Ի՞ՆՉ ԵՂԱՎ ՄԵՐ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 26-ից հունվարի 14-ն անցավ բավական հետաքրքիր: Նախ՝ ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը հերքեց մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի՝ իրեն ծեծելու մասին տեղեկությունները: Եվ իսկապես, ի՞նչ կարիք կա իշխող կուսակցության ներքին խոհանոցային հարցերը տիրաժավորել, մանավանդ որ այդ իշխող կուսակցությունը, ինչպես նախագահական ընտրություններին իր չառաջադրվելու մասին ելույթում հայտարարեց ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ավելի «կարեւոր» զբաղմունք ունի՝ «ընտրակաշառքի բաժանման եւ բազմակի քվեարկության հանցագործ համակարգին» աջակցելը: Ընտրակաշառքի բաժանման մեկնարկն էլ երկար սպասեցնել չտվեց. արդեն Ամանորի նախօրեին շենքերով սկսեցին տոպրակներ բաժանել՝ մեջը գինի, կոմպոտ, խտացրած կաթ եւ բանաններ: Պատրվակ էլ կար՝ Նոր տարի էր: Նոր տարվա գիշերն էլ կաթողիկոսն ու Սերժ Սարգսյանը կարծես թե տեղերով փոխվեցին՝ կաթողիկոսն իր շնորհավորական ուղերձում անդրադարձավ քաղաքական թեմաներին. նորմալ պատմական ավանդույթ է՝ եկեղեցին խառնվում է պետական գործերին: Կաթողիկոսը խոսում է քաղաքականությունից, Սերժ Սարգսյանը՝ ամուսնություններից, բայց մինչեւ ամուսնություններից խոսելն արդեն հասցրել էր պարգեւատրել ԱԺ նախագահին եւ կառավարության անդամներին, այն նույն կառավարության, որի գործունեությունից մինչ այդ իբրեւ թե խիստ դժգոհ էր: Կառավարության անդամները պարգեւատրվեցին, իսկ կառավարության թիվ 2 մասնաշենքը դրվեց աճուրդի. եւս մեկ հյուրանոց կունենանք Հանրապետության հրապարակում եւ շուտով երեւի մայրաքաղաքի «ամենակենտրոնում» զբոսնելիս կսկսենք հայեր փնտրել: Իսկ հայերը՝ շարքային քաղաքացուց սկսած մինչեւ դատավոր, Նոր տարի էին անում ու այնքան երկար արեցին, որ հունվարի 8-ին «Ժողովուրդ» օրաթերթի հետ կապված դատական նիստին (որտեղ պետք է արդեն վճիռը կարդացվեր) չներկայացավ նույնիսկ դատավոր Արայիկ Մելքումյանը: Բայց այդ դատավորի փոխարեն համացանցում հայտնվեցին ՀԱԿ անդամ բազմաթիվ «վիրտուալ դատավորներ», որոնք փորձեցին «վիրտուալ դատաստանի» ենթարկել Նիկոլ Փաշինյանին՝ ՀԱԿ գործունեության երկու կետերին անհամաձայնություն հայտնելու եւ այդ առնչությամբ Լեւոն Տեր-Պետրոսյանին քննադատելու համար, նույնիսկ կարծիք հայտնեցին, որ Նիկոլի ամբիցիաներն այնքան են մեծացել, որ իրեն է տեսնում որպես նախագահի թեկնածու: Բայց Փաշինյանը նախագահի թեկնածու դառնալու ոչ մի ցանկություն չհայտնեց: Նրա փոխարեն թեկնածու դառնալու ցանկություն հայտնեցին այլ մարդիկ, որոնք մե՛կ քչացան, մե՛կ շատացան, մե՛կ նորից քչացան, վերջն էլ ԿԸՀ-ն գրանցեց 8 թեկնածուի: Սպասենք, տեսնենք՝ ինչ կլինի:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս