ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ՆՐԱՆՔ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԱՄԱՆՈՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքում արդեն զգացվում է տոնական եռուզեռը, փողոցները զարդարվում են, մարդիկ սկսել են սնունդ ու նվերներ գնել, դեկտեմբերի 20-ին էլ կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը: Իսկ թե ինչպես են պատրաստվում տոներին ԹՈՎՄԱՍ ՊՈՂՈՍՅԱՆՆ ու ԱՆԻ ՂԱՄԲԱՐՅԱՆ-ԱՄԻՐՅԱՆԸ, կիմանաք՝ ընթերցելով հարցազրույցը:

ԱՆԻ ՂԱՄԲԱՐՅԱՆ-ԱՄԻՐՅԱՆ
-Մեզ մոտ նախատոնական տրամադրություն է, բայց եթե անկեղծ` տոնածառը դեռ չեմ զարդարել՝ չնայած անցած տարի այս ժամանակ շատ բան էի հասցրել: Նոր տարին առանձնապես չեմ սիրում: Մենք պրակտիկ ընտանիք ենք, մինչեւ հիմա աշխատանքների մեջ ենք, Նոր տարվան նախապատրաստվելու ժամանակ չունենք:
Սակայն արդեն որոշել ենք` որտեղ անցկացնել մեր տոները: Նույնիսկ արդեն տոմսերն ենք ձեռք բերել: Նոր տարվա գիշերը կլինենք տանը, բայց հունվարի 5-ից մեկնելու ենք Բարսելոնա, հետո Պրահա: Մինչ այդ կգնանք մի քանի բարեկամի տուն, ում շատ ուզում ենք շնորհավորել: Հունվարի 7-ին ամուսնուս՝ Ստեփանի 30-ամյակն է, դրսում կնշենք: Մենք շեշտն ավելի շատ դրել ենք հետաքրքիր անցկացնելու, քան սեղանի ճոխության վրա, տանն ամեն սենյակում մի տոնածառ լինի կամ այլ բաներ: Ճիշտ է, դա ստեղծում է մթնոլորտ, բայց ներքին տոնն ավելի կարեւոր է, քան արտաքին ձեւավորումը:
Հետաքրքիրն այն է, որ բոլորն ամեն տարի ասում են` այս տարի թեթեւ ենք անելու, բայց մենք` հայերս, սիրում ենք ճոխ դիմավորել, որ ամբողջ տարին այդպես անցնի: Պետք է արդեն հասկացած լինեինք, որ ամեն ինչ այդ օրվանից կախված չէ: Կան մարդիկ, որ պարտք են անում, այդ օրը ճոխ է անցնում, բայց ամբողջ տարի պարտք են վճարում:
-Կհիշե՞ք ամենաուրախ Նոր տարին:
-Թվականը չեմ հիշի, բայց մենք ընկերներով նշեցինք այն «Օջախ» ռեստորանային համալիրում: 12-ին մենք տանն էինք, հետո ես ու եղբայրս միացանք մեր ընկերներին: Առավոտյան 5-6-ին նոր տուն ենք եկել: Ամենաուրախն այդ տարին էր, քանի որ հիմնականում Նոր տարվան ես մի քիչ լացում եմ, նույնիսկ չգիտեմ՝ ինչու: Ամենահիշարժանը նաեւ նախորդ տարին էր, որովհետեւ ես նոր ընտանիքով էի դիմավորում` Ստեփանի եւ իր մայրիկի հետ: Անցած տարի ամեն ինչ ես եմ ձեւավորել:
-Ճիշտ է, տոների մի մասն այստեղ չեք նշելու, բայց, այնուամենայնիվ, նվերներ գնելո՞ւ եք Ձեր սիրելիներին:
-Իհարկե: Մենք էլ ամեն տարի Ձմեռ պապիկից նվերներ սպասում ենք: Մեզ մոտ երեխաներն են շատ` ընկերների, բարեկամների, ես ավելի շատ մտածում եմ, թե իրենց ինչ հետաքրքիր բան կարելի է նվիրել:
-Իսկ Դուք ի՞նչ նվեր եք ուզում:
-Ես սիրում եմ նվերներ ստանալ, գնահատում եմ այդ ամենը, բայց դա չէ ամենակարեւորը: Ինձ ավելի շատ լավ մթնոլորտ ու լավ միջավայր է հարկավոր:
Ուզում եմ շնորհավորել բոլորի Նոր տարին: Գիտեմ՝ օձի տարի է, դա ընդհանրապես խայթող սողուն է, ուզում եմ, որ ոչ մեկի կյանքում խայթոցներ չլինեն, բոլորն ապրեն հանգիստ, խաղաղ եւ հարուստ:

ԹՈՎՄԱՍ ՊՈՂՈՍՅԱՆ
-Նոր տարուն դեռ չենք սկսել նախապատրաստվել, ժամանակ ունենք, վերջին օրերին ենք պատրաստվում: Գնումներ էլ դեռ չենք կատարել: Չնայած այդ ամենով զբաղվում է տիկինս: Ես կենցաղից դուրս մարդ եմ: Ավելի շատ զբաղվում եմ իմ գործունեությամբ՝ «Սայաթ-Նովա» անսամբլ, Ջիվանու դպրոց, աշուղների միություն եւ այլն, եւ այլն…
-Որտե՞ղ եք սովորաբար նշում Նոր տարին:
-Տանը: Բայց պատահել է, որ դրսում էլ եմ նշել, քանի որ այդ ընթացքում Հայաստանում չեմ եղել: Իսկ ընտանիքս միշտ էլ տանն է դիմավորել Նոր տարին, դա մեր ընտանեկան ավանդույթն է:
-Ի՞նչ սպասելիքներ ունեք 2013 թվականից, օձի տարի է, ասում են՝ իմաստություն է բերելու:
-Շատ լավ է, ես ուզում եմ, որ իմաստությունն առաջնորդի մեզ եւ մեր երկրի ղեկավարներին, որպեսզի իրենց միտքը պայծառանա, մաքուր ապրեն եւ հնարավորինն անեն մեր ժողովրդի ու հայրենիքի բարօրության համար:
Բոլորիս երազանքն է, որ տարին լինի խաղաղ, պատերազմ չլինի, որ մեր բանակը հզոր լինի, մեր զինվորներն ու զավակներն առողջ լինեն, պահպանեն հայրենիքի սահմանները, ժողովուրդն էլ ապրի խաղաղ ու ստեղծագործ կյանքով:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս