Ստուգումներ են անցկացվել անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության տրամադրման ոլորտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվեցին  Պետական առողջապահական գործակալության վերահսկողության բաժնի մասնագետների կողմից պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպություններում կատարվող ուսումնասիրությունների  արդյունքներն ու դրանց արդյունավետությունը։ Խորհրդակցությանը մասնակցում էր նաև ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը։

Ներկայացվեց, որ 2013 և 2014 թվականներին «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման մասին» պայմանագրերով նախատեսված, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարի կողմից հաստատված չափորոշիչներով իրականացվել է 110 ստուգում։ Ուշադրության կենտրոնում են եղել բուժօգնության կազմակերպման և ծավալների համապատասխանությունը, մատուցված ծառայությունների որակի ապահովումը, ստացված ֆինանսական միջոցների ծախսման արդյունավետությունը և պայմանագրով ամրագրված այլ պահանջների կատարումը։ Բացահայտված խախտումների և թերացումների կապակցությամբ տրվել են հանձնարարականներ։

ՊԱԳ-ի պետ Սարո Ծատուրյանը հավելեց, որ վերահսկողության բաժնի գործառույթը ՊԱԳ-ի կողմից իրականացվող վերահսկողության փոքր մասն է կազմում։ «Դա կատարվում է ամենօրյա ռեժիմով` բժշկական հիմնարկներից հաշվետվությունների ընդունման ընթացքում։ Բոլոր դեպքերը մանրամասն ուսումնասիրվում և շատ թերություններ վերացվում են հենց այդ ժամանակ»։ Նա նաև ներկայացրեց, որ պլանային ստուգումներից բացի մեծ ծավալի արտապլանային ուսումնասիրություններ ևս կատարվում են։ Նման անհրաժեշտություն է առաջանում հատկապես նոր ծրագրերի ներդրման ժամանակ։ Ներկայացվեցին նաև ինչպես ստուգվող բժշկական կազմակերպությունների, այնպես էլ հիվանդության պատմագրերի ընտրության սկզբունքները։

Արմեն Մուրադյանը հանձնարարեց մշակել ստուգաթերթեր, որպեսզի աշխատանքներն ավելի արագ ու համակարգված լինեն։ «Այս ուղղությամբ նախարարությունում մեծ աշխատանք է տարվում, օրենսդրական դաշտն է հստակեցնում։ Սա հստակ և խիստ մոտեցումներ ցուցաբերելու հիմք է ապահովում»,-ասաց նախարարը` խորհրդակցությանը մասնակցող ՊԱԳ վերահսկողության բաժնի աշխատակիցներին հանձնարարելով առավել կտրուկ լինել  հերթագրման կարգի պահպանման հարցում։

«Անգամ ամենազարգացած երկրներում հերթագրումներ են կատարվում։ Սակայն դա պետք է լինի արդար և թափանցիկ»,-ասաց Արմեն Մուրադյանը` նշելով, որ բուժհիմնարկների ղեկավարներն անձամբ պետք է հսկեն հերթագրման հաստատված կարգի ապահովումը։

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկված  տարբեր ծրագրերի որակի ապահովման, պետական բյուջեից հատկացված միջոցների արդյունավետ ծախսման, ստուգումների արդյունավետության բարձրացման և այլ հարցերի առթիվ իր տեսակետը հայտնեց նաև Արա Բաբլոյանը։

«Ստուգումներն օգտակար են թեկուզ այն պատճառով, որ ամենօրյա աշխատանքում միշտ հնարավոր է սխալվել, իսկ թերացումները կողքից ավելի շուտ է նկատվում»,-ասաց Արա Բաբլոյանը։ Նա կարևորեց հատկապես պետական միջոցների արդյունավետ ծախսումը, տարբեր ծրագրերի ծավալների նույնականացումը։

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանձնարարեց, ամիսը մեկ անգամ ՊԱԳ-ի վերահսկողության բաժնի կատարած աշխատանքների հաշվետվություն ներկայացնել ։




Լրահոս