ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ՝ ՍՈՑՎՃԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հեռավոր, լեռնային Բնունիս համայնքում հիմնախնդիրները բազմազան են: Գյուղապետ Վլադիմիր Հովհաննիսյանը դրանց շարքում առանձնացնում է աշխատատեղերի եւ գազամատակարարման բացակայությունը:
Սյունիքի մարզի Բնունիս համայնքը գտնվում է մարզկենտրոնից 117,  իսկ Սիսիան քաղաքից 13 կմ հեռավորության վրա: Այս փոքր համայնքում բնակվում է 40-45 ընտանիք` շուրջ 230-250 մարդ: Բնունիսից վերջին 10 տարում հեռացել է մոտ 50 հոգի: «Հիմնականում գնում են երիտասարդները, քանի որ գյուղում աշխատատեղեր չկան,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասում է Հովհաննիսյանը՝ հավելելով,-մի քանի մարդ աշխատում է դպրոցում, ոմանք՝ գյուղապետարանում, հողագործությամբ էլ ոչ բոլորն են զբաղվում»: Գյուղապետը շեշտում է, որ պետության կողմից տրվող դոտացիան չի հերիքում պարտադիր սոցիալական վճարներին, այդ իսկ պատճառով երբեմն ինքն անձամբ իր աշխատավարձն է տրամադրում այդ նպատակին. «Գիտեք, կանխիկ փող չի լինում, թղթաբանություն ենք անում: Իմ աշխատավարձով կա՛մ սոցվճարներն եմ տալիս, կա՛մ հարեւաններիս հողի հարկերն եմ փակում: Մարդիկ են, գոնե մի օր լավությունս կհասկանան»:
Բնունիսում գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են անասնապահությունը եւ դաշտավարությունը: 2011թ. համայնքում կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 160 հա աշնանացան, որի սերմը նախորդ տարի տրամադրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը: «Աշնանացան ցորենը ցրտի պատճառով չծլարձակեց, դաշտերը խոտհարքներ դարձան: Չնայած էլի անձրեւները խանգարեցին, ու չկարողացանք խոտը հավաքել»,-նշում է Հովհաննիսյանը եւ հավելում, որ այս ամառ իրենց գյուղում «հրաշք է կատարվել», ինչը զարմացրել է անգամ գյուղի ծերերին. բարձր լեռնային այս գյուղում նպաստավոր եղանակի հետեւանքով խոտը կրկնակի աճել է:

Ս. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս