Կարո Կարապետյանին (Յուվեցի Կարո) սպանելու սպառնալիքը պատվե՞ր էր. գործը մոտենում է ավարտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե դատաքննությանը գոնե 20 տոկոս օբյեկտիվություն լինի, ես համոզված եմ, որ չեմ պարտվի: Armlur.am-ի հետ զրույցում այսպես արտահայտվեց ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Կարո Կարապետյանին (Յուվեցի Կարո) միջին ծանրության վնաս հասցնելու գործով ամբաստանյալ Արթուր Զադոյանը: Վերջինիս խոսքով, այս գործով դատաքննությունն արդեն ավարտին է մոտենում, իսկ ինքը ամբաստանյալի փոխարեն պետք է տուժողի կարգավիճակում լիներ:

Հիշեցնենք, որ 2009-ին Երասխ-Երևան ավտոճանապարհին ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանն իր ավտոմեքենայում վեճի էր բռնվել Դվին գյուղի բնակիչ, Արարատի մարզպետարանի աուդիտոր Արթուր Զադոյանի հետ: Վիճաբանության ընթացքում Զադոյանն ավտոմեքենայի համարանիշ ամրացնելու մեծ բանալիով (ձողով) հարվածել էր Կարապետյանի գլխին: Վերջինս էլ իրեն ամրակցված «Բրաունինգ» տեսակի ատրճանակով 5 անգամ կրակել էր Արթուր Զադոյանի ուղղությամբ` վնասելով աջ ուսն ու աջ ոտքը: Ավելի ուշ Կարապետյանը հայտարարեց, թե Զադոյանն իրեն դարանակալել է ու ցանկացել հաշվեհարդար տեսնել, որպեսզի 57 հազար դոլար պարտքը չտա:

Մեզ հետ զրույցում Արթուր Զադոյանը նշեց նաև, որ հաջորդ նիստին ինքը հանդես կգա վերջին խոսքով, ինչից հետո իր պաշտպանը մի շարք միջնորդություններ կներկայացնի դատարանին:

Armlur.am-ի հարցին՝ որն է պատճառը, որ դատաքննության ընթացքում հրաժարվեց մի պաշտպանի ծառայություններից և դիմեց այլ փաստաբանի, Արթուր Զադոյանը պատասխանեց, թե առաջացել էին անձնական խնդիրներ: Ինչ վերաբերում է դատական նիստերին տուժող կողմի հետ առաջացող վիճաբանություններին, Ա. Զադոյանն ասաց, թե վիճաբանություններ չեն լինում, պարզապես տուժող կողմի փաստաբանը «ճառ է ասում, որը ուղեղի մեջ չի տեղավորվում»:

Նշենք, որ Կարո Կարապետյանը դատարանում վստահեցրել էր, թե Արթուր Զադոյանի հետ տեղի ունեցած միջադեպը պատվերի հետևանք է: Պատգամավորի խոսքով, այս ամենը Զադոյանը սարքել է իր պարտքը տալուց խուսափելու համար. «Սաղ Եվրոպայում հազար անգամ դատված ա էղել: Ասել ա՝ եթե Կարոն ինձնից փող ուզեր, ես իրան կխփեմ գլխից: Եվրոպաներում  նենց տղեքի եմ խփել, իրան խի պիտի չկարանամ խփեմ: Էս ամեն ինչի շարժառիթն էն ա էղել, որ ինքը չի ուզել իմ փողը տա: Դրա համար էլ ուզում էր ինձ խփեր: Ինքը չի ապրի, մինչև չասի՝ զակազչիկն ովա: Իրավապահ մարմինը ես եմ իմ համար»:

Նշենք, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 19-ին:




Լրահոս