ՊՈՒՏԻՆԸ ՀԱՍԿԱՑՐԵԼ Է, ՈՐ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ ԿԱՏԱՐՎԱԾ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարտի 11-ին կայացավ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական հանդիպումը: Մինչեւ այսօր “մութ”ե է մնացել, թե այդ հանդիպման ընթացքում ինչ են քննարկել Սարգսյանն ու Պուտինը: Միայն հայտնի է, որ  Վ. Պուտինը, շնորհավորելով Ս. Սարգսյանին, ասել է, թե 60 տոկոս եւ ավելի ձայն հավաքելը շատ լավ արդյունք է: Պուտինի այս խոսքերը լայնորեն քննարկվում են քաղաքական շրջանակներում: Շատերի  համար անհասկանալի է, թե ինչու Պուտինը որոշեց նախագահական ընտրություններում Ս. Սարգսյանի “խփած” տոկոսը բարձրացնել: Այս հարցի շուրջ “Ժողովուրդ”-ը զրուցել է տարբեր կուսակցությունների  ներկայացուցիչների հետ:
“Ժառանգություն” կուսակցության գլխավոր քարտուղար ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ
-Պարո՛ն Սաֆարյան, Պուտին-Սարգսյան հանդիպման ժամանակ ՌԴ նախագահը, շնորհավորելով Ս. Սարգսյանին, նշեց, որ նա 60 տոկոս ձայն է հավաքել: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ Պուտինը “բարձրացրեց” Սարգսյանի տոկոսները:
-Պուտինը հասկացրել է, որ առաջադրանքը չի կատարվել, այսինքն՝ 60-ի փոխարեն 58 է ստացվել: Չգիտեմ՝ “կլորացրել” է, թե չի կլորացրել: Իր մեսիջն այնքան բազմանշանակ է, հեգնանքը մի կողմ թողնելով՝ ինքն ուղղակի բացահայտ ցույց է տվել, որ Ս. Սարգսյանի լեգիտիմությունը ճանաչվում է դրսից: Անկախ նրանից՝ ներսից ճանաչվում է, թե ոչ, ճանաչողը Պուտինն է, ու ինքը գտնում է, որ 60 տոկոս է հավաքել: Այսինքն՝ Պուտինի կողմից հրապարակված թիվն ավելին արժի, քան ԿԸՀ-ի պաշտոնական տեղեկությունը: Պուտինը  ցանկացել է Ս. Սարգսյանին ցույց տալ, որ նրա լեգիտիմության երաշխավորը ինքն է, ոչ թե ուրիշ մեկը:
-Քանի որ ՌԴ-ն ցանկանում է, որ Հայաստանը անդամակցի Մաքսային միությանը, հնարավոր համարո՞ւմ եք, որ Վ. Պուտինն այս կերպ փորձել է “սիրաշահել” Ս. Սարգսյանին:
-Կենացները դեռ քաղցրանալու են, հիմա էլ նա Բրյուսել է գնացել, Բրյուսելում կհասկացնեն, որ ինքը չպետք է գնա Եվրասիական միություն, եթե գնա, ապա խնդիրներ կունենա: Իհարկե, Բրյուսելի պաշտոնյաներն այնպիսին չեն, որ Պուտինի նման կանգնեն եւ միամտաբար ասեն, թե դու 60 տոկոս ես հավաքել: Նրանք եթե տեսնեն՝ Ս. Սարգսյանն աստիճանաբար շարունակում է զրույցները Եվրասիական միության թեմայով, ապա վստա՛հ եղեք, որ իրենց դիրքորոշումներն այլ կերպ կարտահայտեն: Խնդիրը նաեւ այն է, որ Ս. Սարգսյանը ոչ միայն ներքին, այլեւ արտաքին դաշտում հայտնվել է կա՛մ կա՛մի իրավիճակում: Երբեք այսքան հստակ չի եղել կողմնորոշման հրամայականը: Այս ամենը Ս. Սարգսյանին այնքան վատ իրավիճակում է դրել, որ նա ամեն օր էլ ավելի է զգալու լեգիտիմության պակասը:  Գնալով արտաքին դաշտում սրվելու են խնդիրները: Դա էլ այն պարագայում, երբ ժողովրդի մեծ մասն իր հետ չէ, ու ավելին, պահանջում է իր հեռանալը: Սա է ամբողջ իրականությունը:
Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնախմբի պատասխանատու ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
-Պարո՛ն Կարապետյան, ի՞նչ կարծիք ունեք Վ. Պուտինի եւ Ս. Սարգսյանի վերջին հանդիպման մասին:
-Տեղեկություններն առատ չեն, երբ ավելի մանրամասն տեղեկություններ լինեն, այդ ժամանակ կարելի է ավելի ծավալուն խոսել: Հիմա շատ քիչ ինֆորմացիա կա, որպեսզի ինչ-որ բան մեկնաբանեմ:
-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ Վ. Պուտինը Ս. Սարգսյանի հավաքած ձայները ավելացրեց` նշելով, թե Սարգսյանը հավաքել է “ավելի քան 60 տոկոս”: 
-Նշանակություն չեմ տալիս այդ հանգամանքին: Մեկ-երկու տոկոսն ինձ համար նշանակություն չունի:
Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավար ՌՈՒԲԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆ
-Պարո՛ն Թովմասյան,  ինչո՞ւ Վ. Պուտինն ,ավելի քան 60 տոկոսե ձայն հավաքելու համար շնորհավորեց Ս. Սարգսյանին, երբ վերջինիս ձայները, ԿԸՀ պաշտոնական տվյալներով, կազմում են 58,6 տոկոս: 
-Իսկ Դուք դա բացատրում եք Պուտինի անտեղյակությա՞մբ: Ինչո՞ւ պետք է Պուտինը մտածված ասեր 60 տոկոս: Դա Պուտինի գործն է, ինքն է իր թվերը հրապարակում: 
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
“Ժողովուրդ” թերթի 499 համար




Լրահոս