ՁՄԵ՛Ռ ՊԱՊԻԿ, ԹՈՂ ԱՐՏԱԳԱՂԹ ՉԼԻՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Շարունակում ենք ներկայացնել, թե հայտնիներից ով որտեղ եւ ինչպես է տոնելու իր Նոր տարին: Այս անգամ իրենց ամանորյա ծրագրերով մեզ հետ կիսվեցին երգչուհի ԱԻԴԱ ՍԱՐԳՍՅԱՆՆ ու երգիչ ԱՐԹՈՒՐ ԻՍՊԻՐՅԱՆԸ: 
ԱԻԴԱ ՍԱՐԳՍՅԱՆ
-Այս տարի Նոր տարուն լինելու եմ Երեւանում, անցած տարի Դուբայում էի: Ու քանի որ տանը չենք նշելու, այդ օրվա համար հատուկ պատրաստություն չենք տեսնելու, սակայն քաղցրավենիք ու հրուշակեղեն պարտադիր կգնենք, դե այն ամենը, ինչ չի փչանում: Դեկտեմբերի 31-ին ես ելույթներ ունեմ, ընտանիքս էլ հետս կլինի: Հավանաբար հունվարի 1-ից էլ կգնանք մեր հանգստավայրերից մեկը ու կվայելենք մեր լիարժեք հանգիստը: Տանը նաեւ եղեւնի կդնենք, դա պարտադիր է՝ անկախ նրանից, տանը փոքրիկ ունես, թե ոչ: Առանց տոնածառ Նոր տարի չի լինում:
-Փաստորեն, Ձեզ համար աշխատանքային Նոր տարի է լինելու:
-Ոչ շատ ծանրաբեռնված, այդքան չեմ փորձում ծանրաբեռնել, քանի որ փոքրիկս ինձ հետ պետք է լինի: 
Ձեր բալիկն արդեն որոշե՞լ է, թե ինչ է ուզում Ձմեռ պապիկից:
-Գիտեք, այնքան փոփոխական բաներ է ասում, ուզում ենք հասկանալ` վերջնականապես ինչ է ուզում: Ինքն էլ դեռ չի կողմնորոշվում, ամեն օր նոր ցանկություններ են ի հայտ գալիս:
-Իսկ Դուք ի՞նչ եք ուզում:
-Խաղաղություն, սեր, երջանկություն եւ գործնական հաջողություններ: Ես ոչ մի նյութական բան չեմ ուզում, հավատացե՛ք՝ դրանց հատուկ տեղ չեմ տալիս: Ինձ համար ավելի արժեքավոր են մարդկային փոխհարաբերությունները` կառուցված ճիշտ հիմքի վրա: Իմ ընտանիքի բարեկեցիկ վիճակն ինձ համար մեծ նվեր է, իմ գործնականի հետ կապված նոր հետաքրքիր բան անելն ինձ համար նվերի պես բան է: Այս կյանքում այնքան բան կա, որ շոշափելի նվերներից էլ առավել է: 
Ո՞րն էր Ձեր կյանքի ամենաանմոռանալի Նոր տարին: 
-Մի քանի տարի առաջ ԱՄՆ-ում, երբ դիմավորեցի Նոր տարին ու 5 օր հետո ունեցա իմ բալիկին: Սուրբ ծնունդին ծնվեց իմ աղջիկը: Ճիշտն ասած, այս տարի ուզում էինք մեկնել Հորդանան, որպեսզի նաեւ աղջկաս մկրտեինք եւ իր ծնունդը նշեինք, բայց քանի որ այսօր այնտեղ մի քիչ խառն է վիճակը, դրա համար էլ ծրագրերը փոխվեցին: Իմ երազանքներից մեկն է` լինել այդ բոլոր սրբավայրերում, բայց քանի դեռ բալիկս փոքր է, սպասում եմ մեծանա, որ ինքն էլ ինձ հետ այդ ամենը վայելի: 
ԱՐԹՈՒՐ ԻՍՊԻՐՅԱՆ
-Մենք չենք սիրում Նոր տարին անցկացնել ռեստորաններում կամ պարահանդեսներում, մենք նախընտրում ենք լինել տանը` ընտանեկան միջավայրում: 
Շատ ավանդույթների հետեւից չենք ընկնում, էլի սեղան դնում ենք, աղցաններ պատրաստում, բայց չենք ծանրաբեռնում մեր սեղանները յուղոտ կերակուրներով, առողջ ու թեթեւ ուտելիք ենք նախընտրում: 
-Ձեր կինը յուրահատուկ ուտեստներ պատրաստո՞ւմ է:
-Շատ տարբեր բանջարեղենային աղցաններ է սարքում` ոսպով, լոբով, մսեղեն առհասարակ քիչ ենք օգտագործում, ավելի շատ բուսական ու հացահատիկային կուլտուրաներ: Բայց խոզի բուդ մամաս, պապաս պարտադիր դնում են:
-Հաշվե՞լ եք` Նոր տարվա գնումների վրա մոտավորապես որքան է ծախսվում:
-Դե ես մոտավորապես հաշվել եմ` Նոր տարվա սեղանի վրա, որ 13 օր է տեւում, երեւի թե կծախսվի մի 2 հազար դոլար:
-Ավելի հարմար չէ՞ր լինի այդ գումարով մի տեղ գնալ:
-Մենք ամեն տարի ԱՄՆ-ում ենք նշում, բայց այս տարի որոշեցինք Երեւանում լինել` ընտանիքիս հետ:
-Ձեր երկու որդիներն ի՞նչ են խնդրել Ձմեռ պապիկից:
-Դեռ նամակ չեն գրել, ու չգիտենք՝ ինչ են խնդրելու: Անցած տարի հեծանիվ խնդրեցին, առանք հեծանիվները: Ինչ էլ ուզեն, կկատարենք իրենց ցանկությունը:
-Իսկ ո՞րն է Ձեր ցանկությունը:
-Ցանկությունս է, որ Հայաստանում խաղաղություն ու արդարություն լինի: Շնորհավորում եմ Նոր տարին, ցանկանում եմ` բեղմնավոր տարի լինի, ու այնքան լավ պայմաններ լինեն, որ արտագաղթ չլինի, ինչպես այս տարի եղավ: Չեմ ուզում, որ մարդիկ հեռանան, մանավանդ սահմանամերձ գյուղերից: Ու հիմնականում գրագետ ու կիրթ մարդիկ չհեռանան էս երկրից ու մեզ մենակ չթողնեն: Ծննդատներն էլ պայթեն էրեխեքի առատությունից, բժիշկները չհասցնեն ծնունդ ընդունել: Սրանից ավելի էլ ի՞նչ մաղթեմ: 
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս