ՊԱՏԺՈՒՄ ԵՎ ԶԻՆԱԹԱՓՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե անցյալ տարի տույժի տարբեր միջոցներ են կիրառվել ՀՀ քրեակատարողական հիմնարկների 119 աշխատակիցների նկատմամբ, ապա այս տարվա 9 ամիսների կտրվածքով այդ թիվը դեռ 82 է: Այդ մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության վարչության հանրային կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ղլեչյանը:
Հիշեցնենք, որ այս տարվա վերջին տույժերը եղել են սեպտեմբերի 18-ին. ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, հիմք ընդունելով ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության՝ ՔԿ հիմնարկներում անցկացրած ստուգայցերի ընթացքում բացահայտված թերությունները եւ անցկացված ծառայողական քննության արդյունքներով ներկայացրած եզրակացությունները, մի քանի «պատժիչ» հրամաններ է արձակել: Ըստ այդմ, ծառայողական պարտականությունները անհարգելի պատճառով չկատարելու համար կիրառվել էր կարգապահական տույժ եւ հայտարարվել խիստ նկատողություն «Վարդաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալ Մհեր Սանամյանի, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի տնտեսական ապահովման բաժնի կրտսեր մասնագետ (ճաշարանի վարիչ) Խաչատուր Միսկարյանի եւ նույն բաժնի կրտսեր մասնագետ (պահեստապետ) Գրիգոր Սարգսյանի նկատմամբ: Մեկ այլ հրամանագրով նախարարը ծառայողական քննություն է նշանակել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, որի ընթացքում ժամանակավորապես դադարեցվել են ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ Արամ Խաչատրյանի լիազորությունները, եւ պաշտոնակատար է նշանակվել պետի տեղակալ Արտուշ Չոբանյանը: Բացի այդ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Արթուր Եղիազարյանի՝ իրեն ամրացված չհրկիզվող պահարանում հայտնաբերվել էր «ԻԺ-78-8» մակնիշի գազային ատրճանակ: Նախարարի հրամանով այստեղ եւս ծառայողական քննություն է նշանակվել: 




Լրահոս