Անբարոյականության խրախճանքը. «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. «Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդես է եկել սահմանադրական փոփոխությունները քննադատող հերթական գրառմամբ: Նա իրեն բնորոշ կոռեկտ ոճով ներկայացրել է սահմանադրական փոփոխությունների վտանգները, արձանագրել է, որ դրանց արդյունքում Հայաստանն իրականում անցում է կատարելու ոչ թե` խորհրդարանական, այլ՝ միակուսակցական, մենաշնորհային կառավարման համակարգի: Նախկինում եւս Վարդան Օսկանյանը հանդես է եկել սահմանադրական փոփոխությունները քննադատող, ի դեպ, բավական հիմնավոր հրապարակումներով: Խնդիրը, սակայն, Օսկանյանի գնահատականների փաստարկվածությունը չէ, այլ գտնվում է բոլորովին այլ հարթությունում, որը պայմանականորեն կարելի է անվանել բարոյականություն: Իսկ երբ խոսքը քաղաքականության ու քաղաքական գործիչների մասին է, երեւույթն այդ կոչվում է քաղաքական բարոյականություն:

Ու այդ հարթությունում հնչող առաջին հարցն այն է՝ արդյոք Վարդան Օսկանյանը բարոյական իրավունք ունի՞ քննադատելու սահմանադրական փոփոխությունները եւ հանդես գալու այնքան ճերմակ ձեռնոցներով, որքան երեւակվում են նրա սոցցանցային գրառումներից: Նա խոսում է այնպիսի բարձր դիրքերից, իր գնահատականներում շոշափում է այնպիսի վեհ կատեգորիաներ, որ տպավորություն է ստեղծվում, թե ընթերցում ես ոչ թե՝ 10 տարի Ռոբերտ Քոչարյանի օրոք ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցրած, նույնքան տարի աշխարհի առաջ Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարումը, ժողովրդավարական ազատությունների բռնաբարումը լղոզող, 2008թ. մարտի 1-ի սպանությունների համար անձամբ գաղափարափիլիսոփայական հիմնավորումներ ներկայացրած պաշտոնյայի գրառումը, այլ Դալայ Լամայի մենագրությունն ազնվության ու արդարամտության մասին:

Բայց Օսկանյանը միակ գործիչը չէ, ում հիշողությունը, մեղմ ասած, բարձր մակարդակի վրա չէ: Վերջին հաշվով, հիշողությունը «փիս խասյաթ» ունի՝ դավաճանում է: Բայց գոնե ժամանակակից դարում հիշեցումի տասնյակ, հարյուրավոր գործիքներ կան, ու ժամանակ առ ժամանակ, թերեւս, պետք է հիշեցնել մարդկանց, որ գնահատականներ հնչեցնելուց առաջ արժե թերթել սեփական կենսագրությունը: Այո, Օսկանյանը միակը չէ: Նույն պատկերն է, ըստ էության, բոլոր նախկին պաշտոնյաների պարագայում: Նրանց թվում է, որ մարդկանց հիշողությունն այնքան կարճ է, որքան իրենց պաշտոնավարման տարիներին պետության համար արված դրական գործերի ցուցակը: Մինչդեռ այս եւ բազմաթիվ այլ պաշտոնյաների ամենաարժեքավոր հայտարարությունը պետք է լիներ լռությունը… Կարելի է վստահաբար ասել, որ հայ հասարակությունը նույն պատկերին ականատես է լինելու նաեւ 5, 10 տարի անց, երբ այսօրվա իշխանությունները դառնան նախկին պաշտոնյաներ ու սկսեն «մաքրազերծվածի» դիրքերից քննադատել ապագա իշխանություններին:

Առհասարակ, Հայաստանի ամենամեծ խնդիրը ոչ թե՝ նյութական ռեսուրսների, օգտակար հանածոների, այլ՝ քաղաքական բարոյականության կորուստն է: Հայաստանում գոյություն չունի ո՛չ բարոյական քաղաքականություն, ո՛չ էլ քաղաքականության բարոյականություն: Հայաստանը դարձել է մի տիրույթ, որտեղ հաղթում է ստորը, քծնողը, դավաճանն ու երկերեսանին:

Նյութական, առարկայական հարյուրավոր խնդիրների առկայության պայմաններում այս մասին խոսելը կարող է անտեղի թվալ, բայց իրականում սա ամենախորքային խնդիրն է, որը ժամանակի ու տարածության մեջ մաշելու է պետությունն ու պետականությունը: Որովհետեւ առանց մարդու չի կարող լինել պետություն: Իսկ առանց բարոյականության չի կարող լինել մարդ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս