ԱՎԵԼԻ ԼԱՎ ԹԱԼԱՆԵԼՈՒ ԵՐԵՎԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ազգային կոնգրեսը դիմել է գլխավոր դատախազություն՝ խնդրելով պարզել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքի ծագումնաբանությունը: ՀԱԿ-ը լուրջ կասկածներ ունի՝ Տ. Մարգարյանը, որը մշտապես զբաղեցրել է պետական պաշտոններ, իր ունեցվածքը ձեռք է բերել հանցավոր ճանապարհով:
«Ի դեմս Տարոն Մարգարյանի՝ գործ ունենք ավազակապետական կարկառուն մի ներկայացուցչի հետ, որը վերջին տարիներին զբաղված է եղել ժողովրդին թալանելով»,-երեկ ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ ներկայացնելով դատախազություն ուղարկված իրենց դիմումը: Ըստ այդմ՝ 2005թ. այն ժամանակ Ավանի թաղապետ Տ. Մարգարյանը ԿԸՀ ներկայացրած հայտարարագրում նշել է, որ իր եւ իր ընտանիքի անդամների վերջին մեկ տարվա եկամուտը կազմել էր ընդամենը 7 միլիոն 392 հազար 841 դրամ: Երկու տարի անց՝ 2007թ., ԱԺ ընտրություններին ԿԸՀ ներկայացված հայտարարագրի համաձայն՝ Տ. Մարգարյանի եկամուտները շեշտակի աճել են՝ կազմելով 64 միլիոն դրամ եւ 50 հազար դոլար։ Բացի այդ, նա ունեցել է 80 միլիոն դրամի եկամուտ ոսկյա իրերի, թանկարժեք քարերի իրացումից ու դրամական նվիրատվություններից: Այդ ընթացքում շեշտակի աճել է նաեւ Տ. Մարգարյանին պատկանող անշարժ գույքի քանակը: Իսկ ահա 2013թ. նա հայտարարագրել է 115 մլն դրամ, 50 հազար դոլար եւ 50 հազար եվրո, նաեւ բավական մեծ թվով անշարժ գույք: Ըստ Լ. Զուրաբյանի՝ Տ. Մարգարյանի իրական ունեցվածքը տատանվում է 6-10 մլն դոլարի սահմաններում:

Խոսում է պաշտոնական
 վիճակագրությունը
Մինչ իրավապահներն ընթացք կտան ՀԱԿ-ի դիմումին, Երեւանի քաղաքապետարանում անցկացրած ստուգումների հաշվետվությունն է հրապարակել ՀՀ վերահսկիչ պալատը: Չնայած ՎՊ նախագահի ընտանիքի անդամներն աշխատում են Տ. Մարգարյանի ենթակայությամբ եւ, բնականաբար, կաշկանդվածության որոշակի մաս կար, ամեն դեպքում, ՎՊ կողմից Երեւանի քաղաքապետարանում չարաշահումներ ու խախտումներ են հայտնաբերվել: Ասել է թե՝ ՎՊ-ն անուղղակի կերպով հաստատել է քաղաքապետարանում կոռուպցիայի եւ «ատկատների» մասին ընդդիմության պնդումները:
Եվ այսպես, ուսումնասիրվել են Երեւանի կողմից բյուջետային միջոցների օգտագործման, հողերի կառավարման, օտարման, ինչպես նաեւ կառուցապատման, անհատույց եւ վարձակալության իրավունքով օգտագործման օրինականությունն ու արդյունավետությունը: Ստուգումներն ընդգրկել են 2010թ. հունվարի 1-ից մինչեւ 2012թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածը: Ի դեպ, այդ ընթացքում Տ. Մարգարյանը եղել է քաղաքապետի առաջին տեղակալ, իսկ 2011թ. նոյեմբերից՝ քաղաքապետ: Ասել է թե՝ հայտնաբերված չարաշահումները հենց նրա պաշտոնավարման ընթացքում են կատարվել:
Ըստ հաշվետվության՝ ընտրանքային կարգով ստուգվել են քաղաքապետարանի ուժերով իրականացված 22 օբյեկտների շինարարության եւ հիմնանորոգման աշխատանքները: Եվ պարզվել է, որ ծախսված 510 մլն 340 հազար դրամից հավելագրվել է 8,2 մլն դրամը, իսկ 24,8 մլն դրամի անորակ շինարարություն իրականացվել: Այլ կերպ ասած՝ միայն այս ոլորտում հայտնաբերվել է մոտ 33,2 մլն դրամի խախտում: Լուրջ խախտումներ են հայտնաբերվել նաեւ բարեկարգման ոլորտում: Քաղաքապետարանի հայտարարած մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված «Նոր բարեկարգում» ՓԲԸ-ն Եռաբլուրի անտառ-պուրակի՝ դեպի Իսակովի պողոտա հարող լանջում իրականացրել է կանաչ տարածքի հիմնման աշխատանքներ: 2011թ. դեկտեմբերի 20-ին ավարտվել են այդ աշխատանքները: Ըստ ՎՊ հաշվետվության՝ կանաչ տարածքի հիմնման աշխատանքների ընդհանուր գումարը կազմել է 35 մլն դրամ: Ուսումնասիրությունից պարզվել է, որ թեեւ պայմանագրով նախատեսված եւ ընդունման ակտով սահմանված աշխատանքները կատարվել են, սակայն արդյունքում նշված տարածքում որեւէ ծառ չկա: Անարդյունավետ ծախսը միայն ծառերի մասով կազմել է 10 մլն դրամ: Նշենք, որ ըստ ՀՀ ԱՆ պետռեգիստրի տվյալների՝ «Նոր բարեկարգում» ՓԲԸ հիմնադիրն է Երեւանի քաղաքապետարանը: Չարաշահումներ կան նաեւ աղբահանության ոլորտում: Այստեղ թույլ են տրվել 7,9 մլն դրամի «կատարողականների ավելի կազմման փաստեր»: «Գոյություն ունեցող օբյեկտներին ընդլայնման եղանակով ուղղակի վաճառքի ձեւով օտարվել են հողամասեր կադաստրային արժեքով, այն դեպքում, երբ դրանք հնարավոր էր օտարել հրապարակային սակարկությունների միջոցով»,-նշված է ՎՊ հաշվետվության մեջ: «2010-2012թթ. աճուրդային կարգով օտարման ներկայացված հողերի մեկնարկային գները սահմանվել են միջինացված շուկայական արժեքների նվազագույն շեմից պակաս գնով»,-փաստում է ՎՊ-ն:
Ի՞նչ է սա, եթե ոչ կոռուպցիայի դրսեւորում: Ի վերջո, «ատկատներն» ու կոռուպցիան էլ հո պոզով-պոչով չե՞ն լինում. ընդ որում սա բացահայտումների մի մասն է:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս