Գյուղերի միջև տեղադրված հակակարկտային կայանները դարձել են կռվախնձոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուրջ 3 տարի է, ինչ ՀՀ Արագածոտնի մարզի Կանչ, Հակո, Արեւուտ եւ Գետափ գյուղերի բնակիչները վնասներ են կրում իրենց գյուղերի հարակից տարածքներում տեղադրված հակակարկտային կայանների պատճառով: Այդ համայնքների բնակիչների խոսքով` կայանների կրակոցների հետեւանքով իրենց դաշտերը անձրեւի երես չեն տեսնում, արդյունքում ցորենի, գարու ողջ բերքը փչանում է: Իսկ, ահա, Արագածավան, Արտենի գյուղերի բնակիչների համար այդ կայանները առատ բերք ստանալու գրավականներից են. այստեղ հիմնականում ծիրան են աճեցնում, եւ հակակարկտային պաշտպանությունը պարտադիր է: Այդպիսով` այս գյուղերի միջեւ տեղադրված հակակարկտային կայանները դարձել են կռվախնձոր:

Կանչի գյուղապետ Մրազ Բշարյանի պատմելով՝ գյուղի մոտակայքում տեղադրված 50 հակակարկտային կայանների պատճառով իրենք չեն կարողանում ցորենի եւ գարու բերք հավաքել: «Բազմիցս դիմել ենք արտակարգ իրավիճակների նախարարություն, նույնիսկ ճանապարհներ ենք փակել, միեւնույն է՝ հարցը ոչ մի կերպ չի կարգավորվում: Անգամ այս խնդրի շուրջ նամակով դիմել ենք Սերժ Սարգսյանին: Սակայն ապարդյուն. հարցը ոչ մի կերպ չի լուծվում»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վրդովված նկատեց Բշարյանը:

Կանչեցիների խոսքերով՝ հակակարկտային կայանների կրակելու պատճառով անձրեւներ չեն տեղում, ինչի արդյունքում գյուղերի արոտավայրերն ու հացահատիկի, գարու դաշտերը մնում են անջրդի: «Օրինակ՝ Շիրակի մարզի բնակիչները նախորդ տարի հացահատիկի լավ բերք են հավաքել, իսկ մենք՝ ոչ: Սա էլ երրորդ տարին է՝ մենք բերք չենք ստանում: Հենց աննշան ամպեր են կուտակվում, հակակարկտային կայանները սկսում են կրակել: Ճիշտ է՝ Արագածավանի, Արտենիի բնակիչներն էլ պնդում են, թե իրենք էլ պետք է ծիրան հավաքեն, բայց այդ դեպքում մենք ինչ անենք »,- հուսահատվեց Կանչի գյուղապետը: Նշենք, որ տեղադրված հակակարկտային կայաններից դժգոհում են ոչ միայն Կանչի, այլեւ Արեւուտի, Հակոյի, Գետափի բնակիչները :

Նույն խնդրի շուրջ դժգոհող Հակո համայնքի ղեկավար Սերյոժա Չարչոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հետեւյալն ասաց. «Իրենց պատճառով գյուղում երաշտ է լինում. հենց մի ամպ է լինում, կրակում են: Մեր բողոքից հետո իրենց կանչում են, ասում են՝ մի՛ զարկեք, բայց միեւնույն է՝ իրենք զարկում են ու զարկում: Օրինակ՝ վերջին անգամ մեր գյուղում անձրեւ եկել է մեկ ամիս առաջ: Ցորենը լավ սկսել էր աճել, հենց այս մեկ ամսվա ընթացքում անձրեւ չեկավ, գարու ու ցորենի հատիկները չեն մեծանում: Հարավային քամին չորացրել է: Անցյալ տարի ընդհանրապես չենք քաղել ցորեն կամ գարի: 2012 թվականին նույնպես ցորեն, գարի չենք հավաքել »,- զայրացած նկատեց Հակոյի գյուղապետ Չարչոյանը:

Ի հակառակ Կանչիի եւ Հակոյի բնակիչների՝ հակակարկտային կայանների մշտական գործունեությունը խիստ կարեւոր է Արագածավանի ու Արտենիի բնակիչների համար, որոնք ծիրանի բազմահեկտարանոց այգիներ ունեն: Արտենիի գյուղապետ Գեղամ Խլղաթյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ իրենք մեկ տարի է, ինչ օգտագործում են հակակարկտային կայան: «Լսել եմ, որ հարակից գյուղերի բնակիչները դժգոհություններ ունեն, բայց դա շատ նեղ մասնագիտական է, այս պատճառով չեմ կարող խոսել այդ մասին: Մենք համապատասխան մասնագետների հետ խոսել ենք ու պարզել, որ դա նույնիսկ նպաստում է անձրեւների գալուն: Մեր գյուղում հեկտարներով ծիրանի այգիներ ունենք, նախորդ տարի մեծ վնասներ կրեցինք կարկուտից, եւ որպես փոխհատուցում պետությունը մեզ հակակարկտային կայան տվեց, առանց որի հիմա չենք կարող»,- ներկայացրեց Խլղաթյանը:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության հակակարկտային տեսչության պետ Արմեն Կարապետյանի հետ: «Իրենց կողմից բարձրացված խնդիրները հիմնավոր չեն: Մենք ունենք լակատերային կենտրոն, հենց այդ լակատերն ամպերի մեջ տեսնում է գոյացություններ, այդ դեպքում ջերմաստիճանն ու ամպերի բարձրությունն է չափվում եւ այլն, ապա որոշում է կայացվում կրակելու մասով: Հակակարկտային կայանները չեն կարող ամպերը ցրել: Դրանք տեղումները թափվելու համար են: Մենք կարկտի դեմ ենք պայքարում եւ ոչ թե ամպերի խոնավության»,- բացատրեց մասնագետը:

Հակակարկտային տեսչության պետից տեղեկացանք, որ Արագածավանում ծիրանի այգիների սեփականատերերից մի քանիսն իրենց սեփական միջոցներով են հակակարկտային կայան տեղադրել. «Ոչ մեկը չի արգելում, բոլորն էլ կարող են ձեռք բերել ու տեղադրել: Բայց հանրապետության մեջ եղած բոլոր հակակարկտային կայանները կառավարվում են միայն մեր կողմից: Մենք իրենց հետ պայմանագիր ունենք կնքած այն մասին, որ իրենք իրավունք չունեն ինքնուրույն դրանք միացնելու եւ անջատելու: Մենք դա իրենց փոխարեն ենք անում: Դա իրենց չի թույլատրվում, եւ վերահսկվում է մեր օպերատորների կողմից»,- վստահեցրեց տեսչության պետը:

Ի դեպ, նշենք, որ ՀՀ-ում տեղադրված է 421 հակակարկտային կայան, որոնց մեջ կան պետական, համայնքային եւ սեփական կայաններ: Իսկ հանրապետության կտրվածքով հակակարկտային կայանների ընդհանուր պահանջարկը կազմում է 5165: «Մենք Կառավարությանը ներկայացրել ենք, որ գոնե առաջիկայում նորմալ պաշտպանություն ունենալու համար առաջնահերթության կարգով հատկացվի 1021 հակակարկտային կայան»,- փոխանցեց հակակարկտային տեսչության պետ Ա. Կարապետյանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս