ԱՄԵՐԻԿԱՆ ԱԿՆԱՐԿՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Եգիպտոսում եւ Լիբիայում ԱՄՆ դիվանագիտական առաքելություն իրականացնող գործիչների վրա հարձակումներից հետո ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն տարածեց՝ իր քաղաքացիներին զգուշացնելով պահպանել աչալրջություն, հետեւել լրատվությանն ու քայլեր ձեռնարկել սեփական անվտանգության ապահովման համար:
Այս հայտարարությունը մեկնաբանել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը: “Ազատություն” ռ/կ-ի հետ զրույցում նա, անդրադառնալով լուրերին, թե ՀՀ-ն հայտնվել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի կազմած` ամերիկյան քաղաքացիների համար առավել վտանգավոր 7 երկրների ցուցակում, ասել է. “Սա ամբողջ աշխարհում է կատարվում, եւ Հայաստանը մեկն է այդ երկրներից: 7 երկրների մասին լուրերը ամբողջական տեղեկություններ չեն: Այս պահի դրությամբ արդեն 50 դեսպանատներ զգուշացրել են իրենց քաղաքացիներին: Հայաստանի հետ կապված որեւէ տեղեկատվություն չկա, եւ Հայաստանի հետ դա որեւէ առնչություն չունի”: 
ԱՄՆ դեսպանը նաեւ հավելել է, թե իրենց պարտքն է նման նախազգուշացումներով հանդես գալ՝ անկախ նրանից՝ այդ երկրում որեւէ մտահոգիչ իրադարձություն եղել է, թե ոչ:
Ուշագրավն այն է, որ Անդրկովկասի երեք երկրներից ԱՄՆ դեսպանատունը միայն Հայաստանում է նման նախազգուշացում հնչեցնում: Մինչդեռ ո՛չ Վրաստանում, ո՛չ Ադրբեջանում եւ ո՛չ էլ անգամ Թուրքիայում  նման հաղորդագրություններ չեն տարածվել: Իսկ սա հազիվ թե պատահականության  արդյունք լինի:
Ի վերջո, հայտնի փաստ է՝ քաղաքականության մեջ պատահական ոչինչ չի լինում, ավելին, միշտ չէ, որ դիվանագետներն իրենց ցանկալի հայտարարություններն անում են ուղիղ տեքստով: Եւ այս տրամաբանությունից ելնելով` ԱՄՆ դեսպանատան հայտարարությունները կարելի է  ՀՀ-ին ուղղված լուրջ ,մեսիջե համարել: Այլ կերպ ասած՝ տեսակետ կա, որ ԱՄՆ-ը անուղղակի կերպով Հայաստանին դասում է այն երկրների շարքին, որտեղ հնարավոր են ահաբեկչություններ:
Նկատենք, որ առաջին անգամը չէ, երբ արեւմուտքը ՀՀ-ին ուղղակի կամ անուղղակի կերպով նման մեղադրանք է առաջադրում: ԱՄՆ պետքարտուղարության կամ միջազգային հեղինակավոր տարբեր կազմակերպությունների տարեկան զեկույցներում ՀՀ անունը մեկ անգամ չէ, որ հիշատակվել է թրաֆիքինգի, թմրանյութերի ու զենքի անօրինական տեղափոխման համար տարանցիկ ուղի լինելու համատեքստում: Ավելին, ընդամենը մի քանի շաբաթ առաջ “Ռոյթերս” լրատվական գործակալությունը ծավալուն հոդված էր հրապարակել՝ տեղեկացնելով, որ միջազգային պատժամիջոցներով ճնշված Իրանի Իսլամական Հանրապետությունը ձգտում է ընդլայնել բանկային գործունեությունը Հայաստանում: Վկայակոչելով արեւմտյան հետախուզական ծառայությունների զեկույցները` “Ռոյթերս”-ը տեղեկացրել էր, թե որպես Իրանի թիրախ՝ նշվում է հայկական “ԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ” բանկը: Հատկապես իրանական բանկերի հետ կապված “Ռոյթերսի” հրապարակումից հետո  նման հայտարարությունը որոշակի եզրակացությունների տեղիք է տալիս:
Կա տեսակետ, որ ԱՄՆ հետախուզական ծառայությունները տվյալներ ունեն զբոսաշրջիկների անվան տակ Հայաստան թափանցած պոտենցիալ ահաբեկիչների մասին, ու հիմա նման նախազգուշացում են հնչեցնում: Ի վերջո, Հայաստանն ու Իրանը անմիջական սահմանակիցներ են, եւ Իրանի քաղաքացիները մեր երկիր ազատ ելումուտ ունեն: Հաշվի առնելով ԱՄՆ-Իրան հարաբերությունները՝ Եգիպտոսում եւ Լիբիայում տեղի ունեցածի համատեքստում գերտերությունը կարող էր անհանգստանալ: Սակայն “Ռոյթերս”-ի հրապարակումների ֆոնին հիմքեր կան մտածելու, որ այդ հայտարարությունը նաեւ այլ քաղաքական ենթատեքստ ունի: 
Ճիշտ է, վերջին շրջանում Սերժ Սարգսյանը փորձում է հանդես գալ արեւմտամետի դիրքերից, ամենատարբեր հարցերում սիրաշահում է ԱՄՆ-ին, բայց սա չի նշանակում, որ նա իր հարաբերություններում ազնիվ է: Որքան մոտենում են նախագահական ընտրությունները, այնքան հասունանում է Սերժ Սարգսյանի՝ ԼՂ խնդրի վերաբերյալ տված խոստումները կատարելու ժամանակը: Իսկ արեւմուտքը նրանից պահանջում է, ի վերջո, այդ հարցում կոնկրետ քայլերի գնալ, մանավանդ որ իրենք լրջորեն զբաղվում են Սիրիայի ու Իրանի խնդրով:
Մի խոսքով, իրադարձություններն ուշագրավ զարգացում են ստանում:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս