ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԿԵՐՊԱՐԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ ՕԵԿ-ը «Հայկական վերածնունդ» դարձնելու միջոցով Արթուր Բաղդասարյանը փորձում է իրեն հատուկ ճարպկությամբ մնալ քաղաքական ասպարեզում, ի սկզբանե հայտնի էր: Բայց պարզվում է, որ այս գործընթացի մի մասն էլ ամբողջությամբ «բլեֆ» է:

Ինչպես հայտնի է՝ ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամները եւ անձամբ Արթուր Բաղդասարյանն արդեն մի քանի ամիս է՝ պնդում են, թե իրենց «Հայկական վերածնունդին» տասնմեկ կուսակցություն եւ այս պահին անհայտ թվով հասարակական կազմակերպություններ են միացել (մինչեւ համագումարը ՕԵԿ-ականներն իրենց միացած ՀԿ-ների տարբեր աստղաբաշխական թվեր էին նշում, նույնիսկ հարյուրից ավել):
Իսկ որոնք են այդ կուսակցությունները, որոնք համաձայնել են լուծարվել եւ միանալ ՕԵԿ-ի վերածնունդին: Ներկայացնենք այդ կուսակցությունների ցանկը, որը տրամադրել է ՀՎՄ-ի խոսնակը.
1. «Միավորված հայեր կուսակցություն»
2. «Հայաստանի ագրարային կուսակցություն»
3. «ՄերՏունը Հայաստանն Է կուսակցություն»
4. «Հայոց Հայրենիք կուսակցություն»
5. «Հայկանդուխտ Ավանդապաշտ Ժողովրդավարական կուսակցություն»
6. «Շրջադարձ կուսակցություն»
7. «Ազգի փրկություն կուսակցություն»
8. «Ազգային արժեքների պաշտպանություն կուսակցություն»
9. «Լիբերալ ժողովրդավարական կուսակցություն»
10. «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն»
Հայաստանում դժվար է գտնել մի շարքային քաղաքացու, որին այս կուսակցություններից որեւէ մեկի անունը ինչ-որ բան կհուշի: Ավելին՝ եթե ՕԵԿ-ի կերպարանափոխության այս պատմությունը չլիներ, մենք այդպես էլ չէինք իմանա, որ Հայաստանում նման էկզոտիկ անուններով մարդ-կուսակցություններ կան:
ՕԵԿ-ի կերպարանափոխության համագումարում Արթուր Բաղդասարյանը հայտարարել էր, թե կուսակցություններից բացի՝ իրենց են միացել նաեւ հասարակական կազմակերպություններ՝ առանց կոնկրետ թիվ նշելու: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ՕԵԿ-ի դեմքի՝ «Հայկական վերածնունդ կուսակցության» մամուլի խոսնակ Վահե Մոսինյանից պարզել, թե քանի հասարակական կազմակերպություն է իրենց միացել, եւ խնդրեց տրամադրել նրանց ցանկը:
Այս առնչությամբ Մոսինյանը տվեց հետեւյալ պատասխանը. «ՀԿ-ների հետ աշխատանքները կոորդինացնելու համար ստեղծվելու է առանձին խորհուրդ, որը գլխավորելու է պարոն Արթուր Բաղդասարյանը: Սույն խորհուրդը ունենալու է նաեւ 6 ոլորտային ճյուղաբաժանում: Բացի դրանից՝ նշեմ նաեւ, որ, ինչպես նախապես արդեն հայտնել ենք, մի շարք ՀԿ-ներ լուծարվել են եւ միացել «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցությանը: ՀԿ-ների մի քանի նախագահներ եւ բազմաթիվ անդամներ միացել են նաեւ կուսակցության աշխատանքներին: ՀԿ-ների ցանկը այս պահին չեմ կարող տրամադրել, վերջնական հստակեցումից հետո, թե քանի ՀԿ են լուծարվելու եւ լծվելու կուսակցական աշխատանքներին, կտրամադրեմ ամբողջական ցանկը»: Այս մոտեցումն ինքնին տարօրինակ է, քանի որ վերը նշված համագումարի ժամանակ հենց Արթուր Բաղդասարյանն էր հայտարարել ՀԿ-ների՝ իրենց միանալու մասին: Բայց հնարավոր է՝ որոշ ժամանակ անց պարզվի, որ ոչ մի ՀԿ էլ չի լուծարվել եւ կերպարանափոխված ՕԵԿ-ի մեջ ձուլվելու ցանկություն չի հայտնել:
Բայց ողջ խնդիրն այն է, որ կերպարանափոխության համագումարում արդեն իսկ մի քանի ՀԿ-ների անուններ էին հնչեցվել, որոնք պակաս էկզոտիկ չեն, քան կուսակցություններինը: Օրինակ՝ նշվել էր, որ ՕԵԿ-ի «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցությանը միանալու պատրաստակամություն են հայտնել՝ «Լինենք բարի», «Սուրբ Սանդուխտ», «Տղամարդիկ», «Կանայք այսօր», «Փրկված մասունքներ հիմնադրամ», «Արծվաբույն Զեյթուն հայրենակցական միավորում» եւ «Եղբայրական կազակ խաղաղապահների Բայազետ» ՀԿ-ները: Բայց այսօր արդեն պարզվում է, որ ՀԿ-ների ցանկ դեռեւս գոյություն չունի:
Ինչեւէ, ՕԵԿ-ի այս կերպարանափոխության պատմությունը Հայաստանի քաղաքական դաշտի հետագա զարգացման համար, թերեւս, սպորտային նշանակություն ունի: Ըստ կերպարանափոխվածների հաջողության կոնկրետ օրինակով՝ հնարավոր կլինի հասկանալ, թե ՀՀ քաղաքացիները, այսինքն՝ ընտրողները որքանով են «հիշաչար»:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՀԱՐՈՒՍՏ ՕԳՆԱԿԱՆԸ
Սերժ Սարգսյանի նախկին ռեֆերենտը՝ Հրայր Ղուկասյանը, որը փետրվարի 10-ին նշանակվեց Սերժ Սարգսյանի օգնական, պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշել է, որ ունի երկու բնակարան, երկու ավտոմեքենա՝ «Lexus» եւ «Nissan Tida» մակնիշի: Բացի այդ՝ նա ունի 250 դոլար բաժնեմաս ինչ-որ ընկերությունում: Բաժնեմասի չափը տվյալ դեպքում սիմվոլիկ բնույթ ունի: Այն փաստը, որ բաժնեմասը դոլարով է, ենթադրում է, որ ընկերությունը արտասահմանում է գրանցված: Ղուկասյանն ունի մոտ 12 մլն դրամի փոխառություն, նրա դրամական միջոցները կազմել են 8 մլն դրամ, 25 հազար դոլար եւ 10 հազար եվրո: Այն, որ պետական պաշտոնյան մոտ 300 հազար դրամ աշխատավարձով նման կարողություն չի կարող կուտակել, կարծում ենք՝ ակնհայտ է: Թերեւս Հրայր Ղուկասյանի կարողության ակունքները թաքնված են նրա հոր գործունեության տակ: Ղուկասյանի հայրը՝ Հովհաննես Ղուկասյանը, մինչեւ Հայաստանի անկախացումը դատավոր է եղել, իսկ 90-ականներին եղել է Հայաստանի գերագույն դատարանի դատավոր, 1999-ից էլ մինչեւ 2012 թվականը, այսինքն` թոշակի գնալը, եղել է ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր: Հիշեցնենք, որ Հրայր Ղուկասյանը Սերժ Սարգսյանի օգնական նշանակվեց ՀՀ ԱԱԾ տնօրեն նշանակված Գեորգի Կուտոյանի փոխարեն:

 

 

«ՀԱՆՑԱՎՈՐ» ԽՄԲԻ ԳՈՐԾՈՎ
2015 թվականի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված «հանցավոր» խմբի գործով կալանավորված ազատամարտիկ Վաղինակ Ստեփանյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի խցում ուշագնաց է եղել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վաղինակ Ստեփանյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ղեկավարին հարցում է ուղարկել՝ հասկանալու համար՝ արդյո՞ք Վաղինակ Ստեփանյանին ստուգման ենթարկել են, թե՞ ոչ եւ ինչ են պարզել:

 

 

ՏԿՆ-ԻՆ՝ ՀԻՆ ՏԱՇՏԱԿԸ
ՀՀ կառավարության երեկվա նիստին, երբ կառավարության բոլոր անդամները ներկա էին, պարզվեց, որ տարածքային կառավարման եւ զարգացման նորանշանակ դաշնակցական նախարար Դավիթ Լոքյանը ո՛չ աթոռ ունի եւ ո՛չ էլ համակարգիչ: Բանն այն է, որ մինչեւ նրա նշանակվելը, կառավարությունն ուներ 18 անդամ, իսկ Լոքյանը 19-րդ նախարարն է: Այն փաստը, որ նորանշանակ դաշնակցական նախարար Դավիթ Լոքյանը եկել ու կանգնել է, սթափեցրեց կառավարության աշխատակազմի աշխատակիցներին, որոնք անմիջապես աթոռ եւ համակարգիչ բերեցին նրա համար: «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե տարածքային կառավարման եւ զարգացման նորաստեղծ նախարարությունը որտեղ է տեղակայվելու: Մեկ տարի առաջ, երբ տարածքային կառավարման նախարարությունը միավորվեց արտակարգ իրավիճակների նախարարության հետ, ՏԿԱԻՆ-ը տեղափոխվեց ԱԻՆ-ի՝ Դավիթաշեն, 4-րդ թաղամասում կառուցված նորակառույց շենք: Նորաստեղծ նախարարության տեղակայման վայրի վերաբերյալ մեր հարցին ի պատասխան՝ ՀՀ կառավարությունից ասացին, որ Լոքյանը կաշխատի նախկին շենքում՝ Կառավարության 2-րդ մասնաշենքում:

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՌԱՑԱՎ
ՀՀ ԿԳ նախարարի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Այս մասին նա տեղեկացրել է համացանցի իր էջում: «Շնորհակալությունս եմ հայտնում Արմեն Աշոտյանին կրթության համակարգում աշխատելու հնարավորության եւ մարդկային ջերմ վերաբերմունքի համար, հատուկ շնորհակալություն իմ շատ սիրելի լրագրողներին համատեղ կառուցողական աշխատանքի համար: Հաջողություն եմ մաղթում ԿԳ նորանշանակ նախարար Լեւոն Մկրտչյանին ու հարազատ դարձած ԿԳՆ աշխատակազմին»,- գրել է ԿԳՆ նախկին խոսնակը:

 

 

ԿՆՊԱՍՏԻ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ հայտարարել է, որ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ ստորագրված համաձայնագիրը կնպաստի պետության առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարմանը: Այս մասին նա ասել է Էկոնոմիկայի նորանշանակ նախարար, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանին ներկայացնելուց հետո` նախարարությունից դուրս գալիս:

 

 

ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ
Կառավարության երեկվա որոշմամբ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար է նշանակվել Խաժակ Աղաբեկյանը: Որոշման նախագիծը կառավարությանը ներկայացրել է ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:

 

 

ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է
Երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ՀՅԴ-ական նախարար Լեւոն Մկրտչյանին: «Հանրապետության նախագահի որոշմամբ` Արմեն Աշոտյանը մինչեւ խորհրդարանական ընտրությունները կզբաղվի կուսակցական գործունեությամբ: Համոզված եմ, որ Լեւոն Մկրտչյանի գլխավորությամբ ԿԳՆ-ն կշարունակի ոլորտում բարեփոխումներն ու նախանշված ծրագրերը»,- ասել է Աբրահամյանը: Նա նաեւ նշել է, որ նախարարության բոլոր լավագույն կադրերը կշարունակեն իրենց աշխատանքը, իսկ հայեցողական պաշտոնների հետ կապված Լեւոն Մկրտչյանը ազատ կլինի իր որոշումներում:

 

 

ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՃ
Փետրվարի 24-ին եւ լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվել է լարվածության աճ: Նշված ժամանակահատվածում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1700 կրակոց:
 

ՉԻ ՓՈՇՄԱՆԵԼ
«Մի գրամ անգամ չեմ փոշմանել, ինչ ասել եմ, լավ եմ արել ու էլի եմ կրկնում՝ չկա մի պատժամիջոց, որ ես իմ սկզբունքներից հետ կանգնեմ».- անդրադառնալով սեռական փոքրամասնությունների հասցեին օրերս իր կողմից արած կոպիտ արտահայտություններին` ասել է փաստաբան Գարիկ Գալիկյանը: Նրա դեմ փաստաբանների պալատ դիմում է ներկայացվել կարգապահական վարույթ հարուցելու պահանջով:

 

 

ՈՎ ՈՒՄ ԿՈՐՑՐԵՑ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին: «Մոսկվան իր երկու օդաչուների պատճառով կորցրել է Թուրքիայի նման ընկերոջը… Իսկ այժմ փոխենք բառերի շարադասությունը,- Regnum-ի փոխանցմամբ` ասել է Զախարովան` շարունակելով,-Ռուսաստանը Թուրքիայի պատճառով կորցրեց իր երկու օդաչուներին»: Հիշեցնենք, որ Մոսկվայի եւ Անկարայի միջեւ հարաբերությունները կտրուկ սրվեցին 2015թ. նոյեմբերին Թուրքիայի կողմից Սու-24-ի կործանումից հետո:




Լրահոս