Հայկական մուլտիպլիկացիայի PR-ի ապահովումը մեզ մոտ թերի է. Դավիթ Սահակյանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մուլտիպլիկատոր, «Ռոբերտ Սահակյանց Փրոդաքշն» անիմացիոն ստուդիայի ղեկավար Դավիթ Սահակյանցն այժմ աշխատում է նոր անիմացիոն ֆիլմերի վրա, դրանցից մեկն «Օլիմպիոնիկ»-ն է, որը պատմում է Վարազդատ արքայի` 4-րդ դարում Հին Հունաստանում ունեցած հանրահայտ հաղթանակի մասին:

Դ. Սահակյանցը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է ընթացիկ աշխատանքներին, խոսել այն մասին, թե ի՞նչ է պակասում Հայաստանին` անիմացիոն մուլտերի զարգացման համաշխարհային միտումներից հետ չընկնելու համար: Նա նշել է, որ երիտասարդների շրջանում մուլտիպլիկացիայով հետաքրքրվողները շատ են, պարզապես նրանց համար ստեղծված չեն աշխատանքային պայմաններ:

-Պարո՛ն Սահակյանց, «Օլիմպիոնիկ» նոր անիմացիոն ֆիլմը, որի վրա աշխատում եք, ի՞նչ փուլում է: Լիամետրաժ այս մուլտֆիլմում կլինե՞ն հետաքրքիր լուծումներ, որոնք չեն եղել Ձեր նախկին մուլտֆիլմերում:

-Հիմա նկարահանվում են «Օլիմպիոնիկ»-ի տարբեր էպիզոդներ, դրվագներ: Այո, կլինեն հետաքրքիր լուծումներ, այս անգամ թե՛ երկխոսությունների, թե՛ կերպարների ներկայացման հարցում ավելի ազատ մոտեցում է լինելու: Նաեւ ավելի շատ կլինի եռաչափ գրաֆիկա, քան «Անահիտ»-ում:

Թե երբ այն կհայտնվի էկրաններին, կախված է ֆինանսներից: Կարծում եմ` դեռ 3-4 տարի կաշխատենք այս մուլտֆիլմի վրա: Իսկ հերոսներին հայտնիներից կմարմնավորեն Արման Նավասարդյանը, Զարուհի Բաբայանը, Լիլիթ Թոխատյանը, Մկրտիչ Արզումանյանը, Ավետ Բարսեղյանը եւ այլք:

-Իսկ Վրթանես Փափազյանի «Կլոր Աստվածներ» հեքիաթի հիման վրա նկարահանվող կարճամետրաժ ֆիլմի աշխատանքները ե՞րբ կավարտեք: Այն ե՞ւս նկարահանվում է ՀՀ մշակույթի նախարարության պատվերով:

-Այո՛, պատվիրատուն նույնն է: Այս կարճամետրաժ ֆիլմը գրեթե պատրաստ է, հուսով եմ` այս տարի կհասցնենք ավարտին եւ այն կներկայացնենք միջազգային փառատոներում: Մնում է միայն՝ ձայնային լուծումները տրվեն. գումար ենք փնտրում: Նախարարությունը հատկացնում է միայն նկարահանելու գումարը, մնացածը փորձում ենք ինքներս հայթհայթել, քանի որ այդ ծախսերը նախատեսված չեն նախարարության կողմից:

-Սուղ միջոցների պատճառո՞վ:

-Կարծում եմ` դա է պատճառը. միշտ գումարը չի հերիքում, դրան գումարած շատ ընթացիկ նախագծեր կան, որոնք նույնպես գումար են պահանջում:

-Հայաստանին ի՞նչ է պակասում` անիմացիոն մուլտերի զարգացման համաշխարհային միտումներից հետ չընկնելու համար:

-Վստահորեն կարող ենք ասել, որ միջին ստուդիաների մակարդակով աշխարհից հետ չենք, այդ սանդղակում «տեղավորվում ենք»: Միակ խնդիրը հայկական մուլտիպլիկացիայի PR-ը եւ առաջխաղացումն ապահովելն է, որը մեզ մոտ թերի է արվում: Հաշվի առնելով այս հանգամանքը` մենք ընտրել ենք լիամետրաժ ֆիլմերի ֆորմատը, քանի որ դրանք ավելի հեշտ է առաջարկել այս կամ այն պրոդյուսերին: Իսկ կարճամետրաժ ֆիլմերը կարճ կյանք ունեն, ու շատ ավելի դժվար է դրանցով դուրս գալ միջազգային շուկա:

Այսինքն` եթե պրոդյուսերները, դիստրիբյուտորները զարգացնեն ոլորտը, հայկական մուլտֆիլմը շատ ավելի հասանելի կլինի դրսում: Այն, ինչ մենք պատկերացնում էինք, օրինակ` «Անահիտ»-ի դեպքում, չիրականացավ. խոսքը դերասանների խոսքով ուղեկցվող թարգմանության (ոչ միայն տիտրերով) մասին է: Բայց բանն այն է, որ արտասահմանում նման թարգմանությամբ մուլտֆիլմ գովազդելու, ցուցադրելու համար էլ մեծ գումար էր պահանջվում:

-Հետաքրքիր է` մեր հարեւան Վրաստանում կամ Ադրբեջանում ոլորտը որքանո՞վ է զարգացած:

-Ես գիտեմ, որ Վրաստանում շատ թույլ է զարգացած անիմացիան, կարճամետրաժ գործեր են ստեղծվում, բայց այն, ինչ տեսել եմ, բավական թերի է, միջինից ցածր մակարդակի: Իսկ Ադրբեջանում ընդհանրապես անիմացիա գոյություն չունի. ամեն ինչ արվում է սիրողական մակարդակով: Խորհրդային տարիներին էլ այնտեղ իրավիճակը գրեթե նույնն էր, ինչ հիմա:

-Իսկ որպեսզի մեզ մոտ ավելի շատ եւ ավելի որակով անիմացիոն ֆիլմեր ստեղծվեն, բացի ֆինանսներից` է՞լ ինչ է անհրաժեշտ: Մենք մասնագետների համապատասխան ներուժ ունե՞նք:

-Կոնկրետ մեր ստուդիան մասնագետներ պատրաստելու համար բոլոր պայմաններն ունի: Այսօր երիտասարդների շրջանում մուլտիպլիկացիայով հետաքրքրվողները շատ են: Պարզապես խնդիրն այն է, որ ֆինանսներ չկան, որ կարողանանք այդ քանակի նկարիչների կանչել, սովորելուց հետո էլ նրանք չեն կարող ապահովվել աշխատանքով: Այնպես որ, ֆինանսը որ եղավ, մնացածը հեշտ կլինի կազմակերպել:

Աննա Բաբաջանյան




Լրահոս