ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ի՞նչ է արվում  կամ ի՞նչ է արվել մինչեւ այսօր նոր ատոմակայան կառուցելու համար: Հնարավո՞ր չէ Արաքս գետի մոտ ջրամբարներ կառուցել, եւ այդ նոր ատոմակայանը կառուցել Արաքսի ափին՝ այդ ջրամբարներին մոտ: Բոլորիս է հայտնի, որ նոր ատոմակայան կառուցելու դեպքում երկու անգամ ավելի շատ ջուր է պահանջվելու ռեակտորների սառեցման համար: Այլ տեղում կառուցելու դեպքում գյուղացիներին մատակարարվող ջուրը կպակասի: ՀՀ կառավարությունը մտածո՞ւմ է այս ուղղությամբ:

Վլադիմիր Մելիքբեկյան (45 տարեկան, ճարտարագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Միջուկային էներգաբլոկների կառուցման հարթակներին ներկայացվում են հատուկ պահանջներ, որոնցից հիմնականներից են հարթակի սեյսմակայունությունը եւ տեխնիկական ջրի առկայությունը:
Հայկական ԱԷԿ-ի հարթակը բավարարում է հարթակին ներկայացվող սեյսմակայունության պահանջներին, որ վերջնական հաստատում ստացավ 2010թ. «Նորատոմ» կոնսորցիումի կողմից կատարված հայկական ԱԷԿ-ի հարթակի սեյսմիկ, հրաբխային եւ երկրաֆիզիկական հետազոտությունների արդյունքում: Նոր միջուկային էներգաբլոկի կառուցման համար այլ հարթակի ընտրության անհրաժեշտություն չկա:
Ինչ վերաբերում է տեխնիկական ջրի բավարարության հարցերին, ապա հայտնում ենք, որ տեխնիկական ջրի անբավարարության դեպքում, նոր միջուկային էներգաբլոկի նախագծման ժամանակ, կքննարկվի էներգաբլոկի հովացման «չոր» հովացուցիչների օգտագործման հնարավորությունը:

 ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների
նախարարի տեղակալ Արեգ Գալստյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, տարածքի գյուղական բնակավայրերի բնակիչներն առայժմ մտահոգվելու առիթ չունեն. նախ՝ նոր միջուկային էներգաբլոկն առայժմ ո՛չ կառուցվում է, ո՛չ էլ նախագծվում, բայց որ կառուցվի էլ՝ տեխնիկական ջրի քանակությունը չի տուժելու, քանի որ մասնագետները խոստանում են «չոր» հովացուցիչներ օգտագործել:




Լրահոս