ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական տվյալներով՝ 2014թ-ին, 2013-ի համեմատ, Հայաստանում հաշմանդամների թիվն ավելացել է: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանի խոսքով՝ առաջին տեղում է արյան շրջանառության խանգարումից առաջացած հաշմանդամությունը, իսկ, ահա, երկրորդ տեղում հոգեկան եւ վարքի խանգարումներով հաշմանդամությունն է:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում 2014 թվականին, 2013 թվականի համեմատ, հաշմանդամների թիվը 4783-ով ավելացել է: Նշենք, որ հաշմանդամների թիվը 2014-ին կազմել է 198 հազար 619, իսկ, ահա, 2013-ին՝ 193 հազար 836: Ի դեպ, 2010-ին հաշմանդամների թիվը Հայաստանում կազմել է 185 հազար 80, 2011-ին այն 8574-ով նվազել է, սակայն 2012-ին դարձյալ ավելացել է 9 հազար 878-ով:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանի խոսքով՝ յուրաքանչյուր տարի առաջնակի հաշմանդամ են ճանաչվում մոտ 16 հազար մարդ: Եւ նրանց բոլորի տվյալները մուտքագրվում են հաշմանդամների հաշվառման էլեկտրոնային տեղեկատվական համակարգ: Բազայի տվյալները պարբերաբար թարմացվում են, դրանք կապված են նաեւ հարակից այլ բազաների հետ, որտեղից մարդու մասին այլ տվյալներ են հաղորդում:
Օրինակ՝ «ավտոմատ» տրվում է տեղեկատվություն, որ տվյալ անձը մահացել է եւ վերջինս գործող հաշմանդամության թվաքանակից դուրս է գալիս: Բազայից հանվում է ոչ միայն մահացածների, այլեւ երկրից գաղթածների, մեկնողների եւ հաշմանդամության կարգավիճակի համար դիմած, սակայն այն չստացած մարդկանց թվաքանակը: «Յուրաքանչյուր տարի բազայում ամեն դեպքում մնում է ավելացում, այսինքն՝ 16 հազարից, երբ մաղվում են, արդյունքում մոտ 5000-ով ավելանում է նրանց թիվը, բայց ավելի շատ առաջնակի հաշմանդամ ճանաչված անձանց հաշվին»,-տեղեկացրեց մասնագետը: Հաշմանդամների հիմնահարցերի բաժնի պետը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ հաշմանդամության տարիքային սահմանափակում չկա, քանզի մարդը կարող է ի ծնե հաշմանդամ լինել:
Մեր զրուցակիցը հայտնեց նաեւ, որ յուրաքանչյուր տարի սոցապ նախարարությունը 500-600 հաշմանդամի սայլակ է բաշխում սահմանափակ ֆիզիկական հնարավորություն ունեցող անձանց, սակայն 2015 թվականի համար նախարարությունը նախատեսել է ստանալ ընդամենը 450 հատ սայլակ: Ի դեպ, բացի նախարարությունից, կան նաեւ հասարակական կազմակերպություններ, որոնք նույնպես սայլակներ են ներկրում ու մարդասիրական օգնության կարգով բաշխում հաշմանդամներին:
Աննա Հակոբյանի ներկայացմամբ` 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ, ըստ հիվանդությունների՝ առաջին տեղում է արյան շրջանառության հետ կապված հիվանդություններով գրանցված հաշմանդամությունը, այն կազմում է 60 հազար 996: Երկրորդ տեղում է հոգեկան եւ վարքի խանգարումների հետ կապված հիվանդություններով գրանցված հաշմանդամությունը՝ 21 հազար 329: Մասնագետը նկատեց, որ սա նախկինում զբաղեցնում էր երրորդ տեղը: Իսկ ներկայումս երրորդ տեղում նյարդային համակարգի հետ կապված հիվանդություններով գրանցված հաշմանդամությունն է՝ 16 հազար 237: Չորրոդ տեղում են նորագոյացությունները՝ 16 հազար 12: Սրան հաջորդում են էնդոկրին հիվանդությունները՝ 14 հազար 886, եւ բնածին անկանոնություններով ու զարգացման շեղումներով պայմանավորված հաշմանդամությունը՝ 4 հազար 878:
Իսկ, ահա, երեխաների մասով այլ պատկեր է արձանագրվել, որն ըստ մասնագետի՝ անհանգստացնող է: Այս տարվա հունվարի 1-ի դրությամբ հաշմանդամ երեխաների ընդհանուր թիվը կազմում է 8006, առաջին տեղում է նյարդային համակարգի հետ կապված հիվանդություններով գրանցված հաշմանդամությունը, որի թիվը կազմում է 2 հազար 325 : Երկրորդ տեղում է հոգեկան եւ վարքի խանգարումների հետ կապված հիվանդություններով գրանցված հաշմանդամությունը՝ 1704, երրորդ տեղում են բնածին անկանոնությունն ու զարգացման շեղումները՝ 1337, չորրորդ տեղում՝ էնդոկրին հիվանդությունները` 460, այնուհետեւ նորագոյացությունները՝ 228 հաշմանդամություն ունեցող մանուկներով:
Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ հոգեբան Աննա Բադալյանի հետ եւ հետաքրքրվեց, թե ինչը կարող է նյարդային համակարգի հիվանդություններով գրանցված հաշմանդամների թվի ավելացման պատճառ հանդիսանալ: «Հոգեկան հիվանդությունները կարող են իրենց ժառանգական, գենետիկ հիմքն էլ ունենալ: Պատճառները, իհարկե, կարող են լինել նաեւ սոցիալական պայմանները, անցումային շրջանը, անորոշությունը, որոշակի փոփոխությունները, անհանգստությունը, համընդհանուր տագնապը: Այս ամենը կարող է նմանատիպ երեւույթների հիմք հանդիսանալ: Իսկ երեխաների մոտ կարող է պատճառ լինել ոչ նորմալ սնունդը»,- բացատրեց հոգեբանը:
Նրա համոզմամբ՝ հայերն իրենց տեսակով ամուր, կամային հատկանիշներով մարդիկ են. «Եթե եվրոպացին եղանակի անկումից կարող է ընկնել տագնապային վիճակի մեջ, ապա հայն ամեն ինչում փորձում է ելք գտնել եւ խորը դեպրեսիայի ավելի ուշ է հասնում: Դա մեր ազգային բնավորության գծի առավելություններից մեկն է»,- ընդգծեց հոգեբանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս