Արթուր Բաղդասարյանն այժմ էլ ուրիշ անվան տակ կփորձի պայքարել «օրինաց երկիր» ստեղծելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արթուր Բաղդասարյանի «Օրինաց երկիր» կուսակցությունը իշխանություն-ընդդիմություն բազմակի վայրիվերումներից, կուսակցական կառույցների լուծարումից, 2012թ. իր անդամների թվից մի քանի անգամ քիչ քվեներ ստանալուց հետո, անդամակցության կարգի վերանայումից եւ վերակազմավորումից հետո, այնուամենայնիվ, այդպես էլ չկարողացավ վերագտնել իր երբեմնի հեղինակությունը եւ ստիպած եղավ վերջնականապես լուծարվել` քաղաքական դաշտում նոր անվամբ ներկայանալու եւ այդպիսով 2017թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար:

Արդեն մի քանի ամիս է, ինչ տարբեր առիթներով հարցազրույցներ տալիս` ՕԵԿ կարկառուն դեմքերը նախընտրում էին հանդես գալ ոչ թե իրենց համար երբեմնի այնքան սիրելի «Օրինաց երկրի», այլ «Հայկական վերածնունդ» միավորման անունից, որն էլ, ի վերջո, վերածվեց կուսակցության եւ փետրվարի 21-ի համագումարում վերջնականապես «կկլանի» ոչ միայն իրենց «ճակատներին եւ սրտներում ՕԵԿ դաջած» ՕԵԿ-ի, այլեւ եւս 8 այլ կուսակցությունների անդամներին:

Եվ չնայած առաջին հայացքից «8 կուսակցությունների անդամներ» ասվածը բավականին ազդեցիկ է հնչում, իրականում ակնհայտ է, որ նորաստեղծ «Հայկական վերածնունդը» լինելու է նոր փաթեթավորմամբ հին ՕԵԿ-ականների «վերածնունդը», որն ունի բացառապես մեկ նպատակ. մոռացության մատնել «Օրինաց երկրի» վերջին տարիների անփառունակ անցյալն ու ազատվել «ուխտադրուժի»` 2008թ.-ից ի վեր հետապնդող խարանից: Կերպարանափոխության դասական օրինակ, երբ մարդը որեւէ անօրինական արարք է կատարում եւ այլ ելք չունենալով՝ փոխում է իր բնակավայրը, անունը, նոր փաստաթղթեր է ձեռք բերում եւ փորձում նորից ներկայանալ մարդկանց:
Արդյո՞ք կհաջողվի դա Ա. Բաղդասարյանին եւ նրա թիմակիցներին, ցույց կտա ժամանակը, թեեւ «ինքնամաքրումը» կերպարանափոխության միջոցով ընդամենը հնարք է, որով դժվար է մոլորեցնել ժողովրդին:

«Ժողովուրդ»-ին հաջողվեց կապ հաստատել «Հայկական վերածնունդ» կուսակցությանը միավորված մի քանի կուսակցության նախագաների հետ:

«Հայկանդուխտ ավանդապաշտ ժողովրդավարական» կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանը պատասխանեց մեր հարցերին:

-Ձեր կուսակցությունը ո՞ր թվականին է հիմնադրվել եւ քանի անդամ ունի, արդյո՞ք կուսակցական գործող տարածքային գրասենյակներ ունեք:

-Մեր կուսակցությունը հիմնադրվել է 1994թ փետրվարի 21-ին եւ ունի 3.850 գրանցված անդամ: Իրավաբանական հասցեն իմ տան հասցեն է, մարզերում գրասենյակներ չունենք:

-Երեւանում գործող գրասենյակ, բացի Ձեր բնակարանից, ունե՞ք:  

-Ո՛չ, ֆինանսական խնդիրների հետ կապված չունենք գործող գրասենյակ:

-Իսկ գաղափարային ինչ-որ ընդհանուր մոտեցումներ կա՞ն, որ միավորվել եք «Հայկական վերածնունդ» կուսակցությանը:

-Ես ոչ մեկի հետ որեւէ գործունեություն չեմ ծավալել, բացառությամբ կոմունիստական կուսակցության, ժամանակին հայրենասիրական ուժերի միավորում ենք ստեղծել, բացի դրանից՝ ոչ մեկի հետ չենք համագործակցել: Այսօրվա քաղաքական դաշտի իսկական ընդդիմության բացակայությունը հուշեց մեզ միավորվել այդ կուսակցությանը:

-Այս պահին քաղաքական դաշտում որպես միակ ընդդիմադիր առաջնորդ տեսնում եք Ա. Բաղդասարյանի՞ն:

-Ոչ միայն Բաղդասարյանին, այլեւ նրա շուրջ համախմբված քաղաքական ուժերին:
«Հայոց Հայրենիք» կուսակցության նախագահը, որը նույնպես միավորվել է «Հայկական վերածնունդ»-ին, հրաժարվեց խոսել մեզ հետ եւ հայտնեց, որ իրենք որեւէ լրատվամիջոցի մեկնաբանություն չեն տալիս:

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության իրավաբանական հասցեի հեռախոսահամարով զանգահարեցինք, պարզվեց՝ կուսակցության նախագահի բնակարանի հեռախոսահամարն է, սակայն չկարողացանք զրուցել կուսակցության նախագահ Վաչագան Չիբուխչյանի հետ:

«Միավորված հայեր», «Հայաստանի ագրարային», «Շրջադարձ», «Ազգի փրկություն» եւ «Ազգային արժեքների պաշտպանության» կուսակցությունների կոնտակտային տվյալներն այդպես էլ չկարողացանք գտնել:

Ի դեպ, ըստ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի. «…Պետական գրանցման պահին կուսակցությունը պարտավոր է ունենալ տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերի առնվազն 1/3-ում, ներառյալ Երեւանում: Պետական գրանցման պահից ոչ ուշ, քան 6 ամիս հետո կուսակցությունը պետք է ունենա ոչ պակաս, քան 2000 անդամ, ընդ որում, ՀՀ յուրաքանչյուր մարզում ոչ պակաս, քան 100 անդամ եւ տարածքային ստորաբաժանումներ՝ ՀՀ բոլոր մարզերում, ներառյալ Երեւան քաղաքում, որի մասին գրավոր տեղեկացնում է պետական լիազորված մարմնին»:
Ինչպես տեսանք՝ վերը նշված կուսակցություններից առնվազը մեկի ղեկավարն ինքը նշեց, որ կուսակցությունը տարածքային որեւէ գործող ստորաբաժանում, գրասենյակ չունի: Հաշվի առնելով մյուս կուսակցությունների գործունեության մասին տեղեկատվության սակավությունը, եթե չասենք` բացակայությունը, կարելի է չկասկածել, որ տարածքային գրասենյակներ չունեն նաեւ Բաղդասարյանի միավորմանը միացող մյուս 7 քաղաքական ուժերը (եթե միայն կարելի է իրենց բնակարանները կուսակցության գլխավոր եւ միակ գրասենյակի վերածած մարդ-կուսակցությունները քաղաքական ուժ կոչել):

Ասել է թե` Ա. Բաղդասարյանը հիմա էլ պատրաստվում է «հորինած» կուսակցությունների հետ պայքարել օրինաց երկիր ստեղծելու համար, ուրիշ անվան տակ:

Զրուցեց Անի Ստեփանյանը




Լրահոս