«ԱՆԳԱՄ ԱՐՅՈՒՆՈՎ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՀԻՆ ՇԵՆՔԵՐԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երաժիշտ, երգահան Արա Թորոսյանը (Մուրզո) աշխատում է միաժամանակ Հայաստանում եւ ԱՄՆ-ում: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է, որ այս տարի լրանում է իրենց՝ երաժիշտների եւ Թաթայի միջեւ համագործակցության 20-ամյակը, որը իրենք պատրաստվում են առանձնահատուկ նշանավորել: Երաժիշտը խոսել է նաեւ ապագայի ծրագրերի մասին, անդրադարձել Հին Երեւանի պատմական շերտի վերացման խնդրին:

-Արա՛, գիտենք, որ New York Film Academy-ի հետ եք համագործակցում, ֆիլմերի սաունդթրեքեր եք հեղինակում: Հաջողվո՞ւմ է բավականաչափ գումար աշխատել:
-Բնականաբար, այնքան, որքան կցանկանայի աշխատել, դեռեւս չի ստացվում, քանի որ արտերկրում, մասնավորապես՝ հոլիվուդյան շուկայում, ճանաչվելու ճանապարհին եմ, իսկ այդ ուղին անցնելը բավական բարդ է. նախ՝ շուկան խիտ է, բացի այդ՝ ոչ ամերիկացիներին այնտեղ վերապահումներով են մոտենում:
-Հայաստանում Ձեր գործունեությունը ծավալելու համար պակասող ի՞նչ հանգամանքներ կան: Տարվա ընթացքում ավելի շատ այստե՞ղ եք լինում, թե՞ ԱՄՆ-ում:
-Նայած տարի: Օրինակ՝ 2015-ին 9 ամիս ապրել եմ ԱՄՆ-ում: Այնտեղ ես բնակարան եմ վարձել, ապրում եմ: Բացի սաունդթրեքեր հեղինակելուց՝ մասնակցում եմ համերգների, մեծ մասամբ Թաթա Սիմոնյանի հետ: Առհասարակ, կցանկանայի, որ բոլորս միշտ մնայինք Հայաստանում: Մենք ունենք հիանալի ներուժ, լավ երիտասարդություն, բայց չունենք դրսեւորվելու դաշտ: Օրինակ՝ մեզ մոտ ֆիլմերի համար երաժշտություն չեն ուզում, ուրիշների պատրաստի երաժշտությունն են օգտագործում՝ լավ իմանալով, որ այդ ֆիլմերը միջազգային ասպարեզ դուրս չեն գա, եւ իրենք պատասխանատվության չեն ենթարկվի:
-Շուրջ 20 տարի է՝ աշխատում եք Թաթայի հետ: Պատրաստվո՞ւմ եք ինչ-որ կերպ նշանավորել այդ հոբելյանը:
-Այո, մենք հին ընկերներ ենք, մենք այն թիմն ենք, որը ցուրտ Ռուսաստանում համերգներ ունենալուց հետո թռել է հասարակածից ներքեւ՝ Սեյշելյան կղզիներ, եւ կրկին գնացել Ռուսաստան (ծիծաղում է): Այս տարի նշում ենք մեր՝ երաժիշտներիս, եւ Թաթայի միջեւ համագործակցության 20-ամյակը: Այդ առթիվ հյուրախաղեր կունենաք տարբեր երկրներում, հանդես կգանք համերգներով, նույնիսկ պլանավորվում է վավերագրական ֆիլմ նկարել:
-ԱՄՆ-ում շատ հայ ընկերներ ունե՞ք: Երբ հանդիպում եք՝ ինչի՞ մասին եք խոսում:
-Հայերը դարեր ի վեր հանդիպելիս ինչի՞ մասին են խոսել (ծիծաղում է):
-Քաղաքականությա՞ն:
-Չէ, քաղաքականության մասին չենք խոսում, որովհետեւ վաղուց դրա վրա ընդհանրապես հույս չենք դնում: Զրուցում ենք այն մասին, թե ոնց անենք՝ կարոտ չապրենք, ոնց անենք՝ վերադառնանք Հայաստան: ԱՄՆ-ում սիրով շփվում եմ Հարութ Փամբուկչյանի հետ, շատ ուրախ եմ, որ այնտեղ հաջող գործունեություն է ծավալել Աշոտ Բզնունին: Վերջերս նահանգներում բնակություն հաստատեց նաեւ իմ լավ ընկեր, կիթառահար Կարո Սարաֆյանը:
-Փաստորեն, նա էլ գնաց…
-Այո, բոլորն են գնում…
-Ձեր հեղինակային նախագիծն ունենալու մասին մտածո՞ւմ եք:
-Այո, նման գաղափար ունեմ, կցանկանայի մի նախագիծ իրականացնել՝ ինձ համար նախընտրելի երգիչների եւ երաժիշտների մասնակցությամբ: Խոսքը 14 ստեղծագործությունների մասին է, որոնք դեռ պետք է ձայնագրվեն եւ որոնք շատ աշխատանք են պահանջում: Հետագայում կարելի է մտածել նաեւ այդ նախագծի մասնակիցների հետ համերգով հանդես գալու մասին: Այս ամենն իրականացնելու համար, սակայն, ժամանակ եւ ֆինանս է անհրաժեշտ:
-Դուք ծնվել-մեծացել եք Երեւանում, գիտեմ, թե որքան սերտ է Ձեր կապը մեր մայրաքաղաքի, այստեղ առկա կոլորիտի հետ: Այնինչ՝ հատկապես վերջերս երեւանցիները դժգոհում են Հին Երեւանի պատմական շենքերը քանդելու դեմ: Դուք հետեւո՞ւմ եք այս իրադարձություններին:
-Այո, հետեւում եմ, եւ հին շենքերի քանդումը համարում եմ հանցանք՝ բառիս բուն իմաստով: Ես նկատում եմ, որ չնայած մեր մտավորականությունը բողոքում է, գավառական մարդիկ, որոնք մեր Երեւանի հետ ոչ մի կապ չեն ունեցել, հաշվի չեն նստում նրանց խոսքի հետ: Գնացե՛ք, նայե՛ք Լոնդոնը, որտեղ ամենուր հին շենքեր են՝ ներսից ժամանակակից դիզայնով: Ոչ ոք երբեք չի կարող ձեռք տալ այդ շենքերին: Մեզ մոտ ինչո՞ւ պետք է այս կամ այն անհատը ունենա այդ շենքերին ձեռք տալու իրավունքը, Կառավարությունն էլ դրա համար գտնի պատճառաբանություններ: Անգամ արյունով պատրաստ եմ պաշտպանել այդ հին շենքերը:
-Որքանով տեղյակ ենք՝ Ձեր զավակները բնակվում են ԱՄՆ-ում: Նրանց ապագան որտե՞ղ եք տեսնում:
-Այո, նրանք սովորում են այնտեղ: Դա պլանավորված չէր, բայց ես միշտ ճիշտ եմ համարել մեծ աշխարհ դուրս գալու միտումը եւ ողջունել եմ դա: Տեսնենք՝ ինչպես կդասավորվի նրանց ապագան, բայց մի բան հստակ է՝ երեխաներս ոչ մի դեպքում չեն մոռանում իրենց հայրենիքը:

 

 

 

 
ՕԴԻՑ ՓՈՂ` ԻՍԿ Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ

Վերջին շրջանում «Ժողովուրդ»-ի խմբագրություն են զանգահարում քաղաքացիներ, որոնք իրենց դժգոհությունն են հայտնում «Հ2» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Օդից փող» հաղորդման առնչությամբ: Ինտելեկտուալ այս խաղի ընթացքում հաղորդավարը հնչեցնում է հարցեր, իսկ հեռուստադիտողները կարող են զանգահարել էկրանին հայտնվող հեռախոսահամարով եւ եթե ճիշտ պատասխանեն հարցին, շահում են գումար, ասել է թե` օդից փող: Մեզ դիմած քաղաքացիները պնդում են, որ իրենք հաղորդումների ժամանակ պարբերաբար զանգահարում են էկրանին հայտնվող հեռախոսահամարով` փորձելով միանալ ինքնապատասխանիչին կամ օպերատորին, սակայն ապարդյուն: Իսկ մյուսներն էլ նշում են, որ միանալով ինքնապատասխանիչին` իրենց այդպես էլ չի հաջողվել մասնակցություն ցուցաբերել խաղին, սակայն իրենք իրենց խաբված են զգացել, երբ պարզել են, որ այդ ընթացքում իրենցից գումարներ են գանձվել:

Ի դեպ, կան քաղաքացիներ, որոնք նշում են, որ իրենք ծուղակի մեջ են հայտնվել, երբ փորձել են արտերկրի նմանատիպ հաղորդումների մասնակցել: «Ռուսական հեռուստաալիքներով հեռարձակվում են նմանատիպ հաղորդումներ: Դրանցից մեկի ժամանակ մինչ հաղորդավարուհին հեռուստադիտողներին հորդորել էր ավելի ու ավելի ակտիվ լինել` նշելով, թե 25 հազար ռուբլին իրենց է սպասում, ընկերներիցս մեկը զանգահարել էր էկրանին նշված հեռախոսահամարով եւ նշել, որ ինքը գիտի հնչեցված հարցի պատասխանը: Օպերատորը զգուշացրել էր, որ զանգն ընդունված է եւ հարկավոր է սպասել, մինչեւ հերթը հասնի ընկերոջս: Երբ որոշակի ժամանակ սպասելուց հետո վերջինիս համբերությունը սպառվել էր, նրան կրկին զգուշացրել էին, որ իր հերթը չի, եւ հարկավոր է սպասել: Դրանից հետո ընկերս զայրացած ցած էր դրել խոսափողը, իսկ որոշ ժամանակ անց պարզել, որ այդ ընթացքում իրենից գանձվել է 10 հազար դրամ: Հիմա վախենում եմ, որ հայկական հաղորդումների դեպքում եւս քաղաքացիները խաբվեն ճիշտ նույն կերպ, ինչպես իմ նշած դեպքում»,- մեզ հետ զրույցում պատմեց քաղաքացի Գուրգեն Դանիելյանը. «Հաղորդման անունը դիպուկ է, սակայն դեռ պարզ չէ` ում համար է օդից փող ընկնում` հեռուստաընկերությունների՞, թե՞ կապի օպերատորների համար»,-հավելեց նա:
«Ժողովուրդ»-ը զրուցեց հայկական «Օդից փող» հաղորդման ռեժիսոր Վարդան Հովնանյանի հետ, ով խոստովանեց, որ իրենց եւս պարբերաբար դիմում են մարդիկ, որոնք դժգոհում են, թե զանգահարում են էկրանին նշված համարով, սակայն չեն կարողանում միանալ: «Դրա խնդիրը միայն տեխնիկական է: Միաժամանակ զանգահարում են հազարավոր մարդիկ, սակայն նրանց փոքր մասն է կարողանում միանալ ինքնապատասխանիչին: Կապի օպերատորներն այժմ աշխատում են, եւ մենք էլ իրենց խնդրում ենք, որ զանգահարողներին ընձեռվի հաղորդմանը միանալու հնարավորություն»,-մեկնաբանեց նա:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ոմանք իրենց խաբված են զգում` հայտնաբերելով, որ խաղին չմասնակցելով եւ միայն ինքնապատասխանիչին միանալով՝ իրենցից գումարներ են գանձվել, Վ. Հովնանյանը պատասխանեց. «Դա վճարովի համար է, եւ այդ մասին զգուշացվում է այն պահին, երբ բաժանորդը միանում է ինքնապատասխանիչին, այդ մասին ասվում է հաղորդման ընթացքում` հաղորդավարի կողմից, գրվում է վազող տողով: Դա օրենքի կետ է, որին մենք հետեւում ենք: Իսկ, եթե, այնուամենայնիվ, խնդիրներ, անհասկանալի հարցեր են ծագում, կամ հավելյալ տեղեկություններ ստանալու կարիք կա, հեռուստադիտողների համար գործում է հատուկ հեռախոսահամար, նրանք կարող են զանգահարել, եւ օպերատորը կտա դրանց պատասխանները»:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
Բազմաթիվ հեռուստասերիալներից եւ ֆիլմերից հայտնի դերասան Սարգիս Հակոբյանը ավտովթարի է ենթարկվել եւ տեղափոխվել հիվանդանոց։ News.am style-ի հետ զրույցում նա հայտնել է, որ առողջական լուրջ խնդիրներ չունի։ «Ամեն ինչ կարգին է, միայն ոտքս էր թեթեւ վնասվել։ Հիվանդանոցում նկարեցին եւ ասացին, որ լուրջ բան չկա»,- ասել է Սարգիսը։
Նշենք, որ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ավտովթարը տեղի է ունեցել մարտի 17-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Դավիթաշեն 7-րդ եւ 3-րդ փողոցների խաչմերուկում։ Հակոբյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է հենց Սարգիսը, որը չի զիջել ճանապարհը։

 

 

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ
Հայաստանն այս տարի առաջին անգամ կներկայանա Իսպանիայում կայանալիք «Մոնսերատի ոսկե ձայներ» («GOLDEN VOICES OF MONTSERRAT») միջազգային մրցույթին: Մարտի 20¬24¬ը Լորետ Դե Մառ քաղաքում կայանալիք մրցույթում Հայաստանի դրոշի ներքո ելույթ կունենա գյումրեցի երգչուհի, լիրիկ սոպրանո Լեոնորան (Արեւիկ Գրիգորյան-Թանաշեան): Նա մրցույթին կներկայանա միանգամից երկու անվանակարգերում՝ դասական եւ հոգեւոր երգեցողություն: «Արմենպրես»¬ի հետ զրույցում Լեոնորայի ամուսինը՝ Վիգեն Թանաշեանը, ով նաեւ երգչուհու պրոդյուսերն է, նշել է, որ երգչուհին անակնկալ կատարումներով է հանդես գալու «Բավական դժվար ստեղծագործություններ են, եւ դա է պատճառը, որ ուզում ենք անակնկալ լինի: Խոստանում եմ` կատարումների մասին խոսել մրցույթից հետո, բայց խնդրել ենք, որ այդ կատարումներից բացի՝ երգչուհին ակապելա հնչեցնի կոմիտասյան «Կռունկ»¬ը»,¬ նշել է պրոդյուսերը:

 

 

ԿՈԿՈ ՇԱՆԵԼԸ` ԼՐՏԵ՞Ս
Ֆրանսիացի պատմաբանները ապացուցել են Կոկո Շանելի կապը նացիստական հետախուզության հետ: Business Insider-ի փոխանցմամբ` պատմաբանները Փարիզից արեւելք գտնվող Վենսեն ամրոցի արխիվներում գտել են փաստաթղթեր՝ նացիստների հետախուզության հազարավոր գործակալների անուններով, որոնք մինչ այժմ հայտնի չէին: Այդ փաստաթղթերից կարելի է տեղեկանալ, որ Կոկո Շանելը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին աշխատել է նացիստական հետախուզության համար: Կա կարծիք, որ թեեւ Շանելը համարվում էր գերմանական հետախուզության գործակալ, նա ինքը կարող էր եւ չիմանալ այդ մասին: Մեկ այլ վարկածով էլ լեգենդար այս կինը ավելի քան մեկ տասնյակ լրտեսական առաքելություններ պսակել է հաջողությամբ:




Լրահոս