ՀՀ ոստիկանության պարզաբանումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կենտրոն  վարչական շրջանի մի շարք փողոցներում քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստների կողմից կազմակերպվող հավաքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պարզաբանում է: 
Համաձայն “Հավաքների ազատության մասին” ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք)  24-րդ հոդվածի` առանց իրազեկման կարող են անցկացվել մինչև 100 մասնակից ունեցող հավաքները, իսկ ըստ 26-րդ հոդվածի 1-ին մասի` ինքնաբուխ է որոշակի իրադարձությանը անմիջապես արձագանքելու նպատակով անցկացվող հավաքը: 
Ընդ որում, ինքնաբուխ հավաքի անցկացումը չի կարող տևել 6 ժամից ավելի:  
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ակտիվիստների կողմից կազմակերպվող հավաքները շարունակվում են արդեն մի քանի օր, և հավաքի մասնակիցների թիվը հասնում է մի քանի հարյուրի, ՀՀ ոստիկանությունը իրազեկում է, որ նշված հավաքները չեն կարող դիտվել որպես ինքնաբուխ, դրանց վրա չեն կարող տարածվել Օրենքի 3-րդ գլխով սահմանված` առանց իրազեկման անցկացվող հավաքներին վերաբերվող կանոնները, հետևաբար` նշված հավաքները պետք է անցկացվեն Օրենքով սահմանված իրազեկման կարգի պահպանմամբ:
Միաժամանակ, անցկացվող հավաքների որոշ մասնակիցներ, դրսևորելով առավել հանդուգն վարքագիծ, իրենց գործողություններով շարունակում են կոպտորեն  խախտել ճանապարհային երթևեկության անվտանգությունը, փողոցի բանուկ հատվածում սահմանափակում են հանրային տրանսպորտի տեղաշարժը` իրական վտանգի տակ դնելով և΄ իրենց, և΄ ուղևորների կյանքն ու առողջությունը:  
Նկատի ունենալով վերոգրյալը, ՀՀ ոստիկանությունը հավաքի մասնակիցներին կրկին անգամ հորդորում է զերծ մնալ Օրենքի պահանջները խախտելուց, այլ անձանց սահմանադրական իրավունքները անհամաչափ կերպով սահմանափակելուց և չխոչընդոտել ոստիկանության ծառայողների կողմից անձանց իրավունքների պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված գործառույթների իրականացմանը:




Լրահոս