Ես սիրահարված էի Կինսկիին, կարծում էի, թե կամուսնանամ նրա հետ. Գագիկ Մադոյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնն ամփոփեց մրցութային ծրագրերի արդյունքները: Լավագույն սցենարի համար «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի կողմից մրցանակի արժանացավ «Ճանապարհ» ֆիլմի ռեժիսոր Գագիկ Մադոյանը: Նրա մրցանակը հանձնեց աշխարհահռչակ դերասանուհի, փառատոնի պատվավոր հյուր Նաստասյա Կինսկին: Դե, իսկ Գագիկ Մադոյանն էլ առիթը բաց չթողեց եւ նրան առաջարկեց նկարահանվել իր նոր ֆիլմում: Կինսկին իրեն հատուկ ջերմությամբ ընդունեց հայ ռեժիսորի առաջարկը եւ ասաց` այո: «Ժողովուրդ»-ը Գագիկ Մադոյանի հետ զրուցել է մրցանակի, անսպասելի առաջարկի եւ հետագա անելիքների մասին:

-Գագի՛կ, կարծես թե մրցանակը Ձեզ շատ է հուզել, այո՞:

-Իհարկե, մրցանակը ստանալու պահը շատ հուզիչ էր, մտքովս երբեք չէր անցնի, որ կարժանանամ այդ պատվին, թեեւ ինձ համար «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցութային ծրագրին մասնակցելն արդեն իսկ մեծ հաղթանակ էր: «Ճանապարհ» ֆիլմն իմ դիպլոմային աշխատանքն էր, այն հաջողություն գրանցեց նաեւ ֆիլմի շուրջ հավաքված թիմի, մասնավորապես դերասաններ Սերգեյ Թովմասյանի եւ Անի Ղազարյանի շնորհիվ:

20222_895441647203569_2012050933403712822_n

 

-Նաստասյա Կինսկիին առաջարկություն անելը ռիսկային քայլ չէ՞ր: Շատերը թերահավատ են, թե Կինսկին երբեւէ կնկարահանվի Ձեր ֆիլմում:

-Ես այդ րոպեին չեմ մտածել` ինչ է կատարվում ինձ հետ, կարելի է ասել` աֆեկտի տակ էի…Դե, Կինսկին հո հանրության առջեւ չէ՞ր ասի ոչ: Ինքս էլ մտածում էի, որ նա ասաց այո, անցավ-գնաց, բայց հետո այնպես ստացվեց, որ նա հիշեցրեց ինձ այդ մասին: Առայժմ այսքանը կարող եմ ասել: Ու թեեւ շատերը կարծում են, թե դա հեքիաթ է, ես առավել քան վստահ եմ, որ դա իրականանալու է: Ես ուզում եմ, եւ դա կլինի:

-Նաստասյա Կինսկիին որպես դերասանուհի, երբվանի՞ց եք ծանոթ, մի՞շտ եք համակրել նրան:

-Նրան՝ որպես դերասանուհու, հիշում եմ դեռեւս «Նվաստացվածներն ու անարգվածները» ֆիլմից, այդ ժամանակ ես տարիքով փոքր էի, սիրահարված էի նրան, անգամ կարծում էի, թե կամուսնանամ նրա հետ. դա մինչեւ այսօր հիշում եմ: Իհարկե, տեսել եմ նաեւ Կինսկիի մասնակցությամբ մի շարք այլ ֆիլմեր, կարծում եմ, որ նա շատ մեծ եւ ուժեղ դերասանուհի է, հոլիվուդյան մի շարք աստղերից շատ ավելի բարձր է:

11695992_895441653870235_7213200092975320224_n

 

– Կինսկիի մասնակցությամբ ֆիլմը, բնականաբար, մեծ գումարներ կպահանջի, ինչպե՞ս եք պատրաստվում հոգալ այդ ծախսերը:

-Եթե նա վերջնականապես համաձայնի նկարահանվել տվյալ դերում, գումարը խնդիր չի լինի, հովանավորչություն կլինի, կարծում եմ` կգտնվեն մեծահարուստներ, որոնք կֆինանսավորեն այդ ֆիլմը: Պարզապես Կինսկիի մասնակցությամբ ֆիլմն այն փուլում չէ, որ արդեն գումարի մասին մտածեմ: Ես հիմա աշխատում եմ իմ երկրորդ կարճամետրաժ ֆիլմի վրա, սպասում եմ Ազգային կինոկենտրոնի աջակցությանը, որպեսզի սկսեմ նկարահանումները: Ուզում եմ աստիճանաբար մոտենալ լիամետրաժ ֆիլմին:

-Ինքներդ էլ նկատել եք, որ կարճամետրաժ ֆիլմերը Հայաստանում միայն փառատոնների շրջանակներում են հաջողություններ ունենում: Ի՞նչ եք կարծում` ո՞րն է դրանք ավելի մասսայական դարձնելու ուղին:

-Դրա համար պրոդյուսերական լուրջ մոտեցում է պետք: Գոյություն ունի «փաթեթային կինո», որը թույլ է տալիս մի քանի կարճամետրաժ ֆիլմեր վերցնել եւ միասին մատուցել հանդիսատեսին, որպեսզի վերջինս էլ չփոշմանի իր տրամադրած ժամանակի եւ գումարի համար: Ամբողջ աշխարհում հենց այդպես էլ արվում է: Կարճամետրաժ ֆիլմերը մասսայական դարձնելու արդյունավետ միջոց է համացանցը, իսկ, ահա, հեռուստատեսությունում դրանք, ցավոք, պահանջարկ չունեն:

11753285_895441650536902_1309077901173400977_n

 

-Դուք, լինելով Համազգային թատրոնի դերասան, հանրության առավել լայն հատվածին հայտնի եք սերիալների եւ արդեն նաեւ` Ձեր վերջին հաղթանակի շնորհիվ…

-Դե, բնական է, որ մասսայականություն վայելող ծրագրերն ավելի մեծ ճանաչում են բերում դերասանին, ինքս նորմալ եմ վերաբերվում սերիալներին, բայց նաեւ այն կարծիքին եմ, որ հաջորդ նկարահանվող սերիալը պետք է ավելի լավը լինի, քան նախորդը: Այսօր Հայաստանում սիթքոմները շատ ավելի հաջողված են, քան այն սերիալները, որոնք պարունակում են դրամատիզմ եւ ողբերգություն: Ինչ վերաբերում է թատրոնին, կարծում եմ` ինձ այնտեղից էլ գիտեն: Ի դեպ, աշնանը մեր թատրոնում կսկսենք զբաղվել նոր բեմադրությամբ, այնպես որ, սպասեք նորությունների:

Աննա Բաբաջանյան




Լրահոս