկին պատարագ է մատուցվելու՝ օրվա խորհրդի հետ կապված,-պարզաբանեց հոգեւոր հայրը` ավելացնելով,-ես չգիտեմ, թե ում է պետք գժտություն մտցնել հայերի եւ ռուսների միջեւ՝ շարունակ նման լուրեր տարածելով ու կրակի վրա յուղ լցնելով»:
Իսկ, ահա, ոտքի ելած գյումրեցիները համոզված են, որ եթե չլիներ իրենց անհամաձայնության նման դրսեւորումը, գուցե հակառակը տեղի ունենար:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Գյումրի

 

ՈՎ ՏՂԱ ՈՒՆԵՆԱ, ՈՎ ԲՆԱԿԱՐԱՆ ՍՏԱՆԱ
2014թ. դեկտեմբերի 11-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում ծնվել են «Համերաշխություն» հասարակական-քաղաքական շարժման Տավուշի մարզի համակարգող Դավիթ Սահակյանի զույգ տղաները: Դավիթ Սահակյանի ընտանիքում մինչ այդ 2 անգամ զույգ տղաներ են ծնվել: Նրա ավագ տղաները՝ Արծրունին եւ Սահակը, յոթ ու կես տարեկան են, Նորիկն ու Սարգիսը՝ 4 տարեկան: Նրա բոլոր զավակները ծնվել են կեսարյան հատումով: Դավիթը 39, իսկ նրա կինը՝ Նաիրա Բաղդասարյանը, 30 տարեկան է: Գործազուրկ, բարձրագույն կրթությամբ իրավաբան Դավիթ Սահակյանն ակնկալում է պետության աջակցությունը, որպեսզի իր բազմանդամ ընտանիքը Իջեւան քաղաքում բնակարան ունենա: Դավիթը զայրանում է, որ ինքը 6 տղա մեծացնելով՝ երեխաներին սնունդով, հագուստով ապահովելու, բազմանդամ ընտանիքի էլեկտրաէնեգրայի, բնական գազի ծախսերը հոգալու համար մեծ դժվարություններ է կրում, իսկ պետական բյուջեի միջոցներով, սեփականության իրավունքով բնակարաններ են ստանում պետական բարձրաստիճան պաշտոնյաներ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս