«Փաստացի կեղծ տվյալների հիման վրա ամբողջությամբ զավթել է տունը». ընտանիքը ամիսուկես է` գիշերում է փողոցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին են դիմել ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներ Ծաղկո, Գնել եւ Լուսյա Հակոբյանները, ովքեր հունիսի 8-ից կորցրել են իրենց տունը, եւ ամիսուկես է՝ գիշերում են փողոցում՝ վրանի տակ: Դժվարին կացության մեջ հայտնված քաղաքացիները «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ Արտաշատ քաղաքի Սպանդարյան 10 հասցեի տունը երբեմնի ազգականներին դարձրել է թշնամիներ:

Արտաշատ քաղաքի Սպանդարյան 10 հասցեում գտնվող տունը, ինչի շուրջ եւ ծավալվել է այս պատմությունը, կառուցվել է 80-ամյա Ծաղկո Հակոբյանի եւ իր վաղամեռիկ քրոջ` Լուսիկ Մխիթարյանի ամուսնու` Միշա Մխիթարյանի համատեղ միջոցներով: Վերը նշված հասցեում մի քանի տարի շարունակ բնակվել են Ծաղկո Հակոբյանը եւ նրա քրոջ որդին՝ Նելսոն Մխիթարյանը՝ իր կնոջ եւ երեխաների հետ: Սակայն ընտանեկան վեճերին եւ անհաշտություններին վերջ դնելու համար Ծաղկո Հակոբյանն առաջարկել է բնակարանների փոխանակություն կատարել: Այսպես՝ նա իր քրոջ՝ Լուսիկ Մխիթարյանի մյուս զավակին` Նինել Մխիթարյանին պատկանող, Արտաշատ քաղաքի Դուրյան փողոցի 12 շենքի 39 տունը տրամադրել է Նելսոն Մխիթարյանին, իսկ վերջինս իր երեք զավակների հետ մշտական բնակության է տեղափոխվել Սպանդարյան 10 հասցեում գտնվող տուն:

Տեղեկացնենք, որ ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից դեռեւս 2011 թվականին Նելսոն Մխիթարյանին տրված սեփականության վկայականում որպես Սպանդարյան 10 տան սեփականատերեր նշված են Ծաղկո Հակոբյանն ու Նելսոն Մխիթարյանը:

Սակայն մտերիմ ազգականների՝ Նելսոն Մխիթարյանի, Ծաղկո Հակոբյանի եւ նրա եղբոր որդու՝ Ազատ Հակոբյանի միջեւ առկա թշնամության պատճառը փողն է, որը Ազատ Հակոբյանը պարտքով տվել էր ե՛ւ Ծաղկոյին, ե՛ւ Նելսոնին: Նշենք, որ այս մասին առկա է փաստող համապատասխան գրություն: Ծաղկո Հակոբյանի եղբոր որդու` Ազատ Հակոբյանի եւ Նելսոն Մխիթարյանի միջեւ կազմվել է ստացական, որի համաձայն՝ Նելսոն Մխիթարյանը Ազատ Հակոբյանից ստացել է մոտ 8 հազար ԱՄՆ դոլար:

Որոշ ժամանակ անց Նելսոն Մխիթարյանը արտագնա աշխատանքի նպատակով Հայաստանից մեկնել է արտերկիր: Արդյունքում Ազատ Հակոբյանն իր պարտքը հետ ստանալու համար դիմել է դատական մարմիններին, Արարատի եւ Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի վճռով 2013 թվականի սեպտեմբերի 2-ին Նելսոն Մխիթարյանը ճանաչվել է անհայտ բացակայող, ու որպես պարտքի փոխհատուցում Ազատ Հակոբյանը ձեռք է բերել Սպանդարյան 10 հասցեի տան 1/2-ը: Բացի այս՝ Ազատ Հակոբյանը պարտքով գումար է տվել նաեւ իր հորաքրոջը՝ Ծաղկո Հակոբյանին: Սակայն վերջինս չի կարողացել այդ գումարը հետ վերադարձնել, ինչի արդյունքում տան մյուս կեսն էլ անցել Ազատ Հակոբյանի տիրապետության տակ:

Ծաղկո Հակոբյանի թոռը` Գնել Հակոբյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պնդեց, թե այս դեպքում հաշվի չի առնվել այն փաստը, որ այդ տան համասեփականատերեր են հանդիսանում նաեւ իր մայրը՝ Նինել Մխիթարյանը, ինքը, եղբայրը՝ Գուրգենը, եւ քույրը՝ Լյուսյան, ով ունի անչափահաս աղջիկ:

Այնուհետեւ Ազատ Հակոբյանը նշված անձանցից տունն ազատելու նպատակով դիմել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն: Եւ նախորդ ամսվա՝ հունիսի 8-ին ԴԱՀԿ աշխատակիցները Հակոբյաններին դուրս են հանել տանից: Այժմ 80-ամյա Ծաղկո Հակոբյանն, ով ունի առողջական խնդիրներ, իր թոռների՝ Գնել եւ Լյուսյա Հակոբյանների հետ հայտնվել է փողոցում` չունենալով ոչ մի ֆինանսական միջոց եւ բնակության վայր:

«Ժողովուրդ»-ը Գնել Հակոբյանից տեղեկացավ, որ վերջինիս մայրը՝ Նինել Մխիթարյանը, ու իր եղբայրը՝ Գուրգենը, Հայաստանում չեն: Նրանք մեկնել են արտագնա աշխատանքի՝ այդպես փորձելով լուծել ընտանեկան խնդիրները եւ մարել Ազատ Հակոբյանից վերցրած պարտքը: «Փաստացի կեղծ տվյալների հիման վրա է Ազատ Հակոբյանն ամբողջությամբ զավթել Սպանդարյան 10 հասցեի տունը: Մեր տատիկը՝ Ծաղկո Հակոբյանը, չի հրաժարվում իր պարտքից եւ պարտավորվում է վճարել՝ անգամ վաճառքի դնելով իր տունը, բայց այդ հնարավորությունից եւս զրկված ենք, քանի որ ԴԱՀԿ որոշմամբ այդ տունն արդեն հանձնված է Ազատ Հակոբյանին»,- ներկայացրեց Գնելը:

Հիմա Սպանդարյան 10 հասցեի տունը ԴԱՀԿ աշխատակիցների կողմից կողպված է, իսկ Հակոբյաններն իրենց պատկանող կահույքը հանել են եւ տեղադրել փողոցում, որտեղ եւ նրանք գիշերում են: «Ժողովուրդ»-ը Գնել Հակոբյանից տեղեկացավ, որ տնազրկված այս քաղաքացիները դիմել են դատարան եւ պահանջել են վերանայել գործը: Այն Արտաշատի ընդհանուր իրավասության դատարանի կողմից վարույթ է ընդունվել:

Չնայած սրան՝ Ազատ Հակոբյանը, տունը հանել է վաճառքի` չունենալով դրա իրավունքը: «Մենք համապատասխան թուղթ ենք ներկայացրել կադաստր, որպեսզի տան հետ կապված ոչ մի գործարք չիրականացվի: Բայց այն հանվել է վաճառքի: Դեռ ավելին՝ գովազդի մեջ նաեւ նշված է, որ նույնիսկ շուկայականից ավելի էժան գնով են վաճառում»,- փոխանցեց Գնել Հակոբյանը:

«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Ազատ Հակոբյանի հետ, ով արդարացավ՝ նշելով հետեւյալը. «Իրենք ինձանից գումար են վերցրել պարտքով, ու յոթը տարի է, ինչ չեն վերադարձնում: Իրենց պատճառով ես եմ հայտնվել վատ վիճակում: Իմ ունեցվածքը հիմա կալանքի տակ է դրված, իրենց համար վերցրած տոկոսով գումարը դեռ չեմ վերադարձրել: Հիմա ես հող եմ մշակում, որ գոնե կարողանամ ինչ-որ չափով դուրս գալ այս իրավիճակից»:

Անկախ այն հանգամանքից, թե ով ում որքան գումար է պարտք եւ ինչ պարտավորություն ունի, նկատենք, որ անմարդկային քայլ է` ութսունամյա կնոջը, այն էլ սեփական հորաքրոջը՝ իր թոռների հետ, փողոցում թողնելը: Հուսով ենք, որ տեղական իշխանությունները որեւէ ձեւ կգտնեն` թեկուզ ժամանակավորապես այս ընտանիքի կեցության խնդիրը հոգալու համար:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս