«Շնորհալի ստեղծագործողի համար դժվար է հետույքներ համբուրել». Սրբուհի Ստամբոլցյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի, երգահան Սրբուհի Ստամբոլցյանը, ով Երգի պետական թատրոնի ավագ սերնդի ներկայացուցիչ է եւ երկար տարիներ դասավանդել է այնտեղ, նշում է, որ սաների շրջանում տարեցտարի շնորհը սպառվում է: Նրա խոսքով` նոր սերնդի ներկայացուցիչները մեկ երգ եթեր տալուց հետո դառնում են «մեծ աստղեր»: «Ժողովուրդ»-ը երգահանի հետ զրուցել է այսօր ստեղծվող մեղեդիների, «թխած» երգերի, այդ շուկայում տիրող իրավիճակի մասին:

-Տիկի՛ն Ստամբոլցյան, որպես երգահան` ի՞նչ կարծիքի եք` այսօր ստեղծվող երգերում մեղեդայնության պակաս չկա՞: Ինչո՞ւ է մեղեդին հազվադեպ ծնվում, իսկ ծնվելիս էլ կարծես նմանվում է մեկ այլ մեղեդու:

-Այսօր երգ կարողանում են վաճառել մեծ մասամբ գովազդ ունեցողները, ոչ թե շնորք: Շնորհալի ստեղծագործողի համար շատ դժվար բան է, չեմ ամաչում ասել՝ հետույքներ համբուրելով, կեղծ ընկերություն անելով, ինքնագովազդով զբաղվելը: Այդ պատճառով էլ լավ մեղեդիները շուկայում քիչ են, շատը թխած, գողացվածներն են:

12191745_945079995573067_1153440152183634647_n

-Իսկ ինչպիսի՞ն են այսօր ստեղծվող երգերի խոսքերը: Հաճախ դրանք երաժշտությունից առանձին ընթերցելու դեպքում ծիծաղ են հարուցում: Ի՞նչն է խնդիրը, որ արժեքավոր խոսք հազվադեպ է ստեղծվում:

-Նույնը եւ խոսքեր գրողներին է վերաբերում: Ում գովազդն ավելի շատ է, ում, իրենց նման տգետ, շոու-բիզնեսի աստղիկներն են եթերներով անվերջ գովում-մեծարում, նրանք էլ ավելի հաճախ են պատվերներ ունենում: Օրեր առաջ երգահան ընկերներիցս մեկը խնդրեց ստուգել իր մեղեդու վրա գրված բառերը, որոնք ամենահայտնիներից մեկն էր գրել: Հավատացեք, որ ոչ մի ճիշտ նախադասություն չկար տեքստի մեջ: Բայց պատվիրատուն գոհ էր մնացել: Գովազդված անունն արդեն սրբագրիչի կարիք չունի:

-Մեր հիշողություններում դեռ թարմ է «Տիրամոր գովք» երգի Ձեր առաջին կատարումը: Հոգեւոր երգն այսօր ո՞ր պլանում է, արդյո՞ք այն բավականաչափ մատուցվում է ունկնդրին, նոր մշակումներ, հետաքրքիր մեկնաբանություններ լինո՞ւմ են:

-Անշուշտ, նոր մշակումներ էլ են արվում, գրվում էլ են, բայց ներկայացվում են միայն համերգասրահներում: Իսկ վերջին շրջանում մեր եթերներում, բացի ժամանցային անորակ հաղորդումներից, ի՞նչ են ներկայացնում:

12189175_945079988906401_2626181047173010470_n

-Տարիներ ի վեր աշխատել եք Հայաստանի երգի պետական թատրոնում, առնչվել եք թատրոնի ամենաավագ սենդից մինչեւ ամենակրտսերի հետ: Ի՞նչն է փոխվել այս տարիների ընթացքում, հին սերունդն ունե՞ր որակներ, որոնք կցանկանայիք տեսնել նոր սերնդի շրջանում: Եվ ի՞նչ նոր հուսադրող միտում է նկատվում:

-Արդեն երկու տարի է` չեմ աշխատում թատրոնում, այնտեղի նոր կադրերից տեղյակ չեմ: Բայց քանի որ տասնամյակներ է՝ դասավանդում եմ, գիտեմ, որ տարեցտարի շնորհը սպառվում է: Իհարկե, կան շնորհալիներ, բայց անցյալ տարիների հետ համեմատելի չեն: Մեր սերունդն անվերջ սովորում էր, շատ ավելի հոգեւոր ու մտավոր էր: Այս նորերը մեկ երգ եթեր տալուց հետո դառնում են «մեծ աստղեր», էլ չեն սովորում, մեծամտանում են, խորհուրդն ու քննադատությունը որպես անձնական վիրավորանք են ընկալում: Ոչ բոլորն, իհարկե, բայց մեծ մասամբ: Իսկ հուսադրողն այն է, որ դրանց ժամանակը մաղելու է, կորեն-գնան, ինչպես իրենցից առաջ շատ-շատերը, որոնց մասին չենք էլ հիշում: Տեղը գալու են նորերը, տա Աստված, որ մեր կառավարությունն էլ շուտով իր դիրքորոշումը փոխի արվեստի, լեզվի զարգացման ու պահպանման հարցում… Ու ամեն ինչ իր տեղը կընկնի:

-Վերջին շրջանում համագործակցություն եղավ, օրինակ, Սիրուշոյի հետ. ինչպիսի՞ն պետք է լինի առաջարկը, որ Ձեզ գրավի, ո՞ր դեպքում եք մերժում այն: Այսօր մեր երգիչ-երգչուհիների հետ հե՞շտ է աշխատել:

-Շնորհալի մարդու հետ, ինչպիսին Սիրուշոն է, անկասկած հեշտ է աշխատել: Իսկ մեծ առումով՝ ինձ հետ է դժվար. ես կամակատար չեմ, փողի համար անգրագետների ցանկություններին հագուրդ չեմ տալիս: Ակնհայտ թուրքա-արաբական մեղեդիների վրա հրաժարվում եմ բառեր գրել, բնականաբար, ինքս էլ նման մեղեդիներ չեմ գրում:

12189973_945079992239734_7228408175709560270_n

-Դուք ուսանել եք դիզայնի բաժնում, որքանով տեղյակ ենք` անգամ Մոսկվայում աշխատել եք «Moulin Rouge» էլիտար ամսագրում` որպես ոճաբան: Հետաքրքիր է` այսօր զբաղվո՞ւմ եք այդ մասնագիտությամբ: Որքանո՞վ է ոճի զգացողությունը օգնում երաժիշտին, իսկ երաժշտությունը` ոճաբանին:

-Դիզայնով շա՜տ քիչ եմ զբաղվում: Հիմա այգով եմ հիվանդացել: Հողագործություն եմ ուսումնասիրում, կարդում, սովորում, տնկում, ցանում… Օրս, անգամ այս ցուրտ եղանակին, այգում է անցնում: Իսկ ոճի զգացողությունն օգնում է ինքնությունդ ճիշտ ներկայացնելուն: Էլ չեմ ասում, որ երաժշտությունը, ոճային առումով, արվեստների մեջ ամենահարուստն է: Այս աշխարհում ամեն ինչ իրար հետ կապված է: Ամեն ինչի մեջ երաժշտություն կա, եւ երաժշտության մեջ՝ ամեն ինչ: Երաժշտությունը մաթեմաթիկա է, ֆիզիկա, նկարչություն, թատրոն, հողագործություն, փիլիսոփայություն… Այս կյանքը հենց երաժշտություն է. մեկ տխուր, մեկ ուրախ, մեկ բարկացնող, մեկ բարիացնող, մեկ մոռացնող, մեկ մտածելու տեղիք տվող, մեկ հուսահատեցնող, մեկ էլ հույս ու հավատ ներշնչող…

Աննա Բաբաջանյան




Լրահոս