ՉՆԱՅԱԾ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆԸ՝ ԳՅՈՒՂԸ ԴԱՏԱՐԿՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում այսօր տիրող համընդհանուր նահանջի միտումներն աստիճանաբար գերակա են դառնում գրեթե բոլոր ոլորտներում եւ ագահորեն խժռում դրանք: Բացառություն չէ նաեւ գյուղատնտեսական բնագավառը, երբ մարդիկ լքում են իրենց բնակավայրը՝ սեփական հողը թողնելով անմշակ: Պատահական չէ, որ կառավարությունը շարունակաբար գյուղական համայնքին օգնելու ծրագրեր է առաջ քաշում, որոնք ֆինանսավորվում են նաեւ արտաքին աջակցությամբ, ինչպես, օրինակ, Համաշխարհային բանկի (ՀԲ) եւ դանիական թագավորության ցուցաբերած օժանդակությունները:
Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանը նպաստող արտաքին աջակցություններից նշանակալի է ՀԲ-ի ցուցաբերած օգնությունը: ՀԲ-ի աջակցությամբ իրականացվող գյուղատնտեսական ձեռնարկությունների եւ փոքրածավալ առեւտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրի շրջանակներում վարկային միջոցների հաշվին ծախսվել է շուրջ 12,6 մլն դրամ: Այն ապահովել է ծրագրի կատարումը 100%-ով: Այսուհանդերձ, պետք է նկատել, որ գյուղատնտեսության այս բաժնում իրավիճակը չի կարգավորվում եւ անկախ առկա ֆինանսավորումից՝ պետք է գյուղատնտեսական փոքր մասնաբաժնի նկատմամբ վարել նոր քաղաքականություն: Հրանտ Բագրատյանն իր տնտեսական ծրագրում այս հարցի առնչությամբ նշում է. «Փոքր գյուղացիական տնտեսությունների խրախուսում: Վերջին տարիներին, սակայն, իրադարձությունները զարգանում են այնպես, որ գյուղացին հողազրկվում է, բատրակ դառնում: Հետեւապես, խոշոր հողատիրության դեմ պայքարը, օրենսդրորեն եւ գործնականում մանր գյուղացիական տնտեսությունների խրախուսումը, վարելահողերի սեփականության նկատմամբ տվյալ համայնքի գյուղացիների առաջնային իրավունքների վերականգնումը գյուղում տնտեսական քաղաքականության առանցքային խնդիր են»:
Դանիական թագավորությունը եւս մասնակցել է ՀՀ գյուղատնտեսության առողջացման գործին՝ ունենալով իր ներդրումը «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրի տեսքով: Այս ծրագրի շրջանակներում ծախսվել է 102,9 մլն դրամ, որը, սակայն, ապահովել է ծրագրի կատարումը միայն 27%-ով: Սրա հիմնական նպատակը եւս գյուղական աղքատ բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումն է: Այսօր գյուղացու համար շուկա հասնելը բավական բարդ եւ տհաճ գործ է, ուստի շատերը կա՛մ չեն կարողանում շուկա գնալ, կա՛մ էլ խուսափում են գնալուց: Արդյունքում վերավաճառողները եւ օլիգարխների սուպերմարկետներն էժան ապրանք են գնում եւ թանկ վաճառում: Գյուղացու վաստակը որպես այդպիսին չի գնահատվում: Այսօրինակ ծրագրերն էլ չեն կարողանում ապահովել խնդրի լուծումը: Այս խնդրի հետ կապված կրկին մեջբերենք նախագահի թեկնածու Հ. Բագրատյանի տնտեսական ծրագրից մի հատված, որով առաջարկվում է   շուկաների ստեղծման իրատեսական տարբերակ. «Մեծածախ շուկաների ստեղծում: Պետության վերահսկողությամբ 5-10 մեծածախ շուկաների ծրագիրն անհետաձգելի խնդիր է: Դրանց բացակայության պայմաններում գյուղացիները չեն կարողանում մրցակցել խոշոր տնտեսությունների հետ պետական գնումների հարցում: Գյուղացիական մթերքների «դաշտային» ու մանրածախ գների միջեւ տարբերությունն ավելի քան 3 անգամ է, մեծածախ ու մանրածախ գների միջեւ եղած տարբերությունը` ավելի քան 2 անգամ: Գյուղացիական տնտեսությունների կողմից մանրածախ շուկաների հիմնում: Ներկայում մթերքների ճնշող մեծամասնության նկատմամբ մեծածախ գինը կազմում է մանրածախի միայն 25-30%-ը: Նման բան աշխարհում չկա: Գյուղացու աշխատանքի 70-80%-ը հասնում է շուկաների տերերին: Քաղաքներում գյուղացիական տնտեսությունների կողմից հիմնած շուկաների վերականգնումն ու նորերի բացումը գյուղատնտեսությունն այս ծանր վիճակից դուրս բերելու հիմնական ուղիներից են»:
Նկատենք, որ անկախ գյուղատնտեսության ոլորտին միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրվող մեծածավալ դրամական աջակցություններից՝ Հայաստանի գյուղերի եւ գյուղատնտեսության վիճակն անմխիթար է: Լքված գյուղերն օր օրի ավելի են շատանում, մինչդեռ պետության հիմքը հանդիսացող գյուղի ավիրումը մեր պետության համար կարող է ունենալ կործանարար հետեւանքներ:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս