ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ` ԵՐԿՈՒ ՄՏԵՐՄԻԿ ՀԱՄԱԽՈՀՆԵՐԻ ԶՐՈՒՅՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Սերժ Սարգսյանի հետ պարբերաբար հանդիպումներ է ունենում եւ քննարկում տարբեր հարցեր: Ըստ Հարությունյանի` Սարգսյանը քաղաքական շփումներում շատ ընդգրկուն օրակարգ ունի:

-Պարո՛ն Հարությունյան, «Ժողովուրդ»-ի թղթակիցը այսօր (երեկ Ս.Գ.) նկատել է, որ Դուք շատ արագ մուտք եք գործել ՀՀ նախագահի նստավայր: Ի՞նչ խնդիր կար, ինչո՞ւ էիք աճապարում Սերժ Սարգսյանի մոտ:
-Մենք պարբերաբար հանդիպումներ ունենում ենք ամենատարբեր հարցերի հետ կապված, ու այսօր այդ հերթական հանդիպումներից մեկն էր: Դրա անհրաժեշտությունը կար, բայց դրանում որեւէ արտառոց բան չկար: Մենք խոսել ենք նաեւ սահմանադրական բարեփոխումների նախագծի մասին, ես ներկայացրել եմ նախագծի մասին իմ որոշ նկատառումները, ստացել եմ հանրապետության նախագահի կարծիքն ու մեկնաբանությունները: Մենք պարբերաբար ենք հանդիպում, այսինքն՝ դա այնպիսի խնդիր չի, որը քննարկվում է, մեր պարբերական հանդիպումների ժամանակ քննարկվում են բազմաթիվ ու բազմաբնույթ հարցեր: Պատկերացրեք երկու մտերմիկ համախոհների զրույց, ոչ պաշտոնական զրույց:
-Այսինքն՝ Սերժ Սարգսյանը տարբեր հարցերի հետ կապված Ձեր տեսակետն այդքան կարեւորո՞ւմ է, գրեթե ամեն հարցում խորհո՞ւրդ է հարցնում:
-Ես նման ձեւակերպում չէի տա, որովհետեւ ես չեմ կարծում, որ միայն ինձ հետ է նման հանդիպումներ ունենում, նախագահ Սարգսյանը քաղաքական շփումներում բավականին ընդգրկուն օրակարգ ունի, ես համոզված չեմ, որ միայն ինձ հետ է հանդիպումներ ունենում: Նա մտքեր է փոխանակում, մենք ճշգրտում ենք մեր մոտեցումները, իսկ դա ինքնանպատակ չէ: Ես որքան տեղյակ եմ՝ նախագահը նման հանդիպումներ ոչ միայն ինձ հետ է ունենում, կրկնում եմ՝ նա բավականին ընդգրկուն քաղաքական շփումների օրակարգ ունի: Այդքան էլ պետք չէ այս հանդիպումը կարեւորել, որովհետեւ նման հանդիպումներ, նման քննարկումներ լինում են նախագահի հետ: Ես այդտեղ որեւէ արտառոց բան չեմ տեսնում: Սա հերթական, նորմալ աշխատանքային հանդիպում էր, ես փորձեցի ներկայացնել նախագահին տպավորություններս վերջին շրջանում արտաքին քաղաքականության որոշակի նախաձեռնությունների վերաբերյալ: Մասնավորապես խոսել եմ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի եւ Եվրոմիության հետ հարաբերությունների կարգավորման մասին: Ես նախագահին ասել եմ, որ Հայաստանի վարկը, հեղինակությունը երբեք այսքան բարձր չի եղել, ու սա պետք է վերագրել նախագահ Սարգսյանի քաղաքական կապիտալին: Մենք խոսել ենք այս ամենի մասին, քննարկել ենք, թե դա ինչի հետեւանք է ու ինչի կարող է հանգեցնել: Մեր քննարկման թեման սա է եղել, ոչ ավելին:
-Պարո՛ն Հարությունյան, մարտի 26-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ Կառավարությունում տեղի էր ունեցել «Վարչապետների ակումբի» անդրանիկ նիստը, որին մասնակցել էին Հովիկ Աբրահամյանը, Վազգեն Մանուկյանը, Գագիկ Հարությունյանը, Հրանտ Բագրատյանը եւ Դուք: Վարչապետների առաջին հանդիպումից հետո հայտարարվեց, որ ընդհանուր քննարկումներ են եղել, իսկ նման հանդիպումները հաճախակի են լինելու: Արդյո՞ք եղել են նոր հանդիպումներ, ի՞նչ փուլում են ակումբի աշխատանքները:
-Իհարկե, հանդիպում եղել է, բայց դա ինչ-որ ինստիտուտ չի, դա ինչ-որ պետական կառույց չի, որը պարտադրված օրակարգով է աշխատում: Դա ոչ ֆորմալ շփումների հարթակ է, որի կարիքը միշտ երեւի կարող է ունենալ գործող վարչապետը, որովհետեւ այդ շփումների ժամանակ՝ առանց փողկապի հանդիպումների ընթացքում, արտահայտվում են մոտեցումներ, որոնք կարող են օգտակար լինել ընթացիկ քաղաքական, տնտեսական գործունության համար: Հետեւաբար ակումբի աշխատանքը պահանջարկված պետք է լինի նախ եւ առաջ գործող վարչապետի համար: Մենք հիմա ունեցել ենք մեկ հանդիպում, ասեմ, որ հաջողված ու բավականին հետաքրքիր քննարկումներ ծավալվեցին:
-Ի՞նչ են քննարկում ներկա եւ նախկին վարչապետները հանդիպելիս, Ձեր վերջին հանդիպման ժամանակ ո՞րն էր Ձեր քննարկման հիմնական թեման:
-Մեկ թեմա չի եղել, ներկաները տարբեր խնդիրների մասին են բարձրաձայնել, տարբեր խնդիրների մասին են խոսել: Բայց մենք ունենք պայմանավորվածություն այն մասին, որ վարչապետների ակումբի թեմատիկայի վերաբերյալ կարող է բարձրաձայնել միայն գործող վարչապետը: Մեզանից ոչ մեկը վարչապետների ակումբում քննարկվող հարցերի վերաբերյալ մամուլի հետ չի կիսվելու, իսկ գործող վարչապետը, եթե գտնում է նպատակահարմար, ապա դրա մասին խոսում է:

 

 

 

 
«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՉԱՐԻՔԻ» ԱՌԱՋՆՈՐԴՆ ԱՅԼԵՎՍ «ՎՏԱՆԳԱՎՈՐ» ՉԷ

Երեկ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ էին հավաքվել քաղաքական էլիտայի ներկայացուցիչները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Վերջիններս Նոր Հաճնում մասնակցում էին Ծառուկյանի հովանավորությամբ կառուցված եկեղեցու բացմանն ու օծմանը: Երեկ վերստին ակնհայտ դարձավ, որ 5 ամիս առաջ Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը, թե «Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք», զրոյական նշանակություն ունի հենց իր համար, քանի որ երեկ Սարգսյանը կրկին այդ «չարիքի» կողքին էր, եւ ո՛չ նա, ո՛չ էլ Սերժ Սարգսյանին, ի պատասխան, «չարիք» որակած Ծառուկյանը ամենեւին չէին կաշկանդվում` հանրության առջեւ ներկայանալով այնպես, կարծես ոչինչ չէր եղել:

Մինչդեռ դժվար է մոռանալ փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ ունեցած ելույթը, երբ նա իր թիմակիցների մոտ «մեղա» գալով` հայտարարեց, թե իսկապես մեղավոր է, որ Ծառուկյանին ու նրա գործունեությունը լուրջ է համարել: «Տարիներ շարունակ ե՛ս եմ ուղղակիորեն արգելել ձեզ հրապարակավ հանդես գալու Ծառուկյան Գագիկի բոլոր անհեթեթությունների դեմ՝ անձամբ փակելով այդ քաոսը, ե՛ս եմ արգելել որեւէ մեկին հոլովել ժողովրդի կողմից դակված «Դոդի Գագո» կնիքը, ե՛ս եմ բոլորիդ հորդորել ժամանակ տալ այստեղ-այնտեղ հնչեցրած հերթական վտանգավոր նախադասությունից հետո՝ բացատրելով, որ նա ուղղի իր սխալը: Անձնական ինչ-որ շահ չեմ ունեցել. փորձել եմ ինձնով փակել ակնհայտ խնդիրը՝ այն շատ շատերի խնդիրը չդարձնելու համար»,-հայտարարել էր Սարգսյանը:
Կարճ ժամանակ անց, սակայն, պարզվեց, որ Սարգսյանը մոռացել է իր հայտարարության մասին ու արդեն մասնակցում է Գագիկ Ծառուկյանի կողմից կառուցված եկեղեցու բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Վահե Էնֆիաջյանը, Մարտուն Գրիգորյանը, Գրիգորի Մարգարյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ու խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:
Սերժ Սարգսյանը մոտենալով եկեղեցուն՝ իջավ մեքենայից ու ժողովրդի «միջով» հասավ եկեղեցու բակ, իսկ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եկեղեցուն մոտեցավ սեփական մեքենայով՝ «թիկնապահների» ուղեկցությամբ ներս մտավ, ապա նույն կերպ հեռացավ: Սերժ Սարգսյանին ՀՀ քաղաքացիները փորձում էին հարցեր ուղղել, նամակներ փոխանցել, սակայն ապարդյուն: Եկեղեցու օծման արարողությունից հետո իշխանական վերնախավի ներկայացուցիչները հեռացան: Իսկ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, անդրադառնալով եկեղեցու բացմանը, լրագրողների հետ զրույցում ասաց. «Մարդիկ իրենց սովը հոգեւոր արժեքների միջոցով կհագեցնեն»: Հարցին, թե սա Գագիկ Ծառուկյանի կառուցած 7-րդ եկեղեցին է, շատ չէ՞, արդյոք, կաթողիկոսը պատասխանեց. «Եկեղեցին երբեք շատ չի լինում»:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 
«ԲԱԼԴԻՆ» ՏՈՒԳԱՆՎԵՑ
«Բալդի» կոշիկի եւ աքսեսուարների խանութ-սրահը, որը, ըստ շրջանառվող լուրերի՝ պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Սարգսյանին, տուգանվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2015 թվականի հունիսի 30-ին «Բալդի» ընկերության լիազոր ներկայացուցիչ Ա. Խաչատրյանը դիմել է Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետին եւ հայտնել, որ ընկերության անունով հունիսի 26-ին ներքին սպառման համար մաքսային ընթացակարգով հայտարարագրվել է 11 անվանում ապրանքատեսակ, որը գտնվում է «Ալյանս Տերմինալ» ՍՊԸ մաքսային հսկողության տարածքում: «Բալդի» լիազոր ներկայացուցիչը տեղեկացրել է, որ հայտարարագրման ժամանակ սխալ տվյալներ է ներկայացվել, ուստի նա խնդրել է հերթական անգամ ապրանքները վերահայտարարագրել: Արդյունքում, «Բալդի» ընկերության տնօրեն Վարդան Զաքարյանի նկատմամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն: Պարզվել է, որ հիմնական խնդիրն առաջացել է տղամարդկանց եւ կանանց ամառային կոշիկների տվյալների հետ կապված: Արդյունքում ՀՀ ֆինանսների նախարարությունը որոշել է վարչական պատասխանատվության ենթարկել «Բալդի» ընկերության տնօրեն Վարդան Զաքարյանին` 50 հազար դրամի չափով:

 

ՀԱՐՈՒՍՏ ՕԳՆԱԿԱՆԸ
Սերժ Սարգսյանի օգնական Ավետիս Բերբերյանի դրամական միջոցները, ըստ նրա՝ 2014 թվականի հայտարարագրի, անցած տարվա վերջի դրությամբ կազմել են 234 հազար դոլար: Օգնականի տարեկան աշխատավարձը կազմել է 4 մլն 796 հազար դրամ: Սերժ Սարգսյանի սույն օգնականն անցած տարվա ընթացքում ստացել է նաեւ վարձակալության դիմաց վճարներ, որոնք կազմել են 48 մլն դրամ: Հանրությանը քիչ հայտնի այս անձի ունեցած փոխառությունը 2014 թվականի վերջին կազմել է 521 մլն 352 հազար դրամ: Ի դեպ, նա նախորդ տարվա ընթացքում ձեռք է բերել ինչ-որ ընկերության բաժնեմաս՝ 50 հազար դրամի չափով: Իսկ թե ինչ ընկերության մասին է խոսքը, չի հրապարակվում: Իսկ այն փաստը որ բաժնեմասի «ձեռքբերումը» գնահատված է 50 հազար դրամ, ենթադրում է, որ ընկերությունը նոր է հիմնադրվել՝ հենց Ավետիս Բերբերյանի կողմից: Առնվազն տարօրինակ է, թե սույն պաշտոնյային որտեղից այդքան միջոցներ: Բացի այդ, եթե նա ամբողջ տարվա ընթացքում զբաղված է իր բիզնես գործունեությունը ծավալելով, ապա երբ է ժամանակ գտնում իր պաշտոնեական պարտականություններն իրականացնելու համար:




Լրահոս