ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԳԻՆԸ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԵՆ ՎԱՐՈՐԴՆԵՐԸ
Տրանսպորտի ուղեվարձի թանկացման հետ կապված՝ վերջին օրերին Երեւանում տեղի ունեցող բողոքի ակցիաները ստիպել են նախքան մարզային ուղեվարձերի թանկացումն արդեն նմանատիպ ակցիաներ կազմակերպել նաեւ մարզերում: Մի խումբ ակտիվիստներ երեկ հավաքվել էին մարզկենտրոն Վանաձորում, նրանք «Ոչ թանկացումներին, 150 դրամ չենք վճարելու» գրություններով պաստառներով ու կոչերով փողոցի անցորդներին առաջարկում էին միանալ իրենց: Քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպել էր նաեւ ստորագրահավաք: Նախաձեռնության անդամների խոսքով՝ ժողովուրդը սոցիալապես ծանր վիճակում է եւ այդ գումարը վճարել չի կարող: Ակցիայի մասնակիցները հասան քաղաքապետարան, հանձնեցին ստորագրահավաքի ցուցակն ու հանդիպեցին քաղաքապետ Սամվել Դարբինյանի հետ: Վերջինս փաստեց, որ թանկացումներ դեռ չկան, հետեւաբար եւ հանրային լսումների կարիք էլ չկա: Նախաձեռնության մասնակիցները նշեցին, որ կհետեւեն ընթացքին եւ հարկ եղած դեպքում նույն պահանջով նորից կհավաքվեն:
Մինչ Վանաձորում քաղաքացիները բողոքում են դեռ չթանկացած տրանսպորտի գնի դեմ, ստեփանավանցիներն ու հարակից գյուղի բնակիչներից շատերն արդեն վճարում են թանկացած գներով: Ստեփանավան-Ալավերդի եւ Ստեփանավան-Ագարակ երթուղիների վարորդներն իրենք իրենց համար սահմանել են կրկնակի գին: Սովորաբար, օրինակ, Ստեփանավանից Լոռու Բերդ համայնք հասնելու համար բնակիչները վճարում էին 50 դրամ, հիմա այդ գումարի փոխարեն վարորդները պահանջում են ոչ թե 50 տոկոս ավել գումար,  այլ 100 դրամ՝ այսինքն ուղեվարձը թանկացնում են միանգամից 100 տոկոսով: Ովքեր խուսափում են վարորդների հետ վեճի բռնվելուց, անխոս վճարում են պահանջվող գումարը, իսկ ավելի համարձակները, որոնք, տեղյակ լինելով, որ ոչ մի մարզային երթուղի հայտ չի ներկայացրել տրանսպորտի գինը բարձրացնելու համար, վճարում են նախկին գինն ու իջնում: Տնտեսական ճգնաժամի այս պայմաններում, հատկապես փոքր քաղաքներում ու գյուղական համայնքներում, որտեղ չկան կամ շատ քիչ են աշխատատեղերը, տրանսպորտի գնի բարձրացումն իսկական սոցիալական աղետ կդառնա:

ԱՐՄԻՆԵ ԲԱԼԱՅԱՆ
Լոռի

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ  
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը պաշտպանում է նոյեմբերի 29-ը որպես Հայաստանի երկրորդ հանրապետության հիմնադրման օր ճանաչելու առաջարկով ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի եւ տնտեսագետ-հրապարակախոս Սուրեն Սարգսյանի դիմումը` ուղղված Սերժ Սարգսյանին:

ԱԴՐԲԵՋԱՆԱ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ
Բրյուսելում գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարայի հետ: Ուկրաինայի ԱԳՆ հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են երկկողմանի համագործակցությանն առնչվող  հարցեր, ինչպես նաեւ միջազգային կառույցների շրջանակներում համատեղ աշխատանքներ իրականացնելու հարցը:




Լրահոս