Կին ու տղամարդ միմյանց ծեծել են անասուններին արածացնելու պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ, շարունակվում է Ստեփան Անտոնյանի և Գոհար Ղազոյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Վերջիններս մեղադրվում են խոշոր եղջերավոր անասուններ արածացնելու պատճառով առաջացած վեճի ժամանակ միմյանց հարվածելու մեջ:
Ստեփան Անտոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հոկտեմբերի 17-ին խոշոր եղջերավոր անասունները արածացնելու պատճառով առաջացած վեճի ժամանակ ձեռքով և ձեռնափայտով հարվածել է Ղազոյանի գլխին, պատճառելով թեթև վնաս: Գոհար Ղազոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա վիճաբանել է Անտոնյանի հետ, ապտակել նրան և ձեռնափայտով հարվածել, պատճառելով թեթև վնասի հատկանիշ չպարունակող մարմնական վնասվածք:
Ստեփան Անտոնյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, իսկ Գոհար Ղազոյանը 117-րդ և 118-րդ հոդվածներով: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 14-ին:
“Փաստինֆո”




Լրահոս