ՄԻԱՅՆ ՊԱՏԺԵԼՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանում երեկ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ բացօթյա ապօրինի առեւտրի դեպքերի հայտնաբերման նպատակով շաբաթվա ընթացքում, այդ թվում հանգստյան օրերին, վարչական շրջաններում կազմակերպված ստուգայցերի ընթացքում 7 վարչական արձանագրություն է կազմվել: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել հսկողությունը՝ ակտիվ համագործակցելով ոստիկանության հետ: Քաղաքացիների, ինչպես նաեւ իրավաբանական անձանց կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման եւ երեւույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ 84 վարչական արձանագրություն է կազմվել: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է այս հարցում լինել ավելի խիստ ու հետեւողական: «Ինչպես բազմիցս եմ ասել, սա մեզ համար ինքնանպատակ չէ: Ի վերջո, Երեւանում պե՛տք է ձեւավորվի այն մշակույթը, որ ոչ սահմանված վայրում նախ աղբ չթափեն՝ նաեւ գիտակցելով, որ դրա համար օրենքով սահմանված կարգով պատժվում են: Ու սա վերաբերում է ոչ միայն կենցաղային, այլեւ շինարարական աղբին»,- ընդգծել է Մարգարյանը:

 

 

ԼԻՈՒԼԻ ԱՐՏԱՀԱՆԵԼ ԵՆՔ
Ընթացիկ տարում Հայաստանից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել է 47.854 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 27 623 տոննայի դիմաց: Այդ թվում` հուլիսի 27-ի դրությամբ արտահանվել է 20.000 տոննա ծիրան` նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց, եւ 2038 տոննա կեռաս` նախորդ ամբողջ տարվա 370 տոննայի դիմաց: Այսօրվա դրությամբ Հայաստանից արտահանվել է 2848 տոննա վարունգ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 53 տոննայի դիմաց, 1160 տոննա կանաչեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 728 տոննայի դիմաց: Արտահանվել է նաեւ 9054 տոննա կաղամբ եւ ծաղկակաղամբ` 2014 թվականի նույն ժամանակահատվածի 1492 տոննայի դիմաց:




Լրահոս