ArmLur.am-ն ավելի վաղ հայտնել է, որ դեռևս 7 տարի առաջ Աշտարակում սահմռկեցուցիչ սպանություն էր տեղի ունեցել: Աշտարակ քաղաքի բնակչուհին տարիներ առաջ՝ 2008 թվականին, քարով հարվածել է ամուսնու երկրորդ կնոջ մանկահասակ 4 ամսական երեխայի գլխին և սպանել: Փոքրիկի դին տան հարակից տարածքում թաղել են մայրը, հայրը և խորթ մայրը…
ArmLur.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ երեխայի սպանության գործն ուղարկվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ապարանի նստավայր է և մակագրվել դատավոր Սերգեյ Մարաբյանին:
Ըստ մեղադրանքի՝ Աշտարակ քաղաքի 38-ամյա բնակչուհի Արմինե Խաչատրյանը 2008 թվականի մարտին քարով հարվածել է ամուսնու և վերջինիս երկրորդ կնոջ 4 ամսական երեխայի գլխին և սպանել։
Երեխայի մայրը՝ Անժելա Կարապետյանը, ամուսնու՝ Հակոբ Հարությունյանի հետ փոքրիկին թաղել են Աշտարակի կիսակառույցի շինության հարևանությամբ: Հ. Հարությունն ավելի վաղ ArmLur.am-ին հայտնել էր, որ երեխային իր տան մոտ հուղարկավորեն, որպեսզի «երեխան իր կողքին լինի»:
Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ երեխան մահացել է բռնության հետևանքով. նրան պատճառվել են գանգուղեղային բութ վնասվածքներ՝ ճակատոսկրի աջ և ձախ կեսերի, աջ և ձախ գագաթոսկրերի վերնոսկրային, ապոնևրոզային, ներոսկրային արյունազեղումներ:
Նշանակվել էր նաև ստացիոնար դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ երեխայի սպանության մեջ մեղադրվող կնոջ մոտ հայտնաբերվել է «Թուլամտություն` անհայտ ախտածագման»: Նա վտանգավոր է ինչպես իր, այնպես էլ՝ շրջապատի համար:
Դատարանի որոշմամբ՝ Արմինե Խաչատրյանի նկատմամբ կիրառվել է անվտանգության միջոց, և որպես խափանման միջոց է ընտրվել հսկողության հանձնելը: