ՄՆՈՒՄ Է՝ ՈՐԱԿԸ ԼԱՎԸ ԼԻՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանում թեեւ ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում, սակայն վարորդներն ու քաղաքացիները դժգոհում են գործընթացից առաջացած դժվարություններից:
Արդեն տեւական ժամանակ է, ինչ շինարարական, ասֆալտապատման աշխատանքներ են կատարվում Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնից դեպի Աշտարակի խճուղի տանող միջհամայնքային ճանապարհին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Դավթաշեն եւ Աջափնյակ վարչական շրջանների բազմաթիվ վարորդներ նշեցին, որ գոհ են. իրենց ավտոմեքենաներն այլեւս չեն կոտրվի ամեն քայլափոխի հանդիպող փոսերի մեջ: Սակայն նրանք դժգոհեցին, որ քաղաքապետարանն արդյունավետ գրաֆիկով չի կատարում իր աշխատանքները, այդ իսկ պատճառով իրենք ժամերով մնում են խցանումների մեջ: Ի դեպ, հուլիսի 4-ին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանն անձամբ էր հետեւում ասֆալտապատման աշխատանքներին:
Իհարկե, ողջունելի է, որ նման ծավալի աշխատանքներ են իրականացվում, բայց դա էլ կարելի է այնպես կազմակերպել, որ անհարմարություններ չստեղծվեն: Նույնիսկ բնակիչներն են հուշում, որ քաղաքապետարանը բարեկարգման աշխատանքները կարող է կազմակերպել նաեւ երեկոյան ու գիշերային ժամերին, ինչպես նաեւ հանգստյան օրերին, երբ տրանսպորտն ավելի քիչ է, ու խցանումներ չեն լինի:
Հիշեցնենք՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղեկացրել էր, որ 2013թ. ծրագրերով մայրաքաղաքում իրականացվելու են 2.5 մլն քմ ասֆալտապատման աշխատանքներ, այդ թվում՝ շուրջ 300 փողոցի ընթացիկ եւ 30 փողոցի կապիտալ վերանորոգում եւ ասֆալտապատում: Նա նաեւ նշել էր, որ այս ամենի շահագործողը քաղաքացին է, եւ, պատասխանատուներին հավասար, նաեւ բնակիչներն են աշխատանքների գնահատողը, ուստի պետք է բացառել անորակ աշխատանքը: Մնում է հուսալ, որ այս փողոցի ասֆալտապատումը հերթական «պտիչկան» չի լինի, եւ ասֆալտապատվող այս ճանապարհը երեւանցիներին կծառայի երկար ժամանակ:

ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ




Լրահոս