ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եղբորս որդին Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի բակալավրիատի վերջին կուրսի ուսանող է. նրան վերջերս հարմար աշխատանք են առաջարկել, բայց ինստիտուտում մեր՝ հեռակա ուսուցման անցնելու խնդրանքին մերժումով պատասխանեցին: Արդյո՞ք մերժումն օրինական է, բացառություններ կարո՞ղ են լինել եւ ո՞ր դեպքերում:

Սաթենիկ Բալասանյան (51 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N1240-Ն որոշմամբ հաստատված հավելվածի «Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների ակադեմիական շարժունության կարգի» 12-րդ կետի՝ «Չի թույլատրվում բակալավրի կրթական ծրագրով առաջին եւ ավարտական կուրսերում ուսանողի տեղափոխությունը:…»:
Օրաթերթում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ուսանողը սովորում է ավարտական կուրսում, ուստի բուհը, առաջնորդվելով վերը նշված կարգի 12-րդ կետով, չի կարող իրականացնել ուսանողի տեղափոխությունը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար
Արմեն Աշոտյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելորդ անգամ զարմանում ես մեր կառավարության որոշումների ու դրանց հավելվածների վրա. թվում է՝ դրանք հաստատվում են շատ հարցերում քաղաքացիներին լրացուցիչ հնարավորություններ տալու համար: Այնինչ, ինչպես այս օրինակում, դրանք միայն սահմանափակումներ են մտցնում: Ահա՝ ավարտական կուրսի շեմին ուսանողին առաջարկվել է հարմար աշխատանք (համաձայնե՛ք՝ մեր օրերում այն գտնելը մեծ հաջողություն է), բայց կառավարական որոշման հավելվածի կետի համաձայն՝ ուսանողին մերժել են անցնել հեռակա ուսուցման` զրկելով աշխատելու հեռանկարից: Այդպե՞ս են աջակցում ուսանողներին գիտելիքահեն մեր կառավարությունում:




Լրահոս