«Քաղաքական չարիքի» առաջնորդն այլևս «վտանգավոր չէ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ  ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ էին հավաքվել քաղաքական էլիտայի ներկայացուցիչները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Վերջիններս Նոր Հաճնում մասնակցում էին Ծառուկյանի հովանավորությամբ կառուցված եկեղեցու բացմանն ու օծմանը: Այդ օրը վերստին ակնհայտ դարձավ, որ 5 ամիս առաջ Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը, թե «Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք», զրոյական նշանակություն ունի հենց իր համար, քանի որ երեկ Սարգսյանը կրկին այդ «չարիքի» կողքին էր, եւ ո՛չ նա, ո՛չ էլ Սերժ Սարգսյանին, ի պատասխան, «չարիք» որակած Ծառուկյանը ամենեւին չէին կաշկանդվում` հանրության առջեւ ներկայանալով այնպես, կարծես ոչինչ չէր եղել:

Մինչդեռ դժվար է մոռանալ փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ ունեցած ելույթը, երբ նա իր թիմակիցների մոտ «մեղա» գալով` հայտարարեց, թե իսկապես մեղավոր է, որ Ծառուկյանին ու նրա գործունեությունը լուրջ է համարել: «Տարիներ շարունակ ե՛ս եմ ուղղակիորեն արգելել ձեզ հրապարակավ հանդես գալու Ծառուկյան Գագիկի բոլոր անհեթեթությունների դեմ՝ անձամբ փակելով այդ քաոսը, ե՛ս եմ արգելել որեւէ մեկին հոլովել ժողովրդի կողմից դակված «Դոդի Գագո» կնիքը, ե՛ս եմ բոլորիդ հորդորել ժամանակ տալ այստեղ-այնտեղ հնչեցրած հերթական վտանգավոր նախադասությունից հետո՝ բացատրելով, որ նա ուղղի իր սխալը: Անձնական ինչ-որ շահ չեմ ունեցել. փորձել եմ ինձնով փակել ակնհայտ խնդիրը՝ այն շատ շատերի խնդիրը չդարձնելու համար»,-հայտարարել էր Սարգսյանը:

Կարճ ժամանակ անց, սակայն, պարզվեց, որ Սարգսյանը մոռացել է իր հայտարարության մասին ու արդեն մասնակցում է Գագիկ Ծառուկյանի կողմից կառուցված եկեղեցու բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Վահե Էնֆիաջյանը, Մարտուն Գրիգորյանը, Գրիգորի Մարգարյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ու խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:

Սերժ Սարգսյանը մոտենալով եկեղեցուն՝ իջավ մեքենայից ու ժողովրդի «միջով» հասավ եկեղեցու բակ, իսկ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եկեղեցուն մոտեցավ սեփական մեքենայով՝ «թիկնապահների» ուղեկցությամբ ներս մտավ, ապա նույն կերպ հեռացավ: Սերժ Սարգսյանին ՀՀ քաղաքացիները փորձում էին հարցեր ուղղել, նամակներ փոխանցել, սակայն ապարդյուն: Եկեղեցու օծման արարողությունից հետո իշխանական վերնախավի ներկայացուցիչները հեռացան: Իսկ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, անդրադառնալով եկեղեցու բացմանը, լրագրողների հետ զրույցում ասաց. «Մարդիկ իրենց սովը հոգեւոր արժեքների միջոցով կհագեցնեն»: Հարցին, թե սա Գագիկ Ծառուկյանի կառուցած 7-րդ եկեղեցին է, շատ չէ՞, արդյոք, կաթողիկոսը պատասխանեց.«Եկեղեցին երբեք շատ չի լինում»:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս