«Չե՛ք անցկացնի»-ի չորս անդամ ոստիկանություն է տարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած գիշեր Երևանի Մաշտոցի պողոտայից և Տիգրան Մեծ-Խանջյան խաչմերուկից ոստիկանություն են տարվել «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության չորս անդամները՝ Հրայր Մանուկյանը, Արթուր Մինասյանը, Կարպիս Փաշոկյանը և Հայկ Ավետիքյանը:

Ինչպես Armlur.am-ին հայտնեց Հրայր Մանուկյանը՝ հոկտեմբերի 2-ին Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքի իրազեկման ակցիայի շրջանակներում իրենք փողոցում պատի վրա «ոչ» են պատկերել, ինչն էլ պատճառո է դարձել ոստիկանություն տարվելուն:

Երիտասարդներին է մոտեցել երկու ոստիկան ու ասել, որ իրենք հանրային վայրում օրինազանցություն են կատարել, ուստի պետք է բաժին ներկայանան՝ վարչական տույժի ենթարկվելու. «Իրենք հենց այդպես էլ ասացին, որ մեզ պետք է վարչական տույժի ենթարկեն: Իսկ երբ հասանք բաժին, այնպիսի տպավորություն էր, որ նրանք արդեն վաղուց պատրաստվել են մեզ «դիմավորելուն», քանի որ պատրաստ էին բոլոր տեսակի փաստաթղթերը, ինչ-որ թարգմանություններ և այլն: Նրանք նաև գիտեին՝ մենք որտեղից որ կողմ պետք է շարժվենք»:

Ակտիվիստի փոխանցմամբ՝ իրենք եղել են 6 հոգով: Ոստիկանության չտարված երկու հոգին նկատել են, որ իրենց հետևում են ու պատին գրառումներ չեն արել:

Ոստիկանության բաժնում արդեն, Հրայր Մանուկյանի խոսքով, ոստիկաններն իրեն պարտադրել են անջատել հեռախոսը, իսկ մյուս ակտիվիստի ձեռքից վերցրել են այն:

Ակտիվիստի դիտարկմամբ՝ սա ցույց է տալիս իշխանությունների մտահոգությունը սահմանադրական բարեփոխումներին դեմ դուրս եկած քաղաքացիական ու քաղաքական ուժերի նկատմամբ:

Ոստիկանությունում հարուցվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.2 հոդվածով արձանագրություն, որը հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելու մասին է:

Բոլոր չորս անդամներն այժմ ազատ են արձակվել:




Լրահոս