ԱՂՋԻԿՆԵՐԻ ԾԵԾԿՌՏՈՒՔ ԿԱՐԱՈԿԵ ԱԿՈՒՄԲՆԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարբեցողություն, խանդ, միմյանց չհասկանալու դրսեւորում: Ահա այսպիսին են կարաոկե ակումբներում աղջիկների ծեծկռտուքի, ինչպես նաեւ աղջիկներին ծեծի ենթարկելու հիմնական պատճառները:
Օրերս տեղեկություն տարածվեց այն մասին, որ Ալեք Մանուկյան 1/5 հասցեում գտնվող «Ամստերդամ» կարաոկե ակումբում աղջիկների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին տեղեկությունը:
Այս առիթով «Ժողովուրդ»-ը եղավ «Ամստերդամ» կարաոկե ակումբում, որի աշխատակիցները նշեցին, թե ակումբի տնօրենի հետ կարող ենք հանդիպել միայն երեկոյան ժամը 8-ից հետո: Երեկոյան ժամը 9:00-ին հերթական անգամ այցելեցինք ակումբ: Նկատեցինք, որ այնտեղ այդ ժամին, բացի աշխատակիցներից, ոչ ոք չկար: Տեղեկացանք նաեւ, որ ակումբն ունի երկու տնօրեն: Տնօրեններից մեկը՝ Արշիկը, հաստատեց տեղեկությունը: «Այո՛, աղջիկների ծեծ եղել է, մեկին ճանաչում ենք, մյուսն էլ հաճախորդ է եղել»,-պատրաստակամ կերպով ասաց տնօրենը: Մինչ Արշիկը շարունակում էր պատմել, թե ինչ է եղել ակումբում, տնօրենի աշխատասենյակ մտավ մի երիտասարդ, ագրեսիվ կերպով ընդհատեց տնօրենին եւ սկսեց հարցուփորձ անել, թե որ լրատվամիջոցի ներկայացուցիչ ենք: Երիտասարդը ներկայացավ որպես տնօրենի եղբայր:
Իրավիճակն ավելի լարվեց, երբ տնօրենի աշխատասենյակ մտավ երրորդ անձը, եւ նախորդ երիտասարդի հետ սկսեցին լկտի տոնայնությամբ հարցեր տալ եւ ցինիկաբար ծիծաղել: «Մի խոսքով, քուրի՛կ ջան, տենց բան, հա՛, եղել է, ու այդ աղջիկներին բերման են ենթարկել ոստիկանություն: Մենք ձեզ բան չունենք ասելու, ընենց որ այդ աղջիկները թող իրենք իրենց հաշիվները մաքրեն ոստիկանությունում: Ցտեսություն»,-ասաց երիտասարդը: Այդ ընթացքում ակումբի տնօրեն Արշիկը, որը մինչ այդ պատրաստակամ կերպով ցանկանում էր  պատմել ողջ եղելությունը, լռեցվեց երիտասարդի կողմից եւ այլեւս ոչինչ չցանկացավ ասել: Միեւնույն ժամանակ Արշիկն ամեն կերպ ցանկանում էր հանգստացնել երիտասարդներին, սակայն դա նրան այդպես էլ չհաջողվեց: Կատարվածից հետո մեզ մնում է արձանագրել, որ ակումբներում տեղի ունեցող ծեծկռտուքների դեպքերը միանգամայն համահունչ են կոնկրետ այս ակումբի կոնկրետ վերը նշված աշխատակիցների պահվածքին:
Ինչեւէ. դեպքի հետ կապված ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնեցին, որ ոստիկանության Երեւանի Կենտրոնի բաժնում հետաքննություն է անցկացվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նկատենք, որ վերջին շրջանում բավական հաճախակիացել են նաեւ տարբեր ժամանցային վայրերում  աղջիկներին ծեծի ենթարկելու դեպքերը: Նման միջադեպ էր գրանցվել նաեւ 2012թ. նոյեմբերի 14-ին «Ես ու դու» դիսկո ակումբում. «Ժողովուրդ»-ն արդեն անդրադարձել է այդ ակումբում 25-ամյա Լուսինեին ծեծի ենթարկելու միջադեպին: Ակումբի տնօրեն 49-ամյա Վարդան Սիմոնյանը մեզ հավաստիացրել էր, թե իրենք աղջկան ծեծի չեն ենթարկել: Պատմել էր, որ Լուսինեն կեսգիշերին իր ընկերուհու հետ հարբած այցելել էր ակումբ:
«Անբացատրելի «տրաքած» էր ու որպեսզի միջադեպ չսարքեր, անվտանգության տղաներին խնդրեցի, որ դուրս հանեն: Տղաներն անմիջապես իմ ներկայությամբ Լուսինեին ասացին, թե գնացե՛ք, վաղը թարմ կլինեք եւ կգաք, ինչքան ուզում եք, կպարեք: Այդ առաջարկը Լուսինեին զայրացրեց, թե ով կարող է իրեն նման բան ասել, ու սկսեց հայհոյել: Ես միջամտեցի, ասացի՝ պետք է դուրս գաք: Նա ձեռքերին ազատություն էր տալիս, եւ ես պաշտպանվելու համար հրեցի, թե չէ ամբողջ կյանքս իմ դեմքի վրա այդ եղունգների երկարությունից հետքեր կմնային»,-ասել էր տնօրենը` հավելելով, թե փառք Աստծո, հրաշքով է ազատվել աղջկանից:
Աղջիկների ծեծկռտուքի մեկ այլ միջադեպ էլ արձանագրել էինք նոյեմբերի 26-ին Արտաշատ քաղաքի «Արտաշատ TV» ակումբում: 22-ամյա Սուսաննա Անդրեասյանի եւ 18-ամյա Սվետլանա Սպիկյանի միջեւ խանդի հողի վրա ծեծկռտուք էր տեղի ունեցել, որի արդյունքում էլ Սուսաննային դատաբժշկի ուղեգիր էր տրվել: Կատարվածի շուրջ զրուցել էինք նաեւ ակումբի տնօրեն Արտակ Մանուկյանի հետ, որը նշել էր, թե աղջիկները չեն հասկացել միմյանց: «Մեկը մյուսին պարելու համար խանդել է, ու դա էլ եղել է պատճառը»,-ասել էր տնօրենը` հավելելով, թե այս ամենը նորմալ երեւույթ է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս