12-ամյա պարտադիր կրթության հետ մեկտեղ պետք է փոփոխել ամուսնական տարիքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում 2017 թվականից պարտադիր միջնակարգ կրթությունը կդառնա 12 տարի. այսինքն՝ 9-ամյա կրթությունից անցում կկատարվի 12-ամյայի: Սակայն շատերի համոզմամբ՝ այս համակարգին անցնելու արդյունքում լուրջ խնդիրներ կառաջանան, եւ կսրվի գյուղերում առկա սոցիալական լարվածությունը:

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովում քննարկման արդյունքում լրամշակվեց Կառավարության կողմից ներկայացված կրթության մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին եւ հանրակրթության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը: Արդյունքում խորհրդարանը ձայների 85 կողմ, 0 դեմ եւ 27 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց որոշումը: Նշենք, որ նոր որոշման համաձայն՝ պարտադիր միջնակարգ կրթությունը դարձել է 12 տարի:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի համոզմամբ՝ պարտադիր 12-ամյա կրթությանն անցում կատարելը շատ կարեւոր է, քանի որ ամեն տարի իններորդ դասարանն ավարտելուց հետո 4.5-5 հազար աշակերտ չի շարունակում կրթությունը ոչ միայն ավագ դպրոցում, այլեւ մյուս հաստատություններում: «Իննամյա բազային կրթական ցենզով ապագա քաղաքացին ավելի վատ է ապրելու, չի գտնելու աշխատաշուկայում իր տեղը: Հայաստանի կրթական համակարգն այսօր ունի այդ հզորությունն ու կարողությունը, որպեսզի այդ երեխաներին չանտեսի: Շատ կարեւոր է, որ այդ մարդիկ կտրվեն փողոցից, խնդիրը ե՛ւ սոցիալական է, ե՛ւ տնտեսական»,- այս թեմային անդրադառնալիս կարեւորել է Աշոտյանը:

Իսկ, ահա, շատերը պնդում են, որ այս համակարգին անցնելու դեպքում լուրջ խնդիրներ են ի հայտ գալու: Դրանք հիմնականում կառաջանան գյուղական վայրերում, որտեղ միջնակարգ կրթությունն ավարտելուց անմիջապես հետո երիտասարդը զբաղվում է անասնապահությամբ, գյուղատնտեսությամբ, որպեսզի կարողանա իր ծնողի հոգսը թեթեւացնել եւ ընտանիք կերակրել: Իսկ այս համակարգին անցնելու դեպքում դա չի կարող անել:

«Ժողովուրդ»-ը այս թեմայի շուրջ զրուցեց գյուղերում գործող միջնակարգ դպրոցների տնօրենների հետ՝ հասկանալու, թե ինչ են մտածում նրանք նոր համակարգին անցնելու մասին: Օրինակ՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ակունք գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Սիրուն Բաղդասարյանն այս համակարգին անցնելու հետ մեկտեղ գործող իշխանություններին առաջարկեց փոփոխություններ կատարել նաեւ ՀՀ Սահմանադրության մեջ. փոխել ամուսնական տարիքը:

Իսկ, ահա, նույն մարզի Աղձք գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Հարություն Սուքիասյանն այս թեմայի առումով դեռ երկընտրանքի մեջ է: «Դեռ որեւէ կոնկրետ բան ասել չեմ կարող: Երկակի զգացում ունեմ: Չգիտեմ, թե որն է ճիշտ: Ի վերջո, մարդու հետ ենք գործ ունենալու: Օրինակ՝ 9-ամյա կրթության դեպքում մարդը ազատ էր իր ցանկության դեպքում»,-նկատեց դպրոցի տնօրենը:

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ախպրաձորի միջնակարգ դպրոցի տնօրեն Գինեվարդ Ղուկասյանի խոսքերով՝ 12-ամյա կրթությանն անցում կատարելը ճիշտ քայլ է եւ անհրաժեշտ: «Գոնե տվյալ դեպքում մարդը ընդհանուր կրթություն կստանա: Մեր գյուղից շատ երեխաներ կան, ովքեր իրենց ուսումը շարունակել են բարձրագույն բուհերում: Իսկ մյուս երիտասարդները, ովքեր դրա հնարավորությունը չունեն, զբաղվում են անասնապահությամբ»,- ներկայացրեց տիկին Ղուկասյանը:

Մեզ մնում է սպասել եւ տեսնել, թե այս համակարգն ինչ դրական կամ բացասական հետեւանքներ կունենա քաղաքացու սոցիալական վիճակի վրա:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս