«ՄԵ ԶՈՒՅԳ ԼԻԺԱ ՏԱՆ…»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ակրոբատիկ հնարքներ եւ չափազանց մեծ զգուշավորություն. այսօր առավել քան երբեւէ դա անհրաժեշտ է Գյումրու գրեթե բոլոր փողոցներով անցուդարձ անողներին: Դեռ նախորդ ամսվանից տեղացած ձյունը, որը եղանակային «բարեհաճության» պատճառով հալվել, նորից սառել ու կամաց-կամաց վերածվել է սառույցի հաստ շերտի, այսօր   ծածկված է ձյան նոր շերտով: Կենտրոնական որոշ փողոցներ մասամբ մաքրվել են շաղ տրված աղ ու ավազի եւ համեմատաբար խիտ երթեւեկության շնորհիվ: Սակայն կրկնակի բարդ է անցնել դրանց չմաքրված մայթերով, ավելին, շատ մայթերի կպած են հսկայական ձնակույտեր: Այսպիսի պայմաններում բավական դժվարացել է նաեւ վարորդների գործը, որոնք ստիպված են ի ցույց դնել վարորդական իրենց ողջ հմտությունները` արկածախնդրության վերածված երթեւեկության ընթացքում պատահարներից խուսափելու համար:
Այս պատկերը, սակայն, կենտրոնական փողոցներում է միայն, մինչդեռ քաղաքի երկրորդական փողոցներն ու մայթերը էլ ավելի անմխիթար վիճակում են. այստեղ  մարդիկ ձյուն մաքրող մեքենա, շաղ տված աղ ու ավազ չեն տեսել անհիշելի ժամանակներից:
«Էս ի՞նչ է էս քաղաքի վիճակը, մի՞թե ղեկավարությունը չի տեսնում այս ամենը, իշխանություններն էլ փոխվան, բայց փողոցների վիճակը էլի չփոխվավ», «Մարդ վախենում է տնից դուրս գա, որ ընկնենք ու կոտրվածք ստանանք, ո՞վ է դրա պատասխանատուն», «Մե զույգ լիժա տան` քաղաք ֆռանք, էլ ուրիշ բան պետք չէ մեզի»՝ ահա այսպիսի դժգոհություններ լսեցինք շատ քաղաքացիներից: Մինչդեռ Գյումրու քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները շարունակ վստահեցնում են, որ փողոցները հնարավորինս մաքրվում են,  աղ ու ավազով մշակվում, եւ միակ խնդիրը տեխնիկայի պակասն է: Այս դեպքում էլ հարց է առաջանում, թե ինչու գործի չեն դրվում ամիսներ առաջ ԲՀԿ առաջնորդի նվիրած ձյուն մաքրող մեքենաները:  
Հ.Գ. Գյումրու բժշկական կենտրոնից ստացած տեղեկությունների համաձայն՝ հունվարի առաջին տասնօրյակին քաղաքում կրկնակի ավելացել է կոտրվածքներով հիվանդների թիվը, ինչն ուղիղ համեմատական է Գյումրու փողոցների «կատարյալ» վիճակին:      

ՍՈՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Գյումրի




Լրահոս