ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ 1 ՏԱՐԻ ԽՈՒՍԱՓՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայրենիք ու պատիվ» կուսակցության առաջնորդ, ՀԱԿ անդամ Գառնիկ Մարգարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ մեկ տարի առաջ ինքը պահանջել է՝ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը «ներկայանա» քաղխորհրդի նիստին, որպեսզի քննարկեն Կոնգրեսում տիրող իրավիճակը, սակայն նա մինչեւ այսօր այդպես էլ չի ներկայացել:
-Պարո՛ն Մարգարյան, գրեթե բոլոր կուսակցություններն արդեն հայտարարել են, թե ինչ կարգավիճակով են հանդես գալու առաջիկա նախագահական ընտրություններում: Ձեր կուսակցությունն այդ առումով արդեն որոշում ունի՞:
-Մենք որոշում ունենք, մեր կուսակցությունը գնահատական տվել է ստեղծված իրավիճակին: Մեր կարծիքով՝ ստեղծված իրավիճակում ռեժիմը գնում է վերարտադրման, բոլոր նախապայմանները դրա համար ստեղծվել են, իսկ ընդդիմությունն էլ շատ թույլ է: Ես Կոնգրեսը նկատի ունեմ: Այս պարագայում ի՞նչ ընտրության մասին կարող է խոսք լինել: Իշխանությունը կրկին բռնազավթելու են, եւ կրկին գնալ ընտրության՝ անիմաստ է: «Հայրենիք ու պատիվ» կուսակցությունը չի գնալու:
-8 թեկնածուներից որեւէ մեկը Ձեզ մոտ հույս չի՞ առաջացնում: Օրինակ՝ «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը համարվում է ընդդիմադիր թեկնածու, հնարավո՞ր է՝ նրան սատարեք:
-Գիտեք ինչ, ես չեմ ուզում անձերով ինչ-որ մեկին ինչ-որ բան ասել: Բայց կասեմ, որ այնտեղ ընդդիմություն չկա, Հայաստանում ընդդիմությունը տապալել են վերջնականապես: Կան առանձին կուսակցություններ, կառույցներ, որոնք ընդդիմություն էին ու միացել էին Կոնգրեսին, իսկ Կոնգրեսը դա տապալեց: Որեւիցե մեկին չենք սատարում:
-Իսկ ի՞նչ է լինելու այդ դեպքում Ձեր կուսակցության ճակատագիրը, այսինքն՝ Դո՞ւք էլ եք փախուստ տալիս պայքարից:
-Մեր կուսակցության ճակատագիրը լինելու է այսպիսին. մենք, կապ ունենալով եվրոպական կառույցների, հակակոռուպցիոն կառույցների հետ, մի կառույց ենք ստեղծելու եւ իշխանության դեմ ենք պայքար տանելու: Բայց ոչ թե կեղծ ընտրությունների միջոցով, այլ կոռումպացված էլեմենտներին արմատախիլ անելով: Այս միջոցով կարելի է այդ բուրգը քանդել:
-Կոնգրեսի «քանդման» գործում «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը մեղավորներից մեկը համարում է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանին: Դուք համամի՞տ եք:
-Ես որեւիցե անուն-ազգանուն տալ չեմ ցանկանում: Ուղիղ մեկ տարի է՝ ես, Հարությունյան Վաղարշակը, Գիմիշյան Սոսը, կամավորականների ներկայացուցիչ Սամվելը, բարձրաձայնել ենք, որ Կոնգրեսը պետք է անցնի ակտիվ գործողությունների, պետք է ուժեղացնի կառույցները, գնա ակտիվ պայքարի: Բայց ոչ թե պետք է բերի Օպերայի հրապարակ, 30-40 վրաններ դնի եւ հետո էլ անորոշ ասի՝ գնացե՛ք տուն ու եկե՛ք մի քանի ամիս հետո, այլ իրական պայքար: Իսկ թե ով էր մեղավոր, ցույց կտա ժամանակը: Բայց, կարծում եմ, ամենամեծ մեղավորը ղեկավարն է լինում, ով որ կատարում է այդ դերը: Թե Պետրոսն ինչ է ասել Լյովիկի մասին, թե Լյովիկն ինչ է ասել Պետրոսի մասին, դա ինձ շատ քիչ է հետաքրքրում: Դա 10-րդական հարց է: Այնտեղ կան լրջագույն խնդիրներ, որոնք պետք է առաջնային համարել:
-«Սասուն» ջոկատի հրամանատար, ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը եւս առաջնորդին համարեց Կոնգրեսի փլուզման մեղավորը ու նրա քայլերը որակեց որպես փախուստ պայքարից:
-Սասուն Միքայելյանն ազգի զինվորներից է, պայծառ, մաքուր զինվորներից մեկը, ես ոչ միայն նրա տեսակետը կիսում եմ, այլեւ ասել եմ, որ եթե կա լիդեր, ապա սխալների հիմնական մասը կախված է նրա գործողություններից: Սասունին ես հարգում եմ ու համաձայն եմ նրա հետ:
-Ձեր կուսակցությունը մնալո՞ւ է ՀԱԿ-ի կազմում, թե՞ դուրս կգա:
-Մենք դեռեւս այդ մասին որոշում չունենք: Լեւոնզուրաբյաններով կամ այլ անձերով չի պայմանավորված դուրս գալը կամ մնալը: Մոտ օրերս մեր ասելիքը կասենք:
-Իսկ փորձե՞լ եք իրավիճակը հարթելու, ճգնաժամը հաղթահարելու մասին անձամբ խոսել ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:
-Ես պահանջել եմ մեկ տարի առաջ, բայց ինքը չի հանդիպել: Պահանջել եմ, որ գա, քաղխորհրդում իր անելիքների մասին խոսի, բայց նա մեկ տարի է՝ քաղխորհրդի նիստին չի մասնակցում: Թե ինչն է պատճառը, ես չգիտեմ, Աստված իր հետ:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս