Անասնագողության հետքերով. գործը դեռ դատարանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում, դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ ընթանում է Իջեւանի տարածաշրջանի Լուսահովիտ գյուղի բնակիչ, 1984թ. ծնված Վոլոդյա Սարհատյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2015թ. սեպտեմբերի 12-14-ն ընկած ժամանակահատվածում Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակի գյուղի «Կարմրուտ» հանդամասից գաղտնի հափշտակել է Խաշթառակ գյուղի բնակիչ Գրետա Թիրաբյանի ընտանիքին պատկանող, 1 միլիոն 500 հազար դրամ ընդհանուր արժեքով 7 գլուխ խոշոր եղջերավոր անասունները:

Նշենք, որ Խաշթառակը եւ Լուսահովիտը հարեւան համայնքներ են: Գրիգոր Սարհատյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով («Գողությունը, որ կատարվել է խոշոր չափերով»): Տավուշի մարզի դատախազությունը Գրիգոր Սարհատյանի հանդեպ, որպես խափանման միջոց, կալանքի միջնորդություն է ներկայացրել, սակայն Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը մերժել է այդ միջնորդությունը: Դրանից հետո Տավուշի դատախազությունը դատարանի այդ որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել, սակայն ապարդյուն: Անասնագողության մեջ մեղադրվող Գ. Սարհատյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նշենք, որ Գրիգոր Սարհատյանը Լուսահովիտ գյուղի նախկին գյուղապետ Վոլոդյա Սարհատյանի որդին է:

Տուժող կողմի` Խաշթառակի միջնակարգ դպրոցի տնօրենի՝ դաստիարակչության գծով տեղակալ Գրետա Թիրաբյանի ընտանիքը նախկինում էլ է տուժել անասնագողությունից: Այդ ընտանիքին պատկանող 9 գլուխ խոշոր եղջերավոր անասունները 2010 թվականին գողացել էին: 2010թ.-ի անասնագողությունից հետո Գրետա Թիրաբյանը բազմաթիվ ատյաններ է բողոքել, որ այդ անասնագողությունը չի բացահայտվել: Դրանից հետ ՀՀ նախագահի աշխատակազմից տիկին Գրետայի ընտանիքին 5 հազար դոլար են տրամադրել: Մեզ հետ զրույցում տիկին Գրետան հաստատեց 5 հազար դոլարի հատկացումը՝ հավելելով, որ նյութական վնասի փոխհատուցումից առավել իր համար կարեւոր է արդարությունը: Վերջին մի քանի տարիներին Տավուշի մարզում ընդհանուր առմամբ նվազել է անասնագողությունների թիվը, սակայն ամեն մի չբացահայտված, չպատժված գողություն նոր հանցագործության պատճառ է դառնում:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս