Սերժ Սարգսյանը շարունակում է «խաղը». իշխանական կլանների պարագլուխները նախապատրաստվում են. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանը երեկ իր մոտ խորհրդակցություն է հրավիրել, բայց ոչ թե խաղողագործների անլուծելի դարձած հարցով, այլ ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակն ու մարզային գերակայություններն են քննարկվել: Ուշագրավն այն է, որ Սերժ Սարգսյանը հատուկ կենտրոնացել է Գյումրի քաղաքի խնդիրների վրա, բայց մարզկենտրոնի քաղաքապետ Սամվել Բալասանյանը խորհրդակցությանը հրավիրված չի եղել: «Ժողովուրդ»-ը դեռեւս սեպտեմբերի 25-ին կանխատեսել էր, որ նախագահականում Գյումրիի քաղաքապետի հավակնորդների մրցույթ է հայտարարված:

Իհարկե, Սամվել Բալասանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ խորհրդակցությանը իրեն չհրավիրելու մեջ տարօրինակ ոչինչ չի տեսնում, քանի որ կարծում է, որ ֆորմատն է այդպիսին եղել, այնուամենայնիվ, ակնհայտ էր, որ երեկ Սերժ Սարգսյանը շարունակել է սեպտեմբերի 24-ին Գյումրիում սկսած «խաղը» եւ այդ քաղաքի իշխանական կլանների պարագլուխներին եւս մեկ անգամ հասկացրել, որ Ս. Բալասանյանի պաշտոնը «թափուր» է: Մյուս կողմից էլ երեկվա խորհրդակցությամբ Սերժ Սարգսյանը փաստացի հայտարարել է սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի սկիզբը՝ ընտրողներին հաճոյանալու գործընթացը սկսելով հենց Գյումրիից, քաղաք, որտեղ վերջին տարիներին իշխանությունները մշտապես պարտվել են:

Հ.Գ. Սերժ Սարգսյանը երեկ մասնակցել է ՀՀ քննչական կոմիտեի նորակառույց շենքի բացմանը: Այս այցելությունը եւս սիմվոլիկ բնույթ ուներ: Նա, թերեւս, իրականում գնացել էր գովելու այն մարդկանց, ովքեր մի քանի օր առաջ լուծեցին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին ազատ արձակելու հարցը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս