ԲԱԲԱՅԱՆԻ ՈՐԴԻՆ ՉԳԻՏԻ՝ ՈՐՏԵՂ Է ՀԱՅՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գտնվելու վայրը տեւական ժամանակ է` շարունակում է անհայտ մնալ: Վերջինիս գտնվելու վայրը անգամ չգիտի նրա որդին:
Հիշեցնենք, որ «Քարդան սիստեմ» ՍՊԸ-ն, որը պատկանում էր Սամվել Բաբայանին, Հայաստան էր ներկրում նաեւ մեծ քանակությամբ պարարտանյութ` սելիտրա: 2010թ. սկզբին Ս. Բաբայանի գործերում ինչ-որ շրջադարձային բան տեղի ունեցավ: Տարբեր աղբյուրներ խոսում են ինչ-որ գործարքի մասին, որը ձախողվել է, որ Բաբայանին խաբել են, եւ նա միանգամից մեծ պարտք է կուտակել:
Փայց փաստ է, որ նա գործարքի իրականացման համար բանկում գրավ է դրել բավական մեծ քանակով անշարժ գույք, ընդ որում ոչ միայն իր, այլեւ ընկերներից շատերի տները: Գրավադրված են Ս. Բաբայանի՝ Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկում գտնվող տունը, Կասկադի վերեւի հատվածում դեռեւս անավարտ առանձնատունը, զոքանչի տունը, Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի հայրական տունը, Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանի տունը եւ էլի մի քանի ընկերների տներ:
Երեկ «Ժողովուրդ»-ն այցելեց Ս. Բաբայանի` Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկում գտնվող բնակարան եւ զրուցեց նրա որդու` Անդրանիկի հետ:
-Սա Սամվել Բաբայանի բնակարա՞նն է:
-Այո՛:
-Դուք երեւի իր որդին եք:
-Այո՛:
-Տեղեկություններ կան, որ այս բնակարանը եւս գրավադրված է: Փորձում էինք հասկանալ, թե այն ներկա պահին ձեզ է պատկանում:
-Այո՛: Բայց ես էլ ոչինչ չգիտեմ եւ ոչինչ չեմ կարող ասել:
-Իսկ գիտե՞ք, թե որտեղ է Ձեր հայրը:
-Չգիտեմ:
-Չե՞ք խոսել իր հետ:
-Ո՛չ: Ձեզ էլ ոչինչ չեմ կարող ասել:
Հ.Գ. Արցախյան պատերազմի հերոս Սամվել Բաբայանը, որ պատերազմից հետո ողջ-առողջ էր, հիմա, փաստորեն, անհետ կորած է:

Ք. Մ.




Լրահոս