Կարեն Քյուփելյանին ԱԱԾ շենքում անօրինաբար պահելու գործով դատաքննությունն ավարտված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թ. փետրվարի 16-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Գ. Պողոսյանի, շարունակվեց ըստ մեղադրանքի ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակից Հրանտ Մազմանյանի՝ պաշտոնեական լիազորություներն անցնելու գործով քննությունը: Դատական նիստին մասնակցում էին ամբաստանյալ Հ. Մազմանյանը, նրա շահերի պաշտպան Տ. Հակոբյանը, մեղադրող դատախազ Ա. Շահբազյանը, տուժող Կ. Քյուփելյանը, վերջինիս ներկայացուցիչ Ա. Սաքունցը և Տ. Սիրադեղյանը: Դատական նիստին հարցաքննվեց գործով որպես վկա ներգրավված ՀՀ ԱԱԾ նախկին աշխատակից Տիգրան Աղաջանյանը: Վերջինս նշեց, որ տուժող Կ. Քյուփելյանին 2007 թ. նոյեմբերի 1-ին ՀՀ ԱԱԾ վարչական շենք բերման ենթարկելուց հետո, մոտ 10 րոպե խոսակցություն է ունեցել Կ. Քյուփելյանի հետ, որից հետո այլևս որևէ առնչություն չի ունեցել նրա հետ: Ամբաստանյալի պաշտպանի հարցերին ի պատասխան Տ. Աղաջանյանը հայտնեց, որ Հ. Մազմանյանին որևէ հրահանգ չի տվել Կ. Քյուփելյանին ՀՀ ԱԱԾ վարչական շենքում պահելու վերաբերյալ:

Տուժողի ներկայացուցիչ Ա. Սաքունցը փորձեց պարզել, թե արդյոք հակահետախուզական վարչությունը Կ. Քյուփելյանին մաքսանենգության համար բերման ենթարկելու լիազորություններ ուներ: Նախագահող դատավոր Գ. Պողոսյանը, սակայն, հանեց հարցը՝ գտնելով, որ այն մեղադրանքին չի առնչվում: Ա. Սաքունցը խնդրեց հնարավորություն տալ դատավորին բացարկի միջնորդություն ներկայացնել, որից հետո դատական նիստն ընդմիջվեց: Դատական նիստը շարունակելուց հետո Ա. Սաքունցը միջնորդեց դատավորին ինքնաբացարկ հայտնել կողմնակալ վերաբերմունք դրսևորելու պատճառաբանությամբ՝ նշելով, որ Կ. Քյուփելյանը ներգրավված է որպես տուժող և գործի քննությունը պետք է ուղղված լինի նրա խախտված իրավունքների վերականգնմանը:

Միաժամանակ, Ա. Սաքունցը նշեց, որ Դատարանը նման վերաբերմունք է դրսևորում նաև դատավարության մյուս մասնակիցների նկատմամբ՝ այդպիսով խոչընդոտելով արդարադատության իրականացմանը: Գործով մեղադրող Ա. Շահբազյանն առարկեց միջնորդության դեմ, իսկ պաշտպանական կողմը միջնորդության լուծումը թողեց դատարանի հայեցողությանը: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Այնուհետև հրապարակված որոշմամբ Դատարանը մերժեց ներկայացված միջնորդությունը, նշելով, որ գործը քննվում է Հ. Մազմանյանին առաջադրված մեղադրանքի շրջանակներում և դրան չառնչվող հարցերը հանվելու են դատարանի կողմից: Վկա Տ. Աղաջանյանին որոշ հարցեր ուղղվեցին նաև նախագահող դատավորի և տուժողի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանի կողմից: Հարցերին ի պատասխան՝ վկան պատասխանեց, որ իր կողմից Կ. Քյուփելյանին պահելու հրահանգ չի տրվել ինչպես Հ. Մազմանյանին, այնպես էլ Է. Նանյանին: Վկայի հարցաքննության ավարտից հետո տուժողի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը միջնորդեց գործով որպես վկա ներգրավել նաև Է. Նանյանին՝ այն պատճառաբանությամբ, որ ըստ տուժողի և ամբաստանյալների ցուցմունքի՝ Հ. Մազմանյանին տրվել է հրահանգ, սակայն, ըստ Տ. Աղաջանյանի ցուցմունքի պարզվեց, որ նա նման հրահանգ չի տվել:

Մեղադրողն առարկեց միջնորդության դեմ, իսկ պաշտպանական կողմը միացավ միջնորդության: Դատարանը, քննության առնելով ներկայացված միջնորդությունը, որոշեց մերժել այն: Դատաքննությունը լրացնելու այլ ապացույցներ ներկայացնելու միջնորդությունների բացակայության պայմաններում դատարանը դատաքննությունը համարեց ավարտված և անցավ դատական վիճաբանությունների փուլին: Մեղադրող Ա. Շահբազյանը խնդրեց ժամանակ տրամադրել ճառով հանդես գալու համար: Դատարանը միջնորդությունը բավարարեց և հետաձգեց դատական նիստը՝ հաջորդ դատական նիստը նշանակելով 2016 թ. մարտի 16-ին՝ ժամը 15:00-ին:




Լրահոս