«Մենք կարող ենք մի օր էլ փակել սահմանը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վիկիլիքսի» կողմից հրապարակված այս փաստաթուղթը հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը, որը պատմում է իր եւ ՀՀ-ում Վրաստանի նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Գեորգի Տաբատաձեի միջեւ 2010թ. փետրվարի 16-ին կայացած հանդիպման մասին: Կողմերը հիմնականում քննարկել են հայ-վրացական հարաբերությունները: Զրույցի ընթաքում վրացի դիվանագետը մի շարք վիճահարույց հայտարարություններ է արել, որոնք պարզորոշ կերպով ցույց են տալիս հայ-վրացական հարաբերությունների իրական որակը: Տաբատաձեն անթաքույց կերպով հայտարարել է, որ Հայաստանի պահվածքն իրենց համար ընդունելի չէ: Ավելին՝ դիվանագետը հնչեցրել է հայ-վրացական սահմանը փակելու «սպառնալիք»՝ «հայերին դաս տալու» միտումով:

Այսպես, Յովանովիչը հայտնում է, որ վրացի դիվանագետի բարձրացրած առաջին խնդիրը վերաբերել է սահմանների ճշգրտմանը: Տաբատաձեն պնդել է, որ հայերը պահանջում են սահմանները շտկել բացառապես իրենց հարմար եղանակով եւ պահանջելով կոնկրետ տարածք որեւէ հատվածում՝ հրաժարվում են փոխհատուցում տրամադրել: Յովանովիչն արձագանքել է, որ հայկական աղբյուրներից իրեն հայտնի է, որ 1934թ.-ից սկսած՝ սահմանազատման կանոնավոր աշխատանքներ որպես այդպիսին չեն տարվել, ինչի արդյունքում Հայաստանը կորցրել է մոտ 700 հեկտար տարածք:

Վրաստանի դեսպանը նկատել է, որ իրենց համար այլեւս անընդունելի են սահմանամերձ հատվածում բնակվող գյուղացիների կողմից սահմանային անկանոն անցումները, քանզի Վրաստանն այլեւս կայացած պետություն է եւ չի կարող հանդուրժել կոռուպցիայի, սուվերենության խախտման եւ այլ ապօրինությունների հիմք տվող նման ավանդույթը: Նրա պնդմամբ՝ իր կառավարությունը պատրաստ է ճկուն կեցվածք որդեգրել այդ հարցում, սակայն բոլոր մանրամասները պետք է նախապես ճշգրտվեն: Այս կապակցությամբ վրաց դիվանագետը շեշտել է, որ իրենք ավելի մեծ գործ են անում միջսահմանային համագործակցության հարցում, քան Հայաստանի իշխանությունները:

Նկատի ունենալով Բավրա-Բաթումի ճանապարհի ու Հայաստանյանի հյուսիս-հարավի միակցման ճանապարհի հիմնահարցը՝ Տաբատաձեն պնդել է, որ իրենց մնացել է 80 կմ կառուցել՝ ի տարբերություն աշխատանքներից շատ հետ մնացած Հայաստանի: Նա տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը ցանկանում է այդ ճանապարհին տալ «տարածաշրջանային պրոյեկտի» կարգավիճակ, ինչը Վրաստանի համար անընդունելի է, քանզի այդ դեպքում իրենք պիտի ճանապարհը առաջնահերթություն դարձնեն: Ըստ էության, վրացիները Հայաստանի հետ հարաբերությունները բնավ էլ իրենց համար գերակա չեն համարել եւ այսօր էլ կարծես նույն կերպ են մտածում:

Այստեղ իրականում մեծ գործ ունի անելու Հայաստանի իշխանությունը, քանզի Վրաստանի պես կենսական նշանակություն ունեցող երկրի հետ պետք է վարել միանգամայն բարձրորակ քաղաքականություն, այլ ոչ թե այնտեղ գործուղել չափազանց բարձր ինքնագնահատական ունեցող նախկին սպորտսմենների:
Վրացի դիվանագետը, քննարկելով Հայաստանի՝ Վրաստանից կախվածություն ունենալու պարագան, հավելել է, որ հայերը ցուցադրում են ապերախտ կեցվածք: Նրա ներկայացմամբ՝ հայերը չեն գնահատում վրացիների կատարած լավ գործն ու բարի վերաբերմունքն իրենց հանդեպ: Վրաց դեսպանը նաեւ կարեւորել է Ռուսաստանից դեպի Հայաստան առաքվող զենքի ու զինամթերքի հիմնախնդիրը: Տաբատաձեի համոզմամբ՝ վերջին շրջանում զենքի փոխադրումն ահռելի չափերի է հասել, թեեւ իրենք հարգելով Հայաստանի կառավարության խնդրանքը՝ որեւէ խոչընդոտ չեն հարուցում այդ ճանապարհին: Նրա տպավորությամբ՝ Հայաստանն ավելի մեծ թվով զենք է գնում, քան նրա բյուջեն կարող է թույլ տալ: Վրացի դիվանագետն անակնկալ հարց է ուղղել Յովանովիչին, թե արդյո՞ք վերջինս չի կասկածում, որ զենքը կարող է լինել Իրանի համար կամ էլ տեղավորվել Գյումրիի ռուսական ռազմաբազայում:

Ամերիկացի դիվանագետը, արտահայտելով հանդերձ իր կառավարության մտահոգությունը զենքի կուտակման հարցի առնչությամբ, համոզմունք է հայտնել, որ զենքը գալիս է բացառապես Հայաստանի համար: Հատկանշական է, որ վրացին կարծես փորձել է վեճ հրահրել՝ անիմաստ կասկածներ սերմանելով հայ-ամերիկյան հարաբերություններում: Անշուշտ, դա բարեկամ երկրի դեսպանի ազնիվ պահվածք համարել չի կարելի, սակայն հարկ է ընդունել, որ Հայաստանի իշխանություններն էլ իրենց հերթին են քանիցս բամբասել ու անտեղի վիրավորանքներ հղել իրենց վրացի գործընկերների հասցեին օտար դիվանագետների հետ զրույցներում:

Վերջում Տաբատաձեն արձանագրել է, որ Հայաստանի կառավարությունը դիտավորյալ կերպով ճնշում է գործադրում իրենց վրա՝ զգալով Վրաստանի թուլությունը Օսեթական պատերազմից հետո: Ռուսաստանի հրահանգներին վերագրելով Հայաստանի կառավարության վարմունքը՝ նախկին դեսպանը հավելել է, որ իրենց ԱԳՆ-ում կա այն տրամադրությունը, որ Հայաստանին պետք է դաս տալ եւ փակել սահմանը, եթե ծայրահեղական այդ օրակարգը շարունակվի: «Մենք կարող ենք մի օր էլ փակել սահմանը»,- հայտարարել է Տաբատաձեն: Լավ իմանալով սահմանը նման անհեթեթ բացատրությամբ փակելու անհնարինությունը՝ դեսպանն, այդուհանդերձ, իրեն թույլ է տվել նման արտահայտություններով պարուրել հայ-վրացական հարաբերությունները երրորդ երկրի դիվանագետի առաջ: Վրաստանի դեսպանի ձեւակերպումները հստակորեն ցույց են տալիս, որ հայ-վրացական հարաբերությունները բնավ բարձր մակարդակի վրա չեն, ինչը, ցավոք, կարծես ամենեւին էլ չի մտահոգում ՀՀ իշխանություններին:

Ն.Հովսեփյան




Լրահոս