ՄԵԿՈՒՍԱՑՎԱԾ ԵՐԿՐԻ ՊԱՏԿԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում ներմուծման ծավալները շարունակում են գերազանցել արտահանման ծավալները: Տնտեսագիտության բնագավառում առանձնապես մեծ գիտելիքներ հարկավոր չեն՝ հասկանալու համար, որ եթե ներմուծման ծավալները գերազանցում են արտահանմանը, դա խոսում է երկրի տնտեսական վատ համակարգի, տնտեսության բացակայության մասին: Այս առումով Հայաստանի արտաքին առեւտրի վերաբերյալ բավական ուշագրավ պատկեր են բացահայտում ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
Ըստ ԱՎԾ տվյալների՝ այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստան է ներմուծվել 3 մլրդ 9 մլն 611 հազար եւ արտահանվել 1 մլրդ 31 մլն 971 հազար դոլարի ապրանք: Ասել է թե՝ ներմուծումը 2,9 անգամ գերազանցել է արտահանման ծավալները: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալների համեմատությամբ՝ այս ցուցանիշները գրեթե նույնն են մնացել. ներմուծման եւ արտահանման ծավալների տարբերությունը 2011թ. եղել է 3 անգամ: Այսինքն՝ այս «ոլոլորտում» աճը եղել է 0,1 տոկոս:
ԱՎԾ տվյալների համաձայն՝ Հայաստանի հիմնական «բիզնես-գործընկերները» ԵՄ անդամ երկրներն են. ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ է արտահանվել 420 մլն 757 հազար դոլար արժողության ապրանքատեսակ: Սակայն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, ԵՄ անդամ երկրներ արտահանումը նվազել է, որովհետեւ 2011թ. արտահանվել է 468 մլն, այս տարի՝ 420 մլն 757 հազար դոլարի ապրանք: Փոխարենը աճել են ԱՊՀ երկրներ արտահանման ծավալները: Ուշագրավը, սակայն, Հայաստանի հարեւան երկրների հետ առեւտրաարդյունաբերական հարաբերություններն են: Հարեւան Թուրքիա արտահանման ծավալները այս տարի կազմել են 649 հազար, 2011թ.՝ 721 հազար դոլար: Իսկ Թուրքիայից ներմուծման ծավալները կազմել են այս տարի 123 մլն, նախորդ տարի՝ 138 մլն դոլար: Նվազել է նաեւ Իրանի Իսլամական Հանրապետություն արտահանումը. այս տարի արտահանման ծավալները կազմել են ավելի քան 70 մլն, նախորդ տարի՝ 85 մլն դոլար: Ներկրումն այս տարի եղել է 123 մլն, նախորդ տարի՝ 138 մլն դոլար: Ավելացել են Վրաստան արտահանման ծավալները՝ 41,7 մլն դոլարից դառնալով 61 մլն: Իսկ այնտեղից ներկրումը 182 մլն-ից այս տարի դարձել է 180 մլն: Նկատենք, որ հարեւան երկրների հետ Հայաստանի առեւտրաշրջանառությունը կազմում է ընդհանուր թվի մոտ 15 տոկոսը: Սա, թերեւս, ամենալավն է բնութագրում Հայաստանի քաղաքական-տնտեսական իրավիճակ, եւ տարածաշրջանում մեր երկրի ունեցած դերը: Ավելի ճիշտ, սա խոսում է այդ դիրքի ու նշանակության բացակայության մասին:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս