Հրազենային վնասվածք պատճառողը ձերբակալվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ինչպես նախկինում տեղեկացրել էինք՝ մարտի 26-ին, ժամը 18.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1968 թ. ծնված Սարգիս Ս.-ն՝ հայտնելով, որ հրազենային վնասվածքը ստացել է ոտքին, իսկ ատրճանակի բռնակով հարվածել են գլխին: Նորքի 5-րդ զանգվածի Գալշոյան փողոցի թիվ 22 շենքի հետնամասում գտնվող խաղահրապարակում հայտնաբերվել էր կրակված 1 պարկուճ, ինչպես և արյան հետքեր:  Սարգիս Ս.-ի մոտ ախտորոշվել էր “ձախ սրունքի վերին երրորդի հրազենային վնասվածք, աջ ականջի սալջարդ վերք”:
Նույն օրը, ժամը 20.00-ին, բժշկի կողմից տրվել էր տեղեկանք, որ Սարգիս Ս.-ն գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ հաղորդում տալու:
Մարտի 29-ին, ժամը 16.30-ին, Սարգիս Ս.-ն հաղորդում է տվել, որ մարտի 26-ին  մի հիմնարկության  արտադրամասի մոտակայքում,  արտադրամասի նախկին աշխատող Աննա Պ.-ի ամուսին ոմն Նորիկի հետ վիճաբանության ժամանակ, վերջինս կրակել է իր ձախ ոտքին և պատճառել վնասվածք:
Պարզվել է, որ Նորիկը 1971 թ. ծնված  Նորիկ Մ.-ն է:
Ապրիլի 4-ին ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչություն է ներկայացել Նորիկ Մ.-ն և ներկայացրել հանցագործության գործիք   “Մակարով” ատրճանակը` պահունակով` լիցքավորված 9 մմ տրամաչափի 6 փամփուշտով, և խոստովանել կատարածը: Ներկայացվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: Նորիկ Մ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս