Տարոն Մարգարյանը հետևել է ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքների ընթացքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ գիշեր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջայց է կատարել մայրաքաղաքի վարչական շրջաններում և տեղերում հետևել շուրջօրյա ռեժիմով իրականացվող ձյան մաքրման ու կուտակված ձյան հեռացման աշխատանքների ընթացքին: Տեղերում աշխատանքները վերահսկող վարչական շրջանների ղեկավարները քաղաքապետին զեկուցել են, որ դեկտեմբերի 30-ի երեկոյից մեկնարկած ձնամաքրման աշխատանքներն անցած երեք օրերի ընթացքում, ըստ էության, չեն ընդհատվել:

Նաև զեկուցվել է, որ հաշվի առնելով ձյան չդադարող տեղումների հանգամանքը, ձնամաքրման աշխատանքներն իրականացնող «Սանիտեք» ընկերությանն աջակցելու նպատակով, աշխատանքներում ներգրավվել են վարչական շրջանների կոմունալ և կանաչապատման ծառայությունների համապատասխան աշխատակիցներն ու մեքենամեխանիզմները: Բացի այդ, նաև նշվել է, որ քաղաքապետի կողմից ձեռքբերված պայմանավորվածությունների արդյունքում, որոշ կազմակերպությունների համապատասխան մեքենամեխանիզմները ևս արդեն իսկ ներգրավվել են ձյան մաքրման ու ձնահեռացման աշխատանքներում:

Շնորհակալություն հայտնելով ձնամաքրման աշխատանքներում ներգրավված բոլոր աշխատողներից ու պատասխանատուներից, քաղաքապետ Տարոն Մարգարյանն այնուամենայնիվ նկատել է, որ այն դեռևս բավարար չէ ու չի կարող գոհացնել:

«Հասկանալի է, որ չդադարող ձյան պայմաններում դժվար է հանրության համար առավել տեսանելի դարձնել իրականացվող աշխատանքների արդյունքը: Մեզ համար այս պահին առաջնահերթը մայրաքաղաքի տրանսպորտային հոսքերի երակները բաց պահելն է, որը արվում է: Թեկուզ այն, որ չնայած երեք օր շարունակ առատ տեղացող ձյանը մայրաքաղաքում չունենք փակ փողոց, դա միանշանակ իրականացվող աշխատանքի արդյունք է: Ինչ խոսք, կատարվող աշխատանքները դեռևս բավարար չեն և անելիք դեռ շատ կա: Բայց ես համոզված եմ, որ նման նվիրումով աշխատանքի արդյունքում ամեն ինչ կարվի պատշաճ մակարդակով: Ի դեպ, ինձ զեկուցեցին, որ ձնամաքրման աշխատանքներում ներգրավված շուրջ 500 աշխատակիցներ Ամանորը դիմավորել են մայրաքաղաքի փողոցների ձյունը մաքրելով: Անկեղծորեն շնորհակալ եմ բոլոր այդ մարդկանցից, նաև բոլոր նրանցից, ովքեր դեկտեմբերի 30-ից մինչ այս պահը օր ու գիշեր աշխատել և աշխատում են, որպեսզի մայրաքաղաքում հնարավորին մեղմվի անդադար տեղացող ձյան պատճառով առաջացող դժվարությունները», -ընդգծել է քաղաքապետը:

Հաշվի առնելով օթերևույթաբանների կանխատեսումները, Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել շուրջօրյա ռեժիմով ձնամաքրման աշխատանքների իրականացումը, իսկ տեղումների դադարից անմիջապես հետո բոլոր ուժերը կենտրոնացնել մայրաքաղաքի փողոցներում կուտակված ձյունը արագ տեղափոխելու և բակային տարածքների ձնամաքրման աշխատանքների վրա:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս