ՀԱԿ-Ը ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԵՏ ՎԱՂՈՒՑ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ իր համար զարմանալի է, երբ ՀԱԿ անդամները հայտարարում են, թե «ՈՉ»-ի ճակատը չի համագործակցում ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի հետ: Ա. Սիմոնյանը վստահեցնում է, որ մի քանի ամիս առաջ ԲՀԿ նախկին առաջնորդ Գ. Ծառուկյանի հետ համագործակցությունն արդեն իսկ նշանակում էր Ռ. Քոչարյանի համակիրը լինել:

-Պար՛ոն Սիմոնյան, տեւական ժամանակ է՝ Ձեր կուսակցության անդամներով` ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Հայաստանից դուրս հանդիպումներ էիք ունենում հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Արդեն վերադարձել եք Հայաստան, խնդրում եմ նշեք, թե ի՞նչ տվեցին այդ հանդիպումները Ձեր կուսակցությանը, ու ի՞նչ եզրակացության եք եկել:
-Այն եզրակացությանն ենք եկել, որ ճանապարհը, որը մենք բռնել ենք, այն մարտավարությունը, որը մենք որդեգրել ենք, ճիշտ է, եւ պետք է շեշտը դնենք հայրենադարձության վրա: Նմանատիպ ցանկություն մեր հայրենակիցների մոտ կա ու շատ ավելի, քան մենք էինք պատկերացնում: Այնտեղ մի մարդու հետ հանդիպեցինք, որը ՀՀ լքել էր 1978 թ., Հայաստանում չուներ որեւէ բարեկամ, իրեն կապող որեւէ օղակ, բայց ինքը մեզ ընդունողներից, կազմակերպիչներից մեկն էր: Մեզ հետ զրույցում նա ասում էր, որ ամեն առավոտ ինքն արթնանում է ու կարդում է ՀՀ վերաբերյալ լուրերը, ինչը նշանակում է, որ այսքան տարիներ անց ինքը մտովի Հայաստանում է: Մենք բոլորի մոտ դա նկատել ենք, իրենց առօրյան մշտապես կապված է Հայաստանի հետ:
-Իսկ ո՞ր դեպքում հայրենիքից հեռացած հայերը կվերադառնան Հայաստան, արդյո՞ք նրանց պահանջը եւս իշխանափոխությունն է, նրանք հո՞ւյս են կապում Ձեր կուսակցության հետ:
-Միանշանակ կարող եմ ասել, որ նրանք գնացել են այստեղից ոչ այն պատճառով, որ հացի խնդիր է եղել: Մարդկանց մոտ այդ արդարության պակասը, մթնոլորտը շատ ավելի մեծ դեր է խաղացել: Մեզ ուղղված հարցերում էլ էինք մենք դա տեսնում՝ կապված ՀՀ-ում բիզնես դնելու, ՀՀ-ում ապահով եւ անվտանգ ապրելու հետ, որպեսզի երկրում անպատժելիության մթնոլորտ չլինի եւ այլն: Իսկ տնտեսական խնդիրը 4-րդ, 5-րդ տեղերում էր:
-Իսկ ի՞նչ է առաջարկել Ձեր կուսակցությունն այդ հանդիպումների ընթացքում, ինչ եք խոստացել դրսի մեր հայրենակիցներին:
-Սկզբից տպավորություն էր ստեղծվում, որ մենք եկել ենք ու այդ պահին, վաղը կամ մյուս օրը առաջարկում ենք մեզ հետ վերադառնալ Հայաստան: Մենք նշեցինք, որ մեր գլխավոր նպատակը միասին այնպիսի Հայաստան ստեղծելն է, որը կդառնա գրավիչ վայր, որտեղ այլեւս հրավիրելու, կանչելու խնդիր չի լինի: Իրենց մեջ սկսեց այդ անիվը ետ պտտվել, ու իրենք արդեն այն տեսակետին էին, որ եթե իրենք չէ, ապա իրենց երեխաները մի օր ՀՀ-ում են ապրելու: Մենք մի քանի բան առաջարկեցինք, առաջին հերթին այն, որ եթե մոտ ապագայում իրենք պլանավորում են այցելել ՀՀ, ապա թող դա անեն ընտրությունների շրջանում, թող այնպես լինի, որ իրենք այդ ժամանակ ՀՀ-ում լինեն ու իրենց քվեն տան: Նաեւ առաջարկում ենք իրենց ներգրավվել ու անմիջական հսկել ընտրությունների ամբողջ գործընթացը: ՀՀ-ի Սահմանադրությունում նշվում է, որ ՀՀ-ի հիմնադիրը հայ ժողովուրդն է, այսինքն՝ իրենք մեր երկրի սեփականատերն են:
-Արդեն նշանակված է հանրաքվեի օրը՝ դեկտեմբերի 6: Ի՞նչ է անելու Ձեր կուսակցությունն այս ժամանակահատվածում, որո՞նք են Ձեր պլանները, քաղաքական ուժերը հիմնականում արդեն ձեւավորել են իրենց «ոչ»-ի եւ «այո»-ի ճակատները, որտե՞ղ եք լինելու դուք:
-Մենք զբաղվելու ենք մեր կուսակցության հզորացմամբ ու գնալու ենք գալիք ընտրություններին, մենք «ոչ»-ի, սահմանադրական բարեփոխումների, նման բաների հետ կապված որեւէ քաղաքական որոշում չունենք: Մենք հայտարարել ենք, որ մենք ժողովրդին հիասթափության չենք տանելու, ես անձամբ՝ որպես ՀՀ քաղաքացի, դեմ եմ քվեարկելու, բայց որեւիցե գործողությունների ես չեմ մասնակցելու: Մենք այդ ամենի մեջ չենք մտնելու, մենք մեր գործն ենք անում:
-Քաղաքական դաշտում ակտիվորեն քննարկվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի վերադարձի հարցը: Տեսակետ կա, որ նա նոր քաղաքական թիմով է վերադառնալու: Երեկ խորհրդարանում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը այդ թեմայով ասաց. «Քոչարյանի հետ համագործակցության մասին հարցերն արհեստածին են եւ ներդրված են իշխանության քարոզչամեքենայի կողմից, որպեսզի պատասխանելով՝ սկսվեն խայթոցներ, ինչն էլ հնարավորություն կտա իշխանություններին ասել` «Ոչ»-ի ճակատում կռիվ է: Քոչարյանը չկա քաղաքական դաշտում, կա իշխանությունը եւ «Ոչ»-ի ճակատը. ուրիշ խաղացող չկա դաշտում»: Ո՞րն է այս հարցում Ձեր տեսակետը:
-Նախ, երբ նշվում է, թե Քոչարյանի հետ համագործակցություն չկա, ինձ համար՝ որպես ՀՀ քաղաքացու, որպես ժամանակին ՀԱԿ-ի համակիր, մի քիչ զարմանալի է, որովհետեւ եռյակի շրջանակներում այդպիսի համագործակցություն եղել է ինձ համար: Չի կարելի ասել, որ Գ. Ծառուկյանը, Վ. Օսկանյանը, եռյակի ֆորմատը դա Ռ. Քոչարյանի հետ համագործակցություն չէր: Ինձ համար զարմանալի էր, որ Լ. Զուրաբյանը չի հիշում Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, որ եթե Ռ. Քոչարյանը սկսի պայքարել Սերժ Սարգսյանի դեմ, իրենք շնորհակալ կլինեն, չգիտեմ՝ այդ շնորհակալությունն ինչ ձեւով պետք է լինի: Ինձ համար համագործակցությունն արդեն եղել է, եւ ես այդտեղ որեւէ զարմանալի բան չեմ տեսնում: Եթե հայտարարվում է, որ կա իշխանություն եւ «Ոչ»-ի ճակատ, ապա դա հերթական սխալն է, որովհետեւ ժամանակին շատ ուժեղ շարժումը, որը երկրում կարող էր բան փոխել, այսօր երկու ավտոբուսից ավել մարդ իր կողքը չի կարող հավաքել:

 

 

 

 
ՐԱՖՖԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄՈՌԱՑԵԼ, ԻՐԵՆ ՕԳՆՈՂԻՆ ԷՐ ՀԻՇԵԼ

Երեկ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել: Այն հատկապես ուշագրավ է այն առումով, որ դրանում Հովհաննիսյանը առանձնապես չի «կպել» ՀՀ իշխանություններին, փոխարենը անդրադարձել է մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին, որն, ի դեպ, «Ժառանգություն» կուսակցության ստեղծման ակունքներում է կանգնած:

«…Հովհաննիսյանն իր հիմնադրած բոլոր հանրակարգերի միջոցները դրեց ազատ, ինքնիշխան եւ սահմանադրական Հայաստանի կերտմանը նվիրված ուժերի, առաջին հերթին` «Նոր Հայաստան» փրկության ճակատի, ապա եւ «Չեք անցկացնի» երիտասարդական նախաձեռնության տրամադրության տակ…»,-նշված է կուսակցության պաշտոնական հաղորդագրությունում, որի վերջում Րաֆֆի Հովհաննիսյանը թողել է նաեւ մի ուշագրավ հետգրություն. «Վարդան ջա՛ն, մասնագիտական տեքստը հրաշալի կարող է լինել, բայց խիստ ցավոք, քաղաքական նպատակը ստոր է ու իշխանապաշտ եւ ոչ ամենեւին՝ քո բարձր պարկեշտությանը հարիր: Կներեք»: Այդպիսով` բացի այն, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը հայտարարել է նոր ուժի ստեղծման մասին, փաստորեն նաեւ ընդգծել է, որ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վ. Պողոսյանը «ճիշտ» բան չի արել: Եվ այս առումով տարակուսելի է, թե ինչու է Հովհաննիսյանը հիշել իր կուսակցության հիմնադիրներից մեկին, երբ այդ ամենի հեղինակը Ս. Սարգսյանն է, իսկ Վ. Պողոսյանն ընդամենը «կատարող» է:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով այս հարցին, նշեց, որ Ր. Հովհաննիսյանը Վ. Պողոսյանին հատուկ է անդրադարձել այն պատճառով, որ նրան հարգում է: «Անձնական հարգանք կա նրա նկատմամբ, իսկ իշխանություններին մեր գնահատականները տվել ենք»,- պարզաբանեց Մարտիրոսյանը` հավելելով, որ Վ. Պողոսյանը շատ վաղուց է Ր. Հովհաննիսյանին օգնել: Ա. Մարտիրոսյանը նաեւ տեղեկացրեց, որ երկուշաբթի օրը «Նոր Հայաստան»-ը հայտարարելու է իր ծրագրերի մասին:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 
ՓՈՂՍ ՏՈՒՐ, ԵՐԿԱՐԱՁԳԵՆ
«Ռուս ընդ Հար» ՍՊԸ-ն այս տարվա հոկտեմբերի 1-ին դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ խնդրելով երկարաձգել իրենց ընկերությանը տրամադրված «Տիգրան Մեծ» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայով ամրագրված կառուցման ժամանակահատվածը: Այլ կերպ ասած՝ ՀԷԿ-ի շինարարության համար տրամադրված ժամանակում ընկերությունը չի հասցրել շինարարական աշխատանքներն ավարտել: Ըստ օրենսդրության՝ լիցենզիայի ժամկետի սպառվելու դեպքում համապատասխան ընկերությունը երկարաձգման համար պարտավոր է դիմել վերջնաժամկետից առնվազն 15 օր առաջ: «Ռուս ընդ Հար» ՍՊԸ-ն, սակայն, լիցենզիայի ժամկետի երկարաձգման համար դիմել է ժամկետի սպառվելուց 12 աշխատանքային օր առաջ: ՀԾԿՀ-ն, իհարկե, կերկարաձգի լիցենզիայով ՀԷԿ-ի կառուցման համար տրված ժամկետը եւ համապատասխան որոշման նախագիծն արդեն ընդգրկված է հանձնաժողովի հոկտեմբերի 14-ի նիստում: Սակայն նույն այդ նախագծից տեղեկանում ենք, որ այս երկարաձգման համար «Ռուս ընդ Հար» ընկերությունը մեկամսյա ժամկետում իր երաշխիքային գումարից պետբյուջեին պետք է փոխանցի 4 մլն 603 հազար դրամը:

 

ՊԱՏԵՐԱԶՄԻ ԳԻՆԸ
Ռուսաստանի Դաշնության կողմից Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու հանգամանքը նպաստավոր ազդեցություն է ունեցել նավթի միջազգային գների եւ ռուսական ռուբլու փոխարժեքի վրա: Վերջին օրերին նավթի միջազգային գները սկսել են բարձրանալ եւ արդեն հասել են մեկ բարելը 55 դոլար ցուցանիշին: Զուգահեռ սկսել է բարձրանալ նաեւ ռուսական ռուբլու փոխարժեքը: Երեկ ռուսական ռուբլու փոխարժեքը հասավ 1 դոլարը 61 ռուբլի սահմանագծին: Այս տարվա հունիսից այս կողմ ռուսական ռուբլու փոխարժեքը այդքան բարձր չէր եղել: Հիշեցնենք, որ օգոստոսի կեսերին 1 դոլարը ռուբլով վաճառվում էր 70 ռուբլի եւ ավել փոխարժեքով:

 

ԱՌԱՆՑ ԻՆՔՆԱԴԱՏԱՍՏԱՆԻ
«Ազատամարտիկների դաշինք»-ը երեկ արտահերթ ընդլայնված նիստ է հրավիրել, քննարկվել է նաեւ իրենց կազմակերպության համակարգող խորհրդի անդամ Սմբատ Հակոբյանին ծեծելու միջադեպը, որը, ըստ ազատամարտիկների, սպանության փորձ է եղել: «Նիստի մասնակիցները միաձայն դատապարտելով տեղի ունեցածը՝ միաժամանակ ընդունեցին, որ դա նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործությունների հանդեպ մեր ավելորդ հանդուրժողականության հետեւանքն է: Այս դեպքը նախորդներից տարբերվում էր նրանով, որ այն իրականացվել է Անկախության օրը, մայրաքաղաքի կենտրոնում, եւ ի տարբերություն նախորդ միջադեպերի՝ այս դեպքը ոչ թե վախեցնելու միտում ուներ, այլ կազմակերպված սպանության փորձ էր»,- նշված է դաշինքի տարածած հաղորդագրությունում: Ըստ որի՝ խորհուրդի մասնակիցներն առայժմ որոշել են «ձեռնպահ մնալ ինքնադատաստանի գործողություններից, պահանջել դեպքի ամբողջական բացահայտում»:




Լրահոս