Աստանայում ԵՏՄ անդամ երեք երկրների ղեկավարների հանդիպմանը Սերժ Սարգսյանի բացակայությունը, որքան էլ ցավալի է, Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի քաղաքական եւ մեդիա դաշտում անցավ բացարձակ աննկատ: Եվ դա, թերեւս, բնական է ոչ միայն Հայաստանի ունեցած կշռի ու նշանակության, այլեւ այդ երկրներից առնվազն երկուսի` Բելառուսի եւ Ղազախստանի մեր նկատմամբ ունեցած անթաքույց թշնամական վերաբերմունքի պատճառով: Սակայն թե ինչու Հայաստանի արհամարհման այս անթաքույց ժեստը պատշաճ արձագանքի չարժանացավ Հայաստանի ներսում, այ, դա խիստ մտահոգիչ է: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի` Աստանայի հանդիպմանը չհրավիրվելու կապակցությամբ մինչ օրս որեւէ իշխանական կամ գոնե իշխանամերձ գործիչ հանդես չի եկել քննադատությամբ: Ընդհակառակը, նրանք բոլորը միաձայն կրկնում էին, թե դա նորմալ է, թե քննարկվել են հարցեր, որոնք մեզ չեն առնչվում, թե դա ինչ-որ տեղ գուցե մեզ ձեռնտու է եւ այլ անհեթեթ արդարացումներ:
Հիշեցնենք, որ ժամանակին ճիշտ նույն ստրկամտությամբ հայրենի իշխանականները փորձում էին արդարացնել Ռուսաստանի` Ադրբեջանին զենք վաճառելու քայլը: Մինչդեռ հիմա արդեն նույն ՀՀԿ-ի ղեկավարը, ՊՆ եւ ԱԳ նախարարներն արդեն անթաքույց բողոքում են ռուսների այդ պահվածքից, բայց ինչպես ասում են` արդեն ուշ է, վաճառված զենքը էլ հետ չեն տանելու, եւ այն վաղ թե ուշ կրակելու է մեր դիրքապահ զինվորների վրա, որոնց հոգեվիճակով, ինչպես վերջերս պարզվեց, այդքան մտահոգված է Սերժ Սարգսյանը:
Մինչդեռ, եթե ի սկզբանե` մինչ 4 միլիարդի զենքի վաճառքի պայմանագիրը կնքելը, Հայաստանի իշխանությունները մեր ռազմավարական դաշնակցին հստակ ասեին` եղբա՛յր, սա արդեն անթույլատրելի եւ անընդունելի է մեզ համար, միգուցե եւ Ռուսաստանը հրաժարվեր այդ պայմանագրից` կանգնելով ընտրության առաջ:
Հիմա նույնը արվում է ԵՏՄ-ի հետ կապված: Փոխանակ ի սկզբանե հստակ եւ հնարավորինս կոշտ ի ցույց դնելու, որ նման վերաբերմունքը մեզ համար անընդունելի է, ՀՀ իշխանական վերնախավը ջայլամային վարքագիծ է դրսեւորում: Լավ, եթե Ս. Սարգսյանի, Է. Նալբանդյանի կամ Հ. Աբրահամյանի կողմից դժգոհության դրսեւորումը նպատակահարմար չէր, միթե չէր կարող այդ մասին իր մտքի գոհարներից մի քանիսը զեղել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, կամ ծայրահեղ դեպքում` թեկուզ ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Դա տեղի չունեցավ, եւ արդեն հայտնի է, որ մայիսի 6-ին ԵՏՄ եռյակը կրկին հանդիպելու է, եւ, ըստ ամենայնի, կրկին՝ առանց Սերժ Սարգսյանի: Ասել է թե` դա դառնում է «գեշ խասյաթ», որին ի սզբանե չհակազդելու դեպքում մենք առաջիկայում հայտնվելու ենք օֆթսայդ-ում:
Ինչ վերաբերում է այն պնդումներին, թե միգուցե դա ձեռնտու է Սերժ Սարգսյանին, ով այս դեպքում ավելի հեշտորեն կկարողանա վերակողմնորոշվել դեպի Եվրամիություն, ապա դրանք միանգամայն հիմնազուրկ են, քանզի արհամարհվածներին չեն սիրում ոչ մի տեղ, անգամ` Եվրոպայում: