Զինվորների դուխը տեղն է, թող այդպես էլ շարունակեն. Կոմանդոս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Թուրքիայում թեեւ ասում են, թե ուզում են հաշտվել մեզ հետ, բայց իրենք իրենց ուզածը Ադրբեջանի միջոցով են անում: Ադրբեջանն առանց Թուրքիայի օգնության այդքան բան չէր կարող անել»: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ արտահայտեց Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը՝ անդրադառնալով վերջին օրերին սահմանին տիրող լարված իրավիճակին: Կոմանդոսի գնահատմամբ՝ սահմանին տիրող լարվածությունը ձեռնտու է ոչ միայն Ադրբեջանին, այլև Թուրքիային:

Ա. Տեր-Թադևոսյանը վստահ է, որ պատերազմի հոտ չի գալիս, պարզապես Ադրբեջանը սադրիչ քայլերի է գնում. «Ադրբեջանն իր հարստությամբ ուզում է ցույց տալ, որ կարող է հարձակվել եւ ոչնչացնել Հայստանին, բայց չի կարող»:

Իսկ սեպտեմբերի 25-ին Արցախի զարամասերից մեկի պահպանության տեղամասը հրթիռահրետանային արկակոծման ենթարկելու դեպքը Կոմանդոսը ադրբեջանական զինուժի գործողությունը ստորություն որակեց:

«Սա Գուրգեն Մարգարյանին կացինով սպանելու նման նենգ արարք էր: Ոչ թե զինվորը զինվորի դեմ էր դուրս եկել, այլ զորամասի վրա էին կրակել, այս դեպքը ոչ մի օրենքի մեջ չի տեղավորվում, ստորություն է, էլ չգիտեն, թե ինչ անել»:

Արկադի Տեր-Թադևոսյանը հայտնեց, որ դեպքից հետո եղել է Արցախի զորամասերում ու համոզվել, որ զինվորների մարտական ոգին կոտրված չէ. «Զինվորների դուխը տեղն է, ինչպես ամուր մինչև հիմա կանգնել են, թող այդպես էլ շարունակեն»:




Լրահոս